Անդարդ Հասանը․․․

Անդարդ Հասանը․․․

Հնարավոր չէ պատկերացնել, որ Հայաստանի նման երկրում, ուր ամեն ինչ պիտի ուղղված լինի երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությանը, անվտանգությանը, այդ երկրի ղեկավարը դրանից դուրս որևէ քայլ անի։ Պատերազմից հինգ պակաս գտնվող երկրում, ուր հակառակորդը ամեն օր նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում, երկիրը պիտի դրված լինի անվտանգային, պաշտպանական   ռելսերի վրա։ Երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողը մի րոպե անգամ ժամանակ չպիտի կորցնի այլ հարցերի վրա։ Ամեն վայրկյանը թանկ է, ամեն ինչ պիտի ուղղված լինի վերահաս վտանգի դեմն առնելու։

Պատկերացրեք պատերազմող երկրի մի ղեկավար, որն իրեն գերագույն հրամանատար է անվանում,  ամեն օր ընտանիքն առած ճամփորդում է աշխարհով մեկ։ Կնիկ, երեխա առած աշխատանքային այցերով տարբեր երկրներ է գնում, աշխատանքային հարցեր է քննարկում, ինչ որ պայմանագրեր է կապում, որը ոչ մի կապ չունի օրվա գերխնդրի  հետ։ Նման դեպքում ի՞նչ կարելի է մտածել։ Հակառակորդի հետ ամեն ինչ տված- առած է, մնում է ժողովրդին համոզել, որ առանց դիմադրության հանձնվեն։ Ադրբեջանն էլ հանգիստ, համբերատար սպասում է։ Ինչու՞ եմ այդպես մտածում։ Որովհետև այս պահին ինքը կնոջ հետ Հունաստանում է, իր փոխարեն թուրքի հետ հաշտ ու համերաշխ ապրելու  մասին քարոզում են յուրայինները։ Հանձնարարությունը տալիս ու գնում է։ Քարոզիչները գործի են անցնում։ Այնպիսի  տպավորություն է ուզում ստեղծել, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Թող յուրայիններին ժողովուրդը գզզի, հայհոյի, ինքը բանից անտեղյակ կգա ու աստիճանական կաթոցների արդյունքի վկան կլինի։ Ոնց էլ լինի ժողովուրդը կհամակերպվի, որ իր տունը, գյուղը հանձնի Ադրբեջանին։ Ինքը՝ բանից անտեղյակ,  կգա ու բացը կլրացնի։ Պետք է հասկանալ, որ ինչ հայտարարում են նրա նազիր վեզիրները, դա ինքն է ասում, ինքն է ուղղորդում։ 

Բանից անտեղյակ լինելու բեմադրությունն այնպես վարպետորեն է կազմակերպում, ոնց որ ինքը այս ամենի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Ինքը ընդամենը  ընտանիքով տուրիստական ճամփորդություն է կատարում։ Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դիպուկ նկատել էր՝ «18 համարի մարշուտկեն իջավ Հունաստան...»։ Այո, պետական ինքնաթիռը ընտանեկան ավտոբուսի տեղ է ծառայում։   Համոզված եմ, որ ինքը ընտանիքով տուրիստական ճամփորդության կլինի, երբ լսենք, որ ինչ-ինչ  տարածքներ հանձնված են, մարդիկ պիտի ազատեն գյուղը։ Ինքը դրսերում հանգիստ կսպասի, մինչև կուժն ու կուլան յուրայինների գլխին կոտրեն, հետո, բանից անտեղյակ, կգա․․․ Անդարդ, քեֆչի Հասանի մասին լսած կլինեք։ Ինքը այդ անդարդ Հասանն է։