Ինչու չարժե ոգեվորվել Ուկրաինայի հաջողություններով

Ինչու չարժե ոգեվորվել Ուկրաինայի հաջողություններով

Հայաստանում բոլորը համոզված են, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ռազմական գործողության, իսկ գուցե՝ պատերազմի: Հայաստանի պաշտպանության նախարարությունն օրը երկու անգամ հերքման տեքստեր է գրում. «Մենք չենք կրակել, Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում» բովանդակությամբ: «Ադրբեջանը նման ապատեղեկատվության տարածմամբ հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար»,- գրում են հայ վերլուծաբանները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հաստատում է այդ համոզմունքը՝ հրամայելով․ «Պատրաստ լինել՝ անհապաղ եւ վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք, որը կարող է առաջանալ ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»: Նշանակում է՝ հայկական կողմից իրականացվող գնդակոծության մասին կեղծ տեղեկատվությունն ընդամենը նպատակ ունի արդարացնելու ադրբեջանական բանակի ծրագրվող գործողությունները: 

Ադրբեջանը միշտ է նման ապատեղեկատվություն տարածել, բայց վերջին 10 օրերին պարբերականությունը մեծացել է: Պատճառն ուկրաինական ճակատում ռուսական բանակի անհաջողություններն են: Օգոստոսի վերջից հարավում` Խերսոնի ուղղությամբ, իսկ մեկ շաբաթ առաջ արդեն հյուսիսում՝ Խարկովի ուղղությամբ, ուկրաինական բանակն անցել է հակահարձակման եւ շոշափելի հաջողությունների հասել: Ռուսական բանակը, չնայած ուղարկվող ռեզերվներին, չի կարողանում կայունացնել ճակատը՝ կանգնեցնել ուկրաինական բանակի առաջխաղացումը: Ուկրաինացիներն ընդամենը մի քանի օրվա ընթացքում հետ վերցրին մի քանի քաղաքներ եւ տասնյակ գյուղեր, այդ թվում՝ Խարկովի մարզի բնակչությամբ երրորդ քաղաք համարվող Կուպյանսկը, Իզյումը եւ Բալակլեան՝ այս ուղղությամբ հասնելով Ռուսաստանի սահմանին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունների ու ռուսական բանակի անհաջողությունների միջեւ կապը հնարավոր չէ չտեսնել: Ադրբեջանցիները հասկանում են, որ եթե ռազմաճակատում ռուսական բանակի անհաջողությունները եւ նահանջը շարունակվեն, ապա Ռուսաստանը ո՛չ հնարավորություն, ո՛չ տրամադրություն կունենա մտածելու Արցախի կամ Սյունիքի անվտանգության մասին: Չի բացառվում անգամ, որ ինչ-որ պահի Ռուսաստանը ռազմաճակատ ուղարկի Արցախում եւ Հայաստանում տեղաբաշխված իր զինվորականներին եւ ռազմական տեխնիկան, ուկրաինական ճակատն ավելի կարեւոր է, քան հարավկովկասյանը: Իհարկե, այս պահին իրավիճակն այդքան ծայրահեղ ծանր չէ, եւ ռուսները հույս ունեն շատ կարճ ժամանակահատվածում կայունացնել իրավիճակը: Բայց Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր զարգացումներին եւ իր համար բարենպաստ իրավիճակն օգտագործելուն:

Հիմա նայենք, թե այդ նույն ժամանակ ինչ են անում Հայաստանը եւ հայ հասարակությունը, երբ Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին: Հայաստանի իշխանության մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, քանի որ պատերազմից ու պարտությունից երկու տարի անց այն զբաղված է ինքնարդարացմամբ` պատերազմի պարտության պատասխանատվությունը հայ զինվորականների վրա բարդելով, իր հերոսական կենսագրությամբ եւ անբասիր վարքով հայտնի գեներալի կալանավորելով, մյուս գեներալների եւ զինվորականների նկատմամբ քրեական գործեր կարելով: Իշխանության ներկայացուցիչների միակ մտահոգությունն իշխանությունը պահելն է:
Հայ հասարակությունն ավելի տարօրինակ վարքագիծ է դրսեւորում. Հայաստանի որոշ շրջանակներ էյֆորիայի մեջ են ռուսական բանակի անհաջողություններից: Ուկրաինան մեզ բարեկամ պետություն է, իսկ ուկրաինացի ժողովրդի հետ մենք կապված ենք անցյալի ու ներկայի բազմաթիվ թելերով: Գուցե կարելի էր ուրախանալ Ուկրաինայի հաջողություններով, սակայն յուրաքանչյուր ժողովուրդ նախ պետք է մտածի իր շահերի մասին:

