Ինչն է կապում Մասիս, Վարդենիս և Ապարան քաղաքներին

Ինչն է կապում Մասիս, Վարդենիս և Ապարան քաղաքներին

Մայրաքաղաք Երևանը ողողված է լույսերով, քաղաքի փողոցներում ու Հանրապետության հրապարակում լույսերի առատությունը գլխապտույտ է առաջացնում: Երևանից շուրջ 57 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Ապարանի համայնքապետարանը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել, քանի որ այս տարի հայկական բանակն ունեցել է մոտ 300 զոհ:

Այսպես են վարվել նաև Մասիսի և Վարդենիսի համայնքապետարանները: Ի դեպ այս երեք համայքների ղեկավարներն էլ ընդդիմադիր են՝ իշխող կուսակցության անդամներ չեն, ոմանք հարում են Հանրապետական կուսակցությանը եւ նախկինների ժամանակներից են պաշտոնավարում: Այստեղից կարելի է հետևություն անել, որ Հայաստանի Հանրապետությունում զոհվածի նկատմամբ հարգանք տածում են միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողները, իսկ ահա մնացյալ քաղաքները, որոնք ղեկավարում են ՔՊ-ականները, կամ ՔՊ-ամերձները՝ տոնական տրամադրության մեջ են եւ խաղաղության պայմանագրի եւ այսօրվա իշխանությունների պարտվողական քաղաքական գծի ջերմ կողմնակիցներն են,որոնց համար այդ 300 զոհը, որ տվեցինք սեպտեմբերին, առ ոչինչ էր:

Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ այս տարի համայնքապետարանը տոնական զարդարանքների վրա գումար չի ծախսի, փոխարենն այդ գումարները կհատկացնի մասիսցի զոհված զինծառայողների ընտանիքներին: Թե որքան գումար է նախատեսված զարդարանքների համար և որքանն են հատկացնելու զոհվածների ընտանիքներին պարզել չհաջողվեց: Մասիսի համայնքապետարանից մեզ ասացին, որ Դավիթ Համբարձումյանն այդ մասին չի ցանկանում խոսել, քանի որ այդ մասին խոսելը կարող է դիտարկվել ինքնագովեստ:

Ապարանի համայնքապետի տեղակալ Արկադի Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամանորյա տոնական միջոցառումների և զարդարանքների համար նախատեսված է եղել ավելի քան 10 միլիոն դրամ, որից ոչ մի լումա չի ծախսվել, գումարն իր տեղում է և հստակ որոշում չկա, թե այն ինչ նպատակով պետք է ծախսել: Եթե Մասիսի համայնքապետը որոշել է ամանորյա միջոցառումների համար նախատեսված գումարները տրամադրել զոհված զինծառայողների ընտանիքներին, ապա Ապարանի համայնքապետարանը դեռևս նման որոշում չի կայացրել:

Վարդենիսի համայնքապետարանից էլ մեզ ասացին, որ համայնքապետը խորհրդակցության է, իսկ իրենք չգիտեն, թե նախատեսված գումարն ինչքան է եղել և ինչ նպատակներով է այն ծախսվելու: