Ո՞ւմ թելադրանքն է կատարում․․․

Ո՞ւմ թելադրանքն է կատարում․․․

Մի հարցազրույցում Հրանտ Մաթևոսյանին հարցնում են․ 
-Ինչու՞ ունենալով Չարենց, Բակունց, Հրանտ Մաթեւոսյան՝ Նոբելյան մրցանակակիր գրող չունենք:

- Կենսատարածք չունենք: Նոբելյան մրցանակի թիկունքում մենակ գրողն ու իր գիրը չէ, պետությունն է, ընթերցողն է, քաղաքականությունն է: Հենց համաշխարհային ճանաչում ու ընկալում ունեցող ազգ լինենք, Նոբելյան մրցանակ էլ կունենանք:

Բոլոր պետությունների ղեկավարները հենց դրան են ձգտում․ ունենալ հզոր պետություն, որ կարողանան բան թելադրել։ Թույլին, անզորին նույնիսկ իր երկրում չեն ընդունում, հարգում։ Մենք դրա ականատեսն ենք։ Հայաստանի հարցը որպես պետություն վերջին տարիներին վճռվում է առանց նրա, որովհետև դրսում տեսնում են, որ պետություն որպես այդպիսին այլևս չկա։ Պետությունը կառավարում է մեկը, ին չ որ ուժերի կողմից կարգված մի անձ, իսկ դա նշանակում է որ պետություն գոյություն չունի։ Հարցը կարող են լուծել «բակային մակարդակով»։ Եթե Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարում է, որ Հայաստանը տարածք չունեցող, ոչ լեգիտիմ կազմավորում է և նոր Սահմանադրություն է պետք, դա փաստացի հայտարարություն է, որ պետություն չունենք, առաջին հերթին լեգիտիմացված տարածք չունենք։ Ո՞վ պետք է լեգիտիմացնի այդ տարածքը՝ Ադրբեջա՞նը, ցեղասպանություն գործած Թուրքիա՞ն, թե՞ Ամերիկա պապիկը։ Եթե տարածք չունենք, օրենք չունենք, մայր օրենք չունենք, Հայաստանն ի՞նչ իրավունքի մասին կարող է խոսել։ Այսինքն մինչև Նիկոլին ու ոչ բարով իր թիմին դաշտ բերելը Հայաստանը պետությու՞ն չէր։ Նիկոլ Փաշինյանը թքում է դրանով ոչ միայն Հայաստանի 30 տարվա, այլ հազարամյա պատմության վրա․․․ 

2020-ի պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի նախագահը թուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում հրապարակավ ասել է, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, քանի որ այն Թուրքիայից տարածքային պահանջներ է պարունակում։ Իսկ անցյալ ամիս արդեն Ալիևն է ասել, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Բաքվին անհրաժեշտ են ամուր երաշխիքներ, որ Հայաստանը ապագայում ռևանշի չի գնա և կմոռանա Ղարաբաղի մասին։
Սա ի՞նչ է նշանակում, ու՞մ թելադրանքն է կատարում այսօր Փաշինյանը։ 

Հիմա ումից ի՞նչ եք պահանջում, ումի՞ց եք նեղանում։ Ի՞նչ եք ակնկալում մյուս երկրներից, երբ սեփական երկիրդ իր ձեռքը վերցրածը հայտարարում է փաստորեն պետականության լուծարման մասին։ Ի՞նքն էլ է Արցախի նախագահի նման վերջին պահին դիմում գրելու և ազատվելու պաշտոնից, ասելով, որ կօգնի, որ Հայաստանը որպես պետություն կայանա, լեգիտիմ տարածք ունենա։ Կամ գուցե դրանից ավելի վատթար սցենար են նախապատրաստել նրա համար։ Չէ՞ որ հայտարարություններից պարզ է, թե ովքեր են թելադրողները։

Նորից անդրադառնանք մեծ գրողին, որը փաստորեն պատասխանում է, թե Հայաստանն ինչու՞ է հայտնվել այս վիճակում։ Ինչպե՞ս կարող էր չհայտնվել, երբ որպես պետություն այլևս չկանք։ Երբ իրեն պետություն հռչակած գլուխը հայտարարում է նոր- նոր լեգիտիմ տարածք ու մայր օրենք ունենալու թշնամու փափագի մասին։ Երբ զրոյից պետություն է շինում ու նրան թվում է, թե պետություն ստեղծելը, կայացնելը տուն- տունիկի խաղ է։ Քանդել, նորը շինել։