Անհասկանալի տրամաբանությամբ, Հայաստանում շատերը կարծում են, որ Ռուսաստանի պարտությունը ոչ միայն Արեւմուտքի եւ Ուկրաինայի, այլեւ Հայաստանի հաղթանակն է, քանի որ այդ դեպքում ռուսական զորքը վերջապես դուրս կգա Հայաստանից, եւ վերջ կտրվի Հայաստանի 200-ամյա ռուսական օկուպացիային: 

Իսկ ո՞վ պետք է կանգնի թուրք-ադրբեջանական բանակի դիմաց, երբ ռուսական զորքը հեռանա Հայաստանից: ԱԺԲ անդամ Արա Պապյան ասում է, որ մեզ համար վատ չլինելու համար պետք է հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից եւ կողմնորոշվել դեպի ԱՄՆ-ն, որն անհամեմատ ավելի ուժեղ է Ռուսաստանից: Բայց ի՞նչ պետք է անի ԱՄՆ-ն Հայաստանի թուրք-ադրբեջանական կլանումը կանխելու համար: ԱԺԲ ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը մեկ տարի առաջ 3-րդ ալիքին տված հարցազրույցում ասում էր, որ դա հնարավոր է անել մեկ զանգով, Ամերիկայից կզանգեն, եւ թուրքական զորքերի ոչ մի տեղաշարժ չի լինի, Ամերիկան կապահովի Հայաստանի անվտանգությունը: Վատ չէր լինի, եթե իսկապես մեկ զանգով հնարավոր լիներ կանգնեցնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ծրագրվող նոր պատերազմը: Միայն թե պարզ չէ, թե որն է ԱՄՆ-ի շահը, որ խոչընդոտի իր երկու ռազմավարական դաշնակիցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ ընդհանուր սահման ունենալու հնարավորությունը: Ինչո՞ւ պետք է Ամերիկան խոչընդոտի, որ ՆԱՏՕ-ի անդամ եւ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական կարեւորագույն դաշնակից Թուրքիան հնարավորություն ունենա հասնել Միջին Ասիա, մխրճվել Չինաստանի ու Ռուսաստանի միջեւ, թուրքական աշխարհին մաս դառնալու հեռանկարով` գրավելով Չինաստանի թուրքալեզու քաղաքացի ույղուրներին ու Ռուսաստանի արեւելքում ապրող թուրքալեզու ժողովուրդներին:
 ԱՄՆ-ն հայերին ու Հայաստանին թշնամի չէ, ուղղակի ամերիկացիները մեզ խոսքով ու գործով կբացատրեն, որ իրենց աշխարհաքաղաքական շահերն ավելի կարեւոր են, քան Արցախի կամ Սյունիքի պատկանելության հարցը, որ իրենք մեզ կապահովեն հայրենիքով եւ այդ հայրենիքի անվտանգությամբ, միայն թե իրենց պատկերացրած տարածքում: Կասեն` ի՞նչ եք ուզում` հայրենի՞ք` հազարամյա Երեւանով ու Սուրբ Էջմիածնով, ահա` ստացեք: Միեւնույն է` հայերին շատ բան պետք չէ. Լոս Անջելեսում ու Մոսկվայում ապրեն, տարին մի անգամ գան Հայաստան՝ կնունք, ծնունդ, հարսանիք անելու, Հայաստանում մնացած մասն էլ կասի, որ շումերները, աքադները, ասորիները եւ այլ ազգեր կորցրին իրենց պետականությունը, բայց մենք դեռ կանք ու պիտի լինենք: Ամերիկացիները 19-րդ դարի երկրորդ կեսին կիսեցին հարեւան Մեքսիկան, ընդ որում՝ կիսեցին շատ արդարաբար. իրենց վերցրին Մեքսիկայի տարածքի 55 տոկոսը: Հիմա շատ հաշտ ապրում եւ հարեւանություն են անում մեքսիկների հետ, նրանք էլ ամերիկացիների նկատմամբ ոչ մի թշնամություն չունեն, ընդհակառակը՝ ամեն ինչ անում են, որ հայտնվեն իրենց պատմական հայրենիքի տարածքում:

Այնպես որ, պետք չէ շատ ոգեւորվել Ռուսաստանի պարտության եւ մասնատման հեռանկարով: Դրա արդյունքում, հաստատ, Կրասնոդարի կամ Ռոստովի մարզերը Հայաստանին չեն միանա, ու Հայաստանն էլ դեպի ծով ելք չի ստանա: Մանավանդ որ Ռուսաստանի ռազմական անհաջողությունները եւ, ընդհանրապես՝ ռուս-ուկրաինական պատերազմն իրենով այնքան տարօրինակ ու անբացատրելի տարրեր ունի, որ միշտ չէ, որ կարելի է դրանց տրամաբանական բացատրություն գտնել, իսկ եղած բացատրություններն էլ դուրս են այդ երկու երկրների հակամարտության տիրույթից: Բայց դրա մասին՝ հաջորդիվ:

Ավետիս Բաբաջանյան