Խունտա

Խունտա

Վերջին տարիներին հաճախ են գործող իշխանությանը խունտա անվանում, ինչը, սակայն, անարդարացի, անհիմն որակում է, ոչ համարժեք նոր իրողություններին: Այսպիսի համոզման կարելի է հանգել, ծանոթանալով այդ բառի ստուգաբանությանը: 

Բառեզրը ծագում է իսպաներեն junta-ից, որը բառացի նշանակում է ժողով, ժողովրդական ժողով՝ նորմալ երևույթ: Միաժամանակ, հանդիպում է նաև դրա այլ նշանակությունը. խունտան հասկացվում է զինվորականների խումբ, որն իշխանության է եկել բռնի ճանապարհով իրականացված հեղաշրջման արդյունքում և որպես կանոն իրականացնում է բռնապետական կառավարում` տեռորի ճանապարհով։ 

Խորհրդային տարիներին քանի որ պրոպագանդան բավական ուժեղ էր, տպավորվել է Չիլիի կառավարության խունտայի նախագահ Աուգուստո Պինոչետի կերպարը: Հենց լսում էինք Պինոչետ անունը, հասկանում էինք՝ խունտա: Նա չիլիական պետական և ռազմական գործիչ էր, գեներալ-կապիտան, իշխանության գլուխ կանգնել է 1973 թվականին` զինվորական հեղաշրջման արդյունքում, ԱՄՆ-ի կառավարության օժանդակությամբ տապալելով նախագահ Սալվադոր Ալյենդեի սոցիալիստական կառավարությունը։ Չիլիի Կառավարական խունտայի նախագահն էր (1973-1981 թթ.), Չիլիի բռնապետն ու նախագահը (1974-1990 թթ.) և Չիլիի Զինված ուժերի գերագույն հրամանատարը (1973-1998 թթ.):

Այդ բառեզրը տարածված է եղել իսպանախոս երկրներում, որտեղ այդպես են կոչվում նաև տարբեր միավորումներ ու պետական մարմիններ։ Սկզբնապես բառեզրը ձևավորվել է Իսպանիայում և նշանակում է դաշինք, խորհրդատվական ժողով։ Մասնավորապես մինչև XVI դարը կիրառվել է կորտեսների հավաքների առնչությամբ։ 1808 թվականին աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչներից կազմված խունտան Իսպանիայի արքա ընտրեց Նապոլեոնի եղբայր Ժոզեֆ Բոնապարտին, ինչը հանգեցրեց հեղափոխության, որը ղեկավարում էին բազմաթիվ նահանգային խունտաներ։ XIX—XX դարերում Իսպանիան ծվատող բազմաթիվ քաղաքացիական պատերազմների արդյունքում, իշխանության էին գալիս ազատականներ, արմատականներ և այլ խունտաներ։ Այսօր տարբեր լեզուներում խունտա բառեզրը ձեռք է բերել ընդհանրական իմաստ և օգտագործվում է ոչ միայն իսպանալեզու երկրների առնչությամբ, այլև բոլոր այն երկրների, որտեղ զինված հեղափոխության արդյունքում հաստատվել է բռնապետություն։ 

ՀՀ ներկա իշխանությունը որևէ կերպ չի կարող բնութագրվել որպես խունտա, քանի որ առկա չեն վերոնշյալ հատկանիշները.

1. 2018 թվականին չի եղել զինված հեղափոխություն, եղել է թավշյա, ոչ բռնի հեղափոխություն:

2. Հայաստանում չի հաստատվել բռնապետություն, ինչը հիմնավորվում է հետևյալով. ա) համաշխարհային մասշտաբով Հայաստանը ճանաչվել է ժողովրդավարության բաստիոն, ժողովրդավարության աստղ (արդար ընտրություններ, խոսքի աննախադեպ ազատություն և այլն, և այլն), բ) չի եղել Չիլիի նման, երբ տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալելով,  բանտային պայմանների բացակայության պատճառով, տեղավորեն, ասենք, «Հրազդան» ստադիոնում, հակառակը, ժամանակավորապես կալանավորվում են փոքր թվով մարդիկ, որոնք հերթափոխային սկզբունքով, կալանավորման կարճատև ժամանակահատվածի մի մասն անցկացնում են իրենց տներում, գ) 2018 թվականից մինչ օրս որևէ մեկը չի դատապարտվել ազատազրկման՝ քաղաքական, նույնիսկ կոռուպցիայի (որպեսզի չշահարկվի քաղաքական շարժառիթը կամ այլ նպատակով) շարժառիթներով, դ) դատապարտվել են և բանտում հայտնվել բացառապես տեռորիստները, հետևաբար խունտայի կարևոր հատկանիշներից մեկը՝ տեռորը բացակայում է:  

3. Հայաստանում բացակայում է բռնապետական կառավարումը. 
ա) Կառավարությունը ձևավորում է ժողովուրդը՝ իր իրավունքն իրացնելով ԱԺ-ի միջոցով, բ) որոշումներն ընդունվում են կոլեգիալ՝ ԱԺ-ում, Կառավարությունում՝ ՀՀ օրենսդրությանը հանգույն, մեծաթիվ պաշտոնների տեղակալումը, պետական բյուջեի ծախսերի մեծ մասը իրականացվում են մրցութային կարգով, գ) յուրաքանչյուր ոլորտի լիազոր մարմին գործում է օրենսդրությամբ սահմանված շրջանակներում:

Այսպիսով, խունտա բառեզրով ոչ մի կերպ հնարավոր չէ բնութագրել նոր իրողությունները: Այդ դեպքում առաջանում է անհրաժեշտություն գտնել բառեզր, որով հնարավոր կլինի համարժեք բնութագրել ստորև բերված երևույթը.

1. Ժողովուրդը, հստակ՝ ՀՀ քաղաքացիները, իրենց կամավոր կամարտահայտմամբ փոխել են իշխանությունը:

2. Ժողովուրդը լիազորել է իր ընտրած իշխանությանը՝ հրահրել պատերազմ և հազարավոր զոհերի, Արցախի Հանրապետության հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքների կորստի գնով համաձայնել Արցախի, այսինքն՝ այլ պետության, ավելին՝ Հայաստանի կապիտուլյացիային:

3. Ժողովուրդը լիազորել է իր ընտրած իշխանությանը՝ բանակցել ում հետ կցանկանա, ինչի մասին կցանկանա, համաձայնել՝ ցանկացած այլ պետության ցանկացած առաջարկություններին, ընդհուպ, ՀՀ տարածքի զիջումներին, եթե միայն Արցախը զիջելը չբավարարի:

4. Ժողովուրդը նշանակել է 3 միլիոն վարչապետ:

Սրանք են նոր իրողությունների հիմնական հատկանիշները, բայց դրանցով չի սահմանափակվում ամբողջը: 

Խունտա՝ օտարածին այդ բառեզրը ոչ մի կերպ չի բնութագրում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները: Դժվար կլինի գտնել համապատասխան բառեզր: Դյուրին կլիներ, եթե թավշյա հեղափոխության փոխարեն ոչ թավշյա եղած լիներ, իսկ խոսքը վերաբերեր բացառապես իշխանությունը զավթած խմբին՝ լինի դա զինվորականների, թե եհովականների, սորոսականների, թե ռուսամետների․ նշանակություն չունի:

Գագիկ Վարդանյան