«Հրապարակ». Իրեն Աստծո հետ նույնացնելը, նվազագույնը՝ կոռեկտ չէ

«Հրապարակ». Իրեն Աստծո հետ նույնացնելը, նվազագույնը՝ կոռեկտ չէ

Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ եկեղեցու ու իշխանությունների միջև տարաձայնություններին՝  հիշելով նաեւ Պողոս առաքյալին: «Անընդհատ փորձ են անում ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, խնդիրներ կան այդ հարաբերություններում։ Տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա՝ համաձայն քրիստոնեական տեսության։ Ապացուցելու համար, մեջբերեմ Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից․ չկա իշխանություն, որ աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, աստծո հրամանին է հակառակում»,-ասել էր Փաշինյանը։ 

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն ասում է, որ վարչապետի ոչ կոռեկտ հայտարարությունը խոսում է նաեւ նրա մակերեսային գիտելիքների մասին` Աստծո խոսքի նկատմամբ: «Մինչեւ 2018թ. իշխանափոխությունը նույնպես իշխանություններ կային, որոնց դեմ ինքը պայքարում էր եւ ամեն գնով զավթեց իշխանությունը։ Այսինքն` այն ժամանակ իշխանությունը, կառավարությունը Աստծո՞ւց էր, եթե այն ժամանակ Աստծուց էր, ուրեմն ինքն իշխանություն չէ, այլ՝ իշխանազավթ։ Ի վերջո, եկեղեցու հարաբերությունները միշտ չէ, որ պետք է լավ լինեն այն իշխանավորների հետ, որոնք անօրեն գործունեություն են կատարում։ Օրինակ, Հերովդեսին Հովհաննես Մկրտիչը քննադատում է եղբոր կենդանության օրոք եղբոր կնոջ հետ ապօրինի ապրելու, անբարո կյանքի մեջ։ Դուրս է գալիս, Հովհաննես Մկրտչի հարաբերությունները լա՞վ չէին Աստծո հետ, իհարկե լավ էին, ճիշտ հակառակը՝ Հերովդեսի հարաբերություններն էին վատ Աստծո հետ, որովհետեւ ինքը եղբոր կենդանության օրոք եղբոր կնոջը կնության էր առել եւ անբարո կյանքով էր ապրում։ Նման մոտեցումները եւ առավել եւս իրեն Աստծո հետ նույնացնելը, նվազագույնը՝ կոռեկտ չեն։ Ավելին՝ եկեղեցու նկատմամբ իրենց վերաբերմունքն է ոչ կոռեկտ, նույն՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի օրինակը կամ բարձրաստիճան եկեղեցականների անձերը թիրախավորելու պարագան, եկեղեցական տոներին իրենց բացակայությունը, երբ հասարակությունը տեսնում է, որ իրենք եկեղեցական տոներին չեն մասնակցում։ Էլ չասեմ, որ ժամանակ առ ժամանակ վարչապետը սաղմոսներ է կարդում եւ ոչ կոռեկտ սաղմոսներ։ Օրինակ, կան այնպիսի սաղմոսներ՝ զղջումի, ապաշխարության, որոնք ինքը կարող է կարդալ, զգալով, որ ինքը չի կարողանում ազգի անվտանգությունը, պետության սահմանների անառիկությունն ապահովել, բայց ինքը կարդում է այնպիսի սաղմոսներ, որոնք վերաբերում են մեսիային, այսինքն` Հիսուսին վերաբերող սաղմոսները վերագրում է իրեն, ինքն անմեղ է ու խեղճ, մնացածն էլ իր դեմ ոտնձգություն են կատարում, բայց իրականում այդպես չէ, իր կարդացած սաղմոսներն իր հետ որեւէ կապ չունեն»,- ասում է Տեր հայրը։ 

Գուցե վարչապետի նման հայտարարության պատճառն այն էր, որ կաթողիկոսը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ «վարչապետին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի»:

«Վարչապետի հրաժարականի հորդորը ոչ թե ուղղված է իր անձի կամ իրենց իշխանության դեմ, այլ ուղղված է մեր ազգի անվտանգության ապահովմանը, եւ դրա առաջին շահառուն կարող էր վարչապետը լինել՝ ժամանակին հրաժարական տալով, բայց ինքն օր-օրի ավելի խորացնում է ազգի խնդիրները, ամեն կերպ մնալով կառչած աթոռից ու նաեւ լինելով անկարող` ապահովել ազգի անվտանգությունը, որ հիմնականում պետության գործառույթն է։ Տեսեք` այսօր պաշտպանության նախարարը զինվորական չէ, այսինքն` նշանակել է մեկին, որ ժամկետային եղած ժամանակ դանակահարել է իր սպային, այսպիսի մարդը բանակում պետք է նույնիսկ ժամկետային զինվոր չլինի, էլ ուր մնաց` պաշտպանության նախարար։ Առողջապահության նախարարը, որ բժիշկ չէ․․․ կամ ԱԺ նախագահը, որը թքում է քաղաքացու վրա։ Հիմա, այդ մարդը, երբ ԱԺ նախագահ չլինի, անվտանգության աշխատակիցներ էլ չունենա, վաղը դուրս գա փողոց, բոլորը սկսեն իր հետ նույնկե՞րպ վարվել։ Գուցե այդ երեւույթն ինքը տանն է սովորել, կամ երեխա ժամանակ իր վրա են թքել, բայց սա արդեն այլ խնդիր է։ Իրենք վատ օրինակ են մեր քաղաքացիների համար, եւ այս մթնոլորտի վերացման համար պետք է հրաժարական տան, որովհետեւ չեն կարողանում կառավարել, ցավալիորեն չեն կարողանում, ես դրանից ուրախ չեմ»,- ասում է Տեր Վրթանեսն ու ընդգծում իր ցանկությունը՝ բոլոր ոլորտներում ունենալ պրոֆեսիոնալ մասնագետներ, իսկ վարչապետի աթոռին՝ քաղաքական բարձր գիտակցություն ունեցող, բարեպաշտ, հայրենասեր եւ կառավարելու ձիրք ունեցող անձնավորություն։ 

«Ես շատ կուզեի, որ ինքը հաջողեր, որովհետեւ դա մեր ազգի, ժողովրդի շահերից կբխեր, բայց, ցավոք սրտի, ներկա վարչապետն անկարող է երկիրը ղեկավարել, եւ այդ հրաժարականի կոչն ուղղված էր հենց իր անձի փրկությանը, որովհետեւ վերջում երկիրը տանելու է փակուղու, հետո երկրագնդի վրա ինքը տեղ չի ունենալու բաց ճակատով ապրելու։ Իրեն մաղթում ենք առողջություն, երկար կյանք, բայց վարչապետի աթոռն իր համար չէ»։