Ոչ, չի լինելու էդ կոմպրոմիսը

Ոչ, չի լինելու էդ կոմպրոմիսը
Դավիթ Անանյան

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը երեկ էլ են քննարկել, հունվարի սկզբին էլ են քննարկելու, որ շատ արագ կարողանան տանել Ազգային ժողով, որպեսզի գոնե հուլիսի 1-ից մտնի ուժի մեջ։ Այս մասին երեկ մեզ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Հարկային օրենսգրքից, հիշեցնենք, դժգոհությունները շատ էին, դրա համար էլ կառավարությունը որոշեց փոփոխություններ մտցնել օրենսգրքում։ Բայց այնպես չէ, թե այս փոփոխությունները, որոնց մասին արդեն բավականին բան հայտնի է, գոհացնում են տնտեսվարողներին։

«Հիմնական փոփոխությունները նրանք են, որոնք քննարկել ենք բազմաթիվ անգամ։ Այսինքն՝ եկամտային հարկի 23 տոկոս, շահութահարկի 18 տոկոս դրույքաչափի սահմանումը, եւ ընդհանրապես՝ էն մեթոդաբանությունը, ինչ մենք ասել ենք։ Այսինքն՝ այլընտրանքային համակարգերի կրճատումը, ուղղակի հարկերի բեռի նվազեցման եւ անուղղակի հարկերի բեռի բարձրացման այդ տրանսֆորմացիան»,- թվարկեց Դավիթ Անանյանը։

- Դրանց մի մասի վերաբերյալ քննադատություններ էին հնչում, այդ թվում՝ եկամտային հարկի 23 տոկոսի հետ կապված։ Այս քննադատություններին որեւէ ձեւով ականջալուր եղե՞լ եք, հաշվի առե՞լ եք։

- Իհարկե, եթե քննադատություններ են հնչում առանց առաջարկությունների, էդ քննադատությունները մենք չենք նայում, որովհետեւ մենք կառուցողական քննադատություններն ենք աշխատում քննարկել։ Այսինքն, եթե կա 23 տոկոսի վերաբերյալ որեւէ մտահոգություն, բայց չկա առաջարկ, թե ինչ են առաջարկում, դա ուղղակի մենք գնահատում ենք, որ այս պահին քննարկման առարկա չի կարող հանդիսանալ։

- Ռեստորանատերերի հետ կապված խնդիրը լուծվե՞ց, քանզի դեռ ահազանգերը կան, որ մինչեւ 2020 թվականն իրենց հարկային բեռը մինչեւ 10 տոկոսի է հասնելու, ինչը մեծ թիվ է իրենց համար։

- Ի սկզբանե պետք է էդքան լիներ, իրենց պետք է հիշեցնենք, որ  2018 թվականի հուլիսի 1-ից համակարգը միանգամից պետք է բարձր տոկոսադրույքներով մտներ։ Ուղղակի էն ժամանակ քաղաքական այդպիսի քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ աստիճանաբար հասնենք 2020 թվականի հունվարի 1-ին, այն, ինչ նախատեսվում էր 2018-ի հուլիսի 1-ին, որպեսզի լինի ավելի սահուն անցում։

- Բայց այդ ամենը, ասում են, ռիսկեր է պարունակում, որ դրա արդյունքում կարող են գները բարձրանալ, շուկան, որն ամենազարգացածներից մեկն է մեր երկրում բիզնես միջավայրերի մեջ, կարող է խնդիրների առաջ կանգնել։

- Ես չեմ կիսում։ Այո, գիտե՞ք ինչի է զարգացել, ցանկացած ոլորտ վերցրեք եւ ասեք՝ ինքն ընդհանրապես հարկ չի վճարում, կզարգանա։ Ասե՞մ ինչքան են իրենք հարկ վճարել։ Շուրջ 2 հազար 800 սուբյեկտ, որոնք ունեցել են 3 հազար 500-ից ավելի սպասարկման սրահներ, այդ բոլորով միասին՝ տարեկան միջին հարկը կազմել է ընդամենը 3 միլիարդ դրամ։

- Կարո՞ղ է հիմա ուզում եք այդ չվճարածի տեղը հանել՝ բարձր տոկոսներ սահմանելով։

- Չէ, բացարձակ։ Իմ ասածն այն է, որ ոլորտն ընդհանրապես հանրային ֆինանսների ձեւավորման որեւէ գործառույթի չի մասնակցել պատշաճ։ Հիմա մենք ուզում ենք, որ լինի արդար հարկման համակարգ։

- Այսինքն՝ որեւէ կոմպրոմիս չի՞ լինելու ռեստորանատերերի հետ։

- Ոչ, չի լինելու էդ կոմպրոմիսը, իմ կարծիքով։

- Այնպիսի տպավորություն է, որ քաղաքական որոշում կա՝ բոլոր ոլորտները հարկել հնարավորինս բարձր տոկոսներով, որպեսզի բյուջեի մուտքերն ավելանան, քանզի այլ ճանապարհով չի ստացվում։

- Ոչ, էդպիսի բան չկա։ Ես Ձեզ մի գաղտնիք ասեմ, որ ՊԵԿ-ն ինքն է առաջարկել, որ եկամտային հարկի տոկոսադրույքը պետք է իջեցնել, որովհետեւ մենք տեսել ենք, որ դրա արդյունքում ստվերից բավականին շատ աշխատողներ կարող ենք բերել։

- Ամեն դեպքում, վերջին 6-7 ամիսների ընթացքում ակցիաները, ցույցերը ՊԵԿ-ի դեմ, դժգոհությունները Ձեր վարած քաղաքականությունից կարծես շատացել են։

- Մարդկանց իրավունքն է՝ ինչ ուզում են, թող անեն։ Բայց էդպիսի նպատակադրում կամ էդպիսի հստակ որդեգրած քաղաքականություն ՊԵԿ-ը չունի։