Ամեն նոր Լիպարիտյան լավ մոռացված հինն է

Ամեն նոր Լիպարիտյան լավ մոռացված հինն է

Բարև Ձեզ պարոն Լիպարիտյան, լա՞վ եք… Ասենք՝ ինչո՞ւ պետք է լավ լինեք:

Երկրորդ անգամ Հայաստանում եկաք իշխանության և երկրորդ անգամ մենք ունենք այն, ինչ ունենք՝ քայքայված երկիր, պառակտված հասարակություն, պետական թալան, իշխանությունների հրաժարականի պահանջ: Հիմա-հիմա մութն ու ցուրտն էլ վրա կտան: Մի բան էլ կա: Դուք էն ժամանակ այսքան չէիք խառնվում պատերազմական գործերին ու մենք հաղթեցինք: Այս անգամ որոշեցիք «հաղթել» ու այսպես եղավ:

Մանրամասն չպատմեմ, գիտեք երևի՝ գեներալներին չեզոքացնել, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին «բռնել», զորահրամանատարներին պայթացնել, զինվորին առանց հրամանի ու հրամանատարի թողնել… Ու ոչ մարտի 1 բացահայտեցիք, ոչ հոկտեմբերի 27: Ձեր աճեցրած սանի պարտությունը չէր սա, առաջին հերթին, պարոն Լիպարիտյան, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա առաջին ու գլխավոր խորհրդականի պարտությունն էր:

Կարող եք սա համարել իմ անձնական կարծիքը, եթե այդպես ավելի հարմար է Ձեզ: Բայց թույլ տվեք այդ դեպքում էլ Ձեր կարծիքը ես համարեմ խիստ ներանձնական, որովհետև այն, ինչ գրել եք «Վազգենի և նրա 17 դաշնակիցների» մասին, այլ խոսքով, քան ժամավաճառություն և ճղճիմ հերյուրանք, չեմ կարող բնութագրել:

Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, Ձեր ձևակերպմանը՝ «Վազգեն Մանուկյանն ու իր 17 դաշնակիցները»: Իսկ ո՞ւր կորավ այն ժողովուրդը, որ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում ձեր իշխանության հրաժարականն է պահանջում:

Միայն թե չասեք, որ սա ձեր իշխանությունը չէ: Մինչև երեկ դուք դեռ վարչապետի խոսնակ էիք, մինչ օրս էլ դուք Սահմանադրական դատարանի դատավոր եք, ԱԺ մոտ 10-15 պատգամավոր, անհաշիվ մանր ու միջին պաշտոնյաներ կառավարությունում:

Չեք հերքում, չէ՞, ամենուր դուք եք, ձեր շունչը, ձեր գաղափարներն ու գաղափարախոսությունը: Բայց նաև ուզում եմ գովել ձեզ՝ դուք կարողանում եք մի բան լավ անել՝ մոռացվել: Առանց ձեր արարքների համար պատասխան տալու թռնում եք ու մոռացվում: Դա ձեզ մոտ լավ է ստացվում: Հիմա էլ նույն վիճակում եք՝ թռիչքի պատրաստ: Ահավասիկ՝ Տեր-Պետրոսյանն ասում է՝ «էդ խրտվիլակի» հետ ես կապ չունեմ: Չեմ հավատում, լավ էլ կապ ունի, բայց չի ցանկանում պատասխանատվություն կրել Նիկոլի գործած ավերների համար: 

Պարոն Լիպարիտյան, բարի եղեք մեկնաբանել Ձեր նախկին շեֆի այդ հայտարարությունը, որպեսզի հասկանալի լինի, որ նա՝ «այդ խրտվիլակը», այլևս ի զորու չէ երկիր ղեկավարել և պետք է հեռանա առանց այլևայլության: Թե չէ դրել եք ու մի հանգի խոսում եք այն մասին, որ Վազգեն Մանուկյանը «վայթե» չկարողանա անել:

Պարոն Լիպարիտյան, ես նաև հիասթափված եմ պատմաբանիդ մակերեսային մտածողությունից: Ամբողջ աշխարհն է տեղյակ Ձեր նախկին ղեկավարի լեզվական ճարպկությանը՝ սիլլոգիզմներով է խոսում և այլն, հիմա Դուք եկել, Վազգեն Մանուկյանի «լեզվական ճարպկությունի՞ց» եք բողոքում: Ի՞նչ հակասություն եք տեսնում Վազգենի հետևյալ հայտարարությունների մեջ. «Մենք չենք հաշտվի այդ հայտարարության հետ» և «Մենք չենք կարող հրաժարվել դրանից» (խոսքը նոյեմբերի 9-ի, լույս 10-ի եռակողմ փաստաթղթի մասին է): Դժվա՞ր է, արդյոք, դրանք համադրելը: Ես կօգնեմ՝ կա կատարված փաստ, բայց մենք դրա հետ չենք հաշտվի: Իսկ ի՞նչ եք առաջարկում Դուք: Հաշտվե՞լ:      

Հարցնում եք՝ արդյոք նրանք լուծո՞ւմ են զոհված ու վիրավոր զինվորների հետ կապված հարցերն ու նրանց ընտանիքների ծանր խնդիրները և ինքներդ էլ պատասխանում. «Ոչ մի փաստ չկա, որ նրանք մտահոգ են այդ հարցերով, որ նրանք տարբեր մոտեցում են ունենալու, քան որևէ մեկը, որն իշխանության մեջ է։ Նրանք օգտագործում են այդ ընտանիքների և ընդհանրապես մեր ժողովրդի անասելի ծանր վիշտն ու բարկությունը, ինչպես նաև ժողովրդի մի մասի հուսախաբությունը ժողովրդավարությունից՝ հասնելու համար իշխանության: Հասնել նրան, ինչին ժողովրդի քվեով չկարողացան հասնել։ Դա է եղել պատմության մեջ իշխանության հասնելու «հիտլերների ճանապարհը»:

Ցավում եմ, բայց այս դեպքում էլ առանձնապես ունիկալ չեք, պարոն Լիպարիտյան: Ես այդպիսի խորհրդականի մի ժամ էլ չէի պահի: Նախ՝ խոսքը միայն զոհվածների ընտանիքների, վիրավոր ու հաշմանդամ դարձած զինվորների մասին չէ: Մի մոռացեք նաև անհետ կորածների ու գերիների մասին: Այդ խնդիրներով Վազգեն Մանուկյանի գլխավորած ճգնաժամային կառավարությունը հաստատ կարող է ավելի լավ զբաղվել, քան մեկը, որին ծաղրում են աշխարհով մեկ: Եվ ապա՝ ո՞ր հիտլերներին նկատի ունեք, երբ խոսում եք իշխանության հասնելու մասին: 1996 թվի Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն, որ ընտրություններում կրած պարտությունից հետո չէր ցանկանում հեռանալ իշխանությունից, 2008 թվի Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն, որ 30 տոկոս քվե չհավաքած՝ քաղաքացիական պատերազմ հրահրեց օտար դեսպանատների քթի տակ, թե՞ 2018 թվի Նիկոլ Փաշինյանին, որ հայտարարեց, թե Հայաստանը վարչապետ չի ունենա, եթե ինքը չդառնա վարչապետ:

Չանդրադառնալով Ձեր հարցազրույցի մյուս երկարաբանություններին՝ կցանկանայի կանգ առնել ևս մի կետի վրա, որ վերջինն է Ձեր «վերլուծության» մեջ: Այն այսպես է հնչում. «8. Արդյոք պետականության ուժեղացման խնդի՞րն են լուծում (Վազգեն Մանուկյանն ու նրա 17 դաշնակիցները, Էդ.Ա.): Ի՞նչ ճանապարհով են ուզում այդ «ուժեղացումը» իրագործել, երբ առաջարկում են անտեսել Սահմանադրությունը, Ազգային ժողովը և մենատիրություն հաստատել»։ Սրանով, ախր, Դուք ծիծաղ եք շարժում, պարոն Լիպարիտյան: Խոստովանեմ՝ եթե ներքևում Ձեր բարձրադղորդ ստորագրությունը չկարդայի, երբեք չէի մտածի, որ այս ցինիզմի կրողը Դուք եք: Բայց, երբ դա այլևս փաստ է, ստիպված եմ հիշեցնել, որ սահմանադրական կարգի տապալման մեջ վերջին 2,5 տարում բանավոր կարգով մեղադրվել է ընդամենը մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Եվ գիտե՞ք ում աջակցությամբ է դա արել: Ասե՞մ, թե հասկանալի է: 

Գնանք առաջ: Իսկ ո՞վ անտեսեց Ազգային ժողովն ու ստորագրեց կապիտուլյացիան, պարոն Լիպարիտյան: Դե իսկ մենատիրության մասին հեքիաթն էլ բարի եղեք պատմել Ձեր նախկին շեֆին և, իհարկե, «խրտվիլակին»: Այլապես մահացու մեղք է 17 կուսակցություններին, Վազգեն Մանուկյանն էլ քեզ նվեր, էս գլխից մեղադրել մենատիրության ձգտելու մեջ: Էն ո՞նց էր ասում՝ բա 20-30 մարդով, հնձվորով, տավարածով, բանով գողություն կլինի՞, որ դուք մեզ գող եք անվանում…

Հ.Գ. Եվ մի խորհուրդ, պարոն Լիպարիտյան՝ աշխատեք շատ շուռումուռ չգալ, մանավանդ երբ քնած եք անօրինակ դավաճանությունից ու աննախադեպ հայրենադավությունից վրդովված ժողովրդի գրկում: