Քաղաքացին պնդում է, որ իրեն փորձել են փակել հոգեբուժարանում

Քաղաքացին պնդում է, որ իրեն փորձել են փակել հոգեբուժարանում

Hraparak.am կայքի խմբագրություն այցելած Էրեբունու բնակիչ Արտաշես Ալեքսանյանը ոստիկանության (պահեստազորի) փոխգնդապետ է, պարգևատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով՝ 88 -ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ մարդկանց փրկելու համար։ 2014 թվականից առ այսօր նա վեճի մեջ է իր հարևան Վահագն Միքայելյանի հետ, մայիսից սկսել են միմյանց չբարևել. «2014-ից մինչև 2015-ը տարբեր սադրանքների էր դիմում՝ մալուխի լարերն էր կտրում հեռախոսի, հետագայում սկսեց երեխայիս մասին բաներ գրել, թե բանակում չի ծառայել, հայրն է գումար տվել և կաշառքով ազատել բանակից»,-պատմեց Արտաշեսը։ Նրա խոսքով՝ Էրեբունու ոստիկանապետը սրան արձագանքել է՝ ասելով՝ դե որ ըտենց է, կտեսնես։ Դեպքերը տեղի են ունեցել 2018-ի հունիս ամսին։

Արտաշեսն ասում է, որ 4-րդ կայազորային քննչական վարչությունում այս ընթացքում նյութեր են նախապատրաստվել և ինքն էլ պահանջել է որդուն ուղարկել փորձաքնության՝ ապացուցելու համար, որ Նարեկ Ալեքսանյանի լեղապարկում կա մեծ քար, դրա համար է ազատվել բանակից։ Նաև հայտարարություն է տվել ընդդեմ  հարևանի, ասելով, որ եթե ճիշտ չէ, թող իր հանդեպ քրեական գործ հարուցեն՝ զրպարտության հանցակազմով։ Բժիշկների հետազոտությունից պարզվել է, որ Նարեկ Ալեքսանյանի լեղապարկում կա 3 սանտիմետրանոց քար։
Սակայն քննիչ Սերգեյ Վորոնցովյանը որոշել էր Արտաշես Ալեքսանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նշվել էր, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կողմերը Քր․դատ օրենսգրքի համապատասխան հիմքով կարող են բողոքարկել՝ ստանալու պահից 7-օրյա ժամկետում՝ վերադաս դատախազին։

Արտաշեսն ասում է, որ սրանից հետո ոստիկանության Էրեբունու բաժնի պետ  Վարդան Վարդանյանը կանչել է իրեն, ասել՝ «մեր գործակալն է, ես կասեմ՝ էլ ձեր հետ գործ չի ունենա, խնդրում եմ՝ բողոքդ հետ վերցնես»։

Արտաշեսն ասում է, որ մերժել է՝ ասելով՝ «Դո՞ւ ք պետք է ասե՞ք, որ իմ հետ գործ չունենա», ինչից հետո ոստիկանը սպառնացել է՝ թե դու կտեսնես։

Որոշ ժամանակ անց, երբ նախկին զինվորականը պառկած է եղել« Էրեբունի հիվանդանոցում, ժամանել է շտապօգնության հոգեբուժական բրիգադ, որ իրեն տանեն հոգեբուժարան։ «Բրիգադը, բժշկի հետ կանչել էին Վորոնցովյանը, որպեսզի ես չբողոքեմ, հետագա ընթացք չտամ, ինձ ուղարկեն հոգեբուժական դիսպանսեր։ Բայց իրենք եկան, ասացին՝ առողջ մարդ է, ինչի՞ մասին է խոսք, մենք իրեն չենք կարող տանել»,-պատմեց Արտաշեսը։ Նա սա որակում է որպես հանցագործությունների պարտակում՝ «Փաշինյանի Հայաստանում՝ հին մեթոդներով»։

Նախկին ոստիկանը համարում է, որ 3 անձ իր նկատմամբ կատարել են հանցագործություն. Վահագն Միքայելյանը, Էրեբունու բաժնի պետ Վարդան Վարդանյանը և 4-րդ կայազորային քննչական վարչության քննիչ Վորոնցովյանը։ Արտաշես Ալեքսնյանը դիմել է Երևան քաղաքի քննչական վարչություն, այստեղից նյութերն, ըստ նախկին ոստիկանի, ուղարկվել են ՀՔԾ։

Զրուցեցինք նաև Սերգեյ Վորոնցովյանի հետ, որն իր մասով՝ համարյա թե երդվեց՝ ասելով. «Ես 3 հատ տղա ունեմ, եթե իր ասածները կապ ունեն իրականության հետ, ապա վերևն Աստած կա, թող տուն չհասնեմ»։