Քաղաք՝ մարդու համար

Քաղաք՝ մարդու համար

Ավինյանն է գրառում կատարել այն մասին, որ Երևանը դարձնելու է քաղաք մարդկանց համար: Կարելի է մտածել մինչ Ավինյանի քաղաքապետ դառնալը (զոռով-շառով) Երևանը մարդկանց քաղաք չէր, Երևանում շներ, կատուներ էին ապրում և միայն այդքանը: Հազար եմ ասել, այ ՔՊ-ականներ, մինչև բերաններդ բացելը կամ համակարգչին կտկտացնելը մի քիչ մտածեք: Մյուս կողմից էլ՝ պիտի կարողանան մտածել: Տեսնո՞ւմ ես, պարոն Ավինյան, հեչ լավ բան չստացվեց: Գոնե գրեիր, որ Երևանն ավելի լավն եք դարձնելու, ավելի հարմար՝ մարդկանց համար: Թե չէ՝ Երևանը դարձնելու եմ քաղաք մարդկանց համար:

ՔՊ-ականների պարագայում ամեն ինչ այդպես է: Նրանց թվում է, թե իրենցից առաջ կյանք չի եղել Երկիր մոլորակի վրա ու ամեն ինչ սկսվել է իրենց ի հայտ գալուց հետո: Մեկն էլ կար, ասում էր՝ ի՞նչ բանակցություններ, ի՞նչ բանակցային գործընթաց, ես ամեն ինչ սկսել եմ իմ զրոյական կետից: Վերջում ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ ղեկավար պաշտոն ստանձնելուց մինչ օրս Արցախի հարցով որևէ տող չի բանակցել: Երբ հարցնում էին՝ հը՞, Արցախի հարցով ի՞նչ ես բանակցում, նեղանում էր, թե ինչ պետք ա էն էլ բանակցում եմ: Ի՞նչ իմանայինք, որ «թազա» հավ է լույս աշխարհ եկել՝ երկաթե ձվեր է ածում:

Բայց գանք Ավինյանի խայտառակ գրառմանը: Գաղտնիք չէ, որ ամեն քաղաք իր բնակիչներով է գեղեցիկ: Փորձեք Գյումրին լցնել երևանցիներով և կտեսնեք, թե ինչ տեղի կունենա: Դե թող փորձի ու Գյումրու քաղաքապետը Ավինյանի հանգույն էշություն գրի իր էջում: Գյումրեցիք նրան օդերով կհանեն․ «Ի՞նչըղ թե քաղաք՝ մարդու հմար, հբը մենք ի՞նչ ենք, մարդ չե՞նք, որ ըսքան վախտ Գյումրի կաբրինք»: Մինչդեռ երևանցիներն անտարբեր են իրենք քաղաքապետի հայտարարությունների ու արած-չարած գործերի հանդեպ: Կարող եք Երևանը դարձնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը, բայց եթե այնտեղ 1,5 միլիոն անտարբեր մարդ է ապրում, միևնույն է, այն չի կարող դառնալ Հռոմ կամ Վիեննա: Կգա Ավինյանի հաջորդն ու իր ֆեյսբուքյան էջում դարձյալ նույնը կգրի՝ Երևանը դարձնենք քաղաք՝ մարդու համար: Ասել է թե՝ մարդը չկա, նախ մարդուն գտեք, որ նրա համար քաղաքը քաղաք դարձնեք:

Յուրաքանչյուր քաղաք, իսկ Երևանի նման մեգապոլիսներն՝ առավել ևս, նորմալ բնակիչներից բացի պետք է նաև նորմալ իշխանություն ունենա: Երևանն այդ իշխանությունն էլ չունի: Այն, ինչ վերջերս մեր աչքի առաջ ձևավորվեց որպես Երևանի իշխանություն, մեղմ ասած՝ իշխանություն չէ, ուրիշ բան է: Առաջին հայացքից՝ խնդրեմ, սա մեր քաղաքապետն է, սա մեր քաղաքի ավագանին, բայց երբ խորանում ես հարցի էության մեջ, տեսնում ես, որ այդ քաղաքապետն ու ավագանին Երևանի ու երևանցիների հետ բացարձակապես կապ չունեն: Աշխարհում ոչ մի տեղ քաղաքական փոքրամասնությունը իշխանություն չի դառնում: Դա աբսուրդ է: Իսկ Երևանում ոչ միայն դառնում է, այլև այդ փոքրամասնության 1-ին համարը, հետույքը քաղաքապետի աթոռին դնելուց հետո, սկսում է իրեն քաղաքապետ երևակայել՝ էս շինությունը քանդեք, էն ցանկապատը դենը տարեք, շինարարությունների շրջակայքը մաքուր պահեք… Թե չէ՝ կփռշտամ, հաաա… Ի՞նչ ծրագիր, ի՞նչ նախընտրական խոստում, ինչ բան: Այդ օրն ինչ տեսնում, դրա մասին մի բան ասում-գրում է: Ավագանին էլ դրել ես՝ տար, Թումանյանի ասած՝ բերանը կապած սարի անասուն: Բավական չէ պատկերացում չունեն քաղաքի խնդիրների մասին, դեռ ամոթի զգացումից էլ զուրկ են: Արա, այ մեծամասնություն կազմած ընդդիմադիրներ, դուք ո՞նց եք հանդուրժում, որ ձեզ փոքրամասնության 1-ին համարը ղեկավարի, դուք ձեր ընտրողի առաջ որևէ պատասխանատվություն չե՞ք զգում:

Էն սիրուն շենքը, որտեղ Երևանի իշխանություններն են նստում, կպատշաճեր աշխարհի ուզածդ ամենահարմար ու ամենագեղեցիկ մայրաքաղաքին: Երևանն էլ, որպես աշխարհի ամենահին ու բարետես մայրաքաղաքներից մեկը, իրավունք ունի քաղաքապետարանի այդպիսի շենք ունենալու: Այո, Երևանը, բայց ոչ այն քաղաքային իշխանությունը, որ հայտնվելով այդ շենքում, հայտարարում է, թե ամեն ինչ սկսելու է իր զրոյական կետից և Երևանը դարձնելու է քաղաք՝ մարդու համար: Դուք դեռ ինքներդ մարդ դարձեք, ո՛վ, չընտրված, երևանցու անտարբերությանն ու քամահրանքին արժանացած իշխանություններ: Դուք նախ փորձեք արգելել ռեստորանային այս խելագար հրավառությունները, որ խոցում են ամեն հայի սիրտ, ամեն արցախցու սիրտ, որ հայրենի տունը թողած՝ հայտնվել է մի վայրում, ուր իր ազգակիցները խրախճանք են անում մեծ հայրենազրկման օրերին:

Հ.Գ. Պարոն Ավինյան, իսկ դուք գյուղական պոպուլիզմի մասին լսե՞լ եք: Ո՞չ: Խոստանում եմ առաջիկայում մի ամբողջ հոդված նվիրել այդ թեմային և պատմել, թե ինչպես է քաղաքապետարանի համապատասխան բաժինը փորձում կարգավորել Երևանի փողոցային երթևեկությունն ու վերացնել խցանումները: Դա վերջն ա, տենց բան չկա, պարոն Ավինյան: