Լրատվամիջոցներն ու լրագրողները չեն կարողանում միասնական լինել` դա է խնդիրը

Լրատվամիջոցներն ու լրագրողները չեն կարողանում միասնական լինել` դա է խնդիրը

Իշխանությունները հերթական նենգ քայլն են նախաձեռնել ազատ մամուլի դեմ: Արդարադատության նախարարությունը որոշել է «բարեփոխել» լրատվական դաշտը՝ այն կարգավորելու հակաժողովրդավարական մի հայեցակարգ է մշակվել, որի մշակմանը մասնակցել են մի խումբ անձինք, որոնց մի մասը 2018-ից հետո ավելի շատ մամուլի թշնամիների դաշտում է գործում, քան խոսքի ազատության պաշտպանության, եւ իրենց կյանքում երբեւէ լրագրողական աշխատանք չեն կատարել: Արդարադատության նախարարությունը որոշել է լրագրողների աշխատանքի պայմանները խիստ փոփոխել` այդ փոփոխությունները ոչ թե լրագրողների ու խմբագիրների հետ քննարկելով, այլ հետեւյալ անձանց հետ․ Բորիս Նավասարդյան, Աշոտ Մելիքյան, Նունե Սարգսյան, Գայանե Աբրահամյան, Անդրանիկ Շիրինյան, Դավիթ Մարգարյան, Արթուր Պապյան, Հերիքնազ Հարությունյան, Դավիթ Ալավերդյան, Գենյա Պետրոսյան, Լեւոն Բարսեղյան եւ այլք: Մարդիկ, որոնց մեծ մասը ոչ մի կապ չունի լրատվության եւ ազատ խոսքի հետ եւ երբեւէ լրագրողական աշխատանք չի կատարել ու չգիտի այդ աշխատանքի առանձնահատկությունները։ «Ինքնակարգավորման» անվան տակ նախկին քաղհասարակության այս շրջանակները փորձում են լռեցնել ազատ խոսքը եւ լրագրողներին կառավարող մի մարմին ստեղծել` ինքնակարգավորման մարմնին պարտադիր անդամակցելու տեսքով:

Փաստաթղթի նախնական տարբերակը կոչվում է «Զանգվածային լրատվության միջոցների ինքնա/համա/կարգավորման համակարգի բարեփոխումների հայեցակարգային ուղղություններ»։ Այս մասին «Հրապարակը» զրուցել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:

- Պարոն Ենոքյան, մեր ունեցած տեղեկություններով` եթե այս խայտառակ նախագիծը կյանքի կոչվի, լրագրողական համայնքին փորձելու են ղեկավարել Լեