Այստեղ են ասում՝ չգիտես լաս, թե խնդաս
Նիկոլին խայտառակ պարտություն պարտադրած Իլհամը Հայաստանից պահանջում է լրացուցիչ երաշխիքներ տարածքային նկրտումների բացակայության առումով: Պարզվում է, որ դրանից Նիկոլն իրեն լավ է զգացել, ու ասում է, որ դա փոխադարձաբար է արվում: Թեև Իլհամի դեպքում, այնուամենայնիվ, օգտագործում է «երևի» բառը: Եվ ասեմ, որ շատ ճիշտ է անում, քանի որ Իլհամն իրենից վախ չունի: Իլհամը վախենում է, որ մի օր վերջապես Նիկոլը զրկվելու է զբաղեցրած պաշտոնից, ու Հայաստանի նոր ղեկավարությունը պատասխան է պահանջելու ադրբեջանական բռնապետից: Եվ այդ պահանջն էլ հիմնավորված է լինելու ճիշտ այնպես, ինչպես կատարվեց Արցախի զավթումը թշնամու կողմից: Այսինքն, ինչպես ներկայացրել է մեր պատմահայրը՝ «Սահման քաջանց զենքն է յուրյանց»: Իսկ որպեսզի միջազգային կոչված հանրությունն էլ վատ չզգա իրեն՝ 2018-ի ապրիլյան իրադարձություններն ու դրանց բոլոր հետևանքները դատական բարձր ատյանի որոշմամբ համարվելու են օրենքից դուրս: Այս ամենը ինձանից ոչ պակաս հասկանում է նաև Իլհամը, ու այդ պատճառով է, նախ, թղթային երաշխիքներ պահանջում Նիկոլից, և երկրորդ՝ սպառազինվում ու բարձունքներ գրավում մեր երկրի սահմանների երկայնքով:
Ինչ մնում է Նիկոլին, ապա վերջինս իրականում ոչ թե պահանջողի, այլ ընդամենը խնդրողի դերում է: Եվ որպեսզի ինքն ունենա միջազգային երաշխիքներ՝ փորձում է բանակցություններում ներառել արևմտյան որևէ երկրի: Ինչին, բնականաբար, դեմ է Ադրբեջանը, սակայն դեմ լինելով Արևմուտքին՝ այնքան էլ կողմ չէ ռուսականին, քանի որ չի պատկերացնում, թե ինչպես կպահի իրեն ռուսական արջը ռուս-ուկրաինական պատերազմի բարեհաջող ավարտից հետո: Իսկ որ այն ավարտվելու է ռուսական հաղթանակով, աչքիս արդեն չեն կասկածում ո՛չ Արևմուտքում և ո՛չ էլ նույնիսկ Ուկրաինայի նախագահի շրջապատում: Բացառությամբ երևի մի քանի անձանց, այդ թվում նաև Հայաստանում բնակվող (այստեղ դրանք զարմանալիորեն ավելի շատ են, քան մնացած վայրերում), որոնք դեռևս չեն գիտակցել, որ 2022 թվականի ամառային-աշնանային ուկրաինական հաղթական հակահարձակումն անվերադարձ անցել է պատմության գիրկը: Իսկ ուկրաինական բանակը դեռևս դիմադրում է հատկապես կենդանի ուժի շնորհիվ, որը ներկա փուլում ծառայում է ավելի շատ որպես թնդանոթի միս: Իսկ որտեղ զինվորի պակաս է զգացվում, ռուսներն այնտեղ առաջ են անցնում:
Վերադառնանք մեր ոչխարներին. բանակցային գործընթացը Նիկոլը փորձում է ներկայացնել այնպես, կարծես ոչ թե ինքն է խայտառակ պարտության հայտարարությունը (խոսքը եռակողմի մասին է) ստորագրողը, այլ աֆրիկյան որևէ խեղճուկրակ երկրի ղեկավարը: Ու խոսում է փոխադարձաբար լրացուցիչ երաշխիքներ պահանջելուց՝ մոռանալով, որ դրանք ինքը ցանկանում է Իլհամից, իսկ Իլհամը ոչ թե իրենից, այլ Հայաստանից: Թե ինչպես է Իլհամը ստանալու Հայաստանից՝ չեմ պատկերացնում: Որովհետև դա նշանակում է, որ Հայաստանը պետք է երդում ուտի, որ իր կառավարումն առհավետ հանձնում է Նիկոլին: Ինչը, ինչպես հասկանում ենք, չլինելու բան է: Եվ, բնականաբար, չլինելու բան է նաև Նիկոլի ասածը, որ «այդ իրադրությանը պետք է վերաբերվենք որպես աշխատանքային գործընթաց, որը մենք պետք է շարունակենք կառավարել, մինչև այս հարցերը պատասխան ստանան»: Թե ինչպես են այդ հարցերը պատասխան ստանալու՝ ինքն էլ չի իմանա՝ եթե խորը մտածի: Ինքն Իլհամին առաջարկում է մի քանի ճանապարհ, իսկ վերջինս պահանջում է միայն մեկը՝ Մեղրիով, բայց այնպես, որ անարգել հաղորդակցություն ապահովվի բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Եվ սպառնում է, որ եթե այդ ուղիով բեռներն ու մարդիկ չանցնեն առանց ստուգման ենթարկվելու, ապա Հայաստանի հետ սահմանը չի բացվի:
Այս հարցը չլուծած՝ Նիկոլը հերթական հանճարեղ առաջարկն է ներկայացնում Իլհամին: Այն է՝ երկկողմանի վերահսկողություն սահմանել սպառազինության մակարդակի նկատմամբ: Այստեղ են ասում՝ չգիտես լաս, թե խնդաս: Չգիտեմ՝ Նիկոլը չի՞ գիտակցում, որ իր առաջարկը սպառազինության մրցավազքի դեմն առնող բանաձևի դրույթներից մեկն է: Իսկ նման բանաձևեր կարող են ընդունել այն երկրները, որոնք միմյանց նկատմամբ կարող են առաջացնել հավասարարժեք անվտանգային սպառնալիքներ: Ինչը, բնականաբար, Նիկոլի օրոք չես կարող ասել Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում: Ադրբեջանը սպառազինվում է լիուլի ու պարծենում է դրանով, իսկ Հայաստանի կողմից մեկ երկու հրանոթ կամ զրահամեքենա ձեռք բերելն Իլհամի կողմից դիտարկում է որպես սպառնալիք խաղաղության գործընթացին: Ու առանց քաշվելու՝ վերջինս դիվանագիտական կոնֆլիկտների մեջ է մտնում մի քանի ռազմական կայանք Հայաստանին վաճառող Ֆրանսիայի հետ: Այն երկրի, որը, Նիկոլի կարծիքով, պետք է գլխավոր դերը կատարեր Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Իսկ այդ երկիրն էլ ունակ է ընդամենը Սենատի մակարդակով հայամետ բանաձև ընդունելուն: Եվ կամ գործադիրի մակարդակով Ադրբեջանի հետ զուգահեռաբար զույգ դիվանագետ արտաքսելուն:
Կարծիքներ