Բոլորը դեմ են քվեարկել ինձ, այդ թվում` Միքայել Մելքումյանը

Բոլորը դեմ են քվեարկել ինձ, այդ թվում` Միքայել Մելքումյանը

Ուրբաթ օրը տեղեկացանք, որ «Անկախություն» շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը, ով դասախոսում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետում, ազատվել է աշխատանքից, իր խոսքով` քաղաքական գործունեության պատճառով: Ռեկտոր Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Ղազարյանին որևէ մեկն աշխատանքից չի հեռացրել, նրա պայմանագրի ժամկետն է լրացել եւ ինքը չի դիմել երկարացնելու համար: Սակայն Ղազարյանը պնդում է, որ ավելի քան մեկ տարի բուհում ամեն հնարավոր և անհնարին քայլին գնացել են` իրենից ազատվելու համար: Էդգար Ղազարյանը մի գրառում էր կատարել` նշելով, որ պատրաստ է անվճար դասախոսություններ կարդալ ցանկացողների համար եւ գրել էր, որ սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը խնդրել է ընդունել ՀՊՏՀ-ից աշխատավարձի երկու տարվա գումարի փոխհատուցումը` ինքը մերժել է: Զրուցել ենք Էդգար Ղազարյանի հետ:

- Դուք նշել էիք, որ Ձեզ աշխատանքից ազատել են քաղաքական գործունեության պատճառով, սակայն բուհի ռեկտոր Դիանա Գալոյանը մեզ ասել էր, որ Ձեզ աշխատանքից չեն ազատել, աշխատանքային պայմանագրի ժամկետն է լրացել, որը Դուք կնքել էիք նախորդ ամռանը:

- Ես ստացել եմ ծանուցում, որ լրացել է պայմանագրի ժամկետը, դա ամեն տարի էլ արվում է: 2021 թվականի հունիսին հայտարարված էր հիմնական դասախոսի մրցույթ, ես դիմել էի: Ֆակուլտետի խորհուրդը կազմված է 15 հոգուց, նրանց շարքերում էին ռեկտորը, դեկանը, ամբիոնի վարիչներն ու այդ թվում ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրանք անխտիր, մեկ մարդու նման իմ թեկնածությանը դեմ էին քվեարկել: Ստացել եմ 0 կողմ, 15 դեմ քվեարկության պատկերը: Նրանք ինձ թույլ չեն տվել, որ դառնամ բուհի հիմնական դասախոս: Դեռ մեկ տարի առաջ մտածել են, թե ինչպես պետք է ազատվեն ինձանից: Այն ժամանակ էլ ես ակտիվ հասարակական գործունեությամբ էի զբաղվում, դա որոշներին մտահոգել էր: Ի դեպ հավելեմ, որ ռեկտոր Դիանա Գալոյանը եղել է նույն խորհրդի անդամ, սա չլսված մի բան է: Սովորաբար ռեկտորները նման խորհուրդներում ունենում են ներկայացուցիչ: Դիանա Գալոյանի ներկայացուցիչը բուհի Կառավարման ֆակուլտետում եղել է հենց ինքը: Ես ստիպված կնքել եմ պայմանագիր, որպեսզի աշխատեմ բուհում: Պայմանագրի ժամկետը մեկ տարով է: ՀՊՏՀ-ի ավանդույթներից է` նախապես դասախոսին կանչել և առաջարկել նախորդ տարվա ծանրաբեռնվածությունը, սակայն այս տարի ամեն ինչ այլ է: Օգոստոսի 25-ից դասացուցակ են ներկայացրել: Տպավորություն է, որ ամեն ինչ արել են ինձ դուրս թողնելու համար: Անկեղծ ասած` այս ամենն ինձ համար անակնկալ է: Ինձ ոչ ոք չի առաջարկել երկարացնել պայմանագիրը: Ինձանից ազատվելու ֆորման հետևյալն է` նախ ինձանից որպես հիմնական աշխատող են ազատվել, ապա արդեն որպես պայմանագրային դասախոս:

- Գրառում էիք կատարել, նշելով, որ պատրաստ եք անվճար դասախոսություններ կարդալ: Կա՞ նման հարթակ: Կարո՞ղ եք այլ պետական բուհում թեկուզ անվճար աշխատել:

- Պարտադիր չէ բուհ: Կարող եմ օնլայն` փակ խմբերով աշխատել: Ուսանողները նշում են, որ եթե բուհում մի քանի դասախոս կա, որից կարելի է ինչ-որ գիտելիք ստանալ, նրանցից մեկը ես եմ:

- Նշել էիք նաև, որ սփյուռքից մի բարերար առաջարկել է Ձեզ վճարել երկու տարվա աշխատավարձը: Ո՞վ է նա, եթե գաղտնիք չէ:

- Նա Կանադայից է: Մի հրաշալի մարդ: Զանգահարեց ինձ, ասաց մի վհատվիր, ես կարող եմ օգնել, վճարելով քո երկու տարվա աշխատավարձը, բայց բնականաբար ես մերժեցի այդ առաջարկը: Անխոս գնահատում եմ նրա այդ քայլը:

- Իսկ ինչպե՞ս եք վաստակելու Ձեր հանապազօրյա հացը: Դուք միայն դասախոսություններո՞վ էիք զբաղվում:

- Ստանում էի ամսական 134 հազար դրամ, առանձնապես մի մեծ գումար չէ այսօր դա: Բուհն ինձ համար երբեք փողի մոտիվացիա չի եղել: Հաճելի է եղել աշխատել իմ սիրելի բուհում: Ես ՀՊՏՀ-ի շրջանավարտ եմ, 6 տարի շարունակ եղել եմ գիտական խորհրդի անդամ, եղել եմ նաև ռեկտորատի անդամ: Այդ միջավայրում գտնվելն ինձ համար անչափ հաճելի է եղել, հենց այդ պատճառով էլ ասում եմ` պատրաստ եմ անգամ ավճար աշխատել այնտեղ:

- Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել այս ուղղությամբ:

- Առանձնապես ոչինչ անել չեմ կարող: Չկա բողոքարկման իրավական հիմք: Պայմանագրի ժամկետը լրացել է, իրենք էլ չեն ցանկանում նորը կնքել: Այդքան մի բան, սակայն մենք բոլորս հրաշալի գիտակցում ենք, թե այս ամենի տակ ինչ է թաքնված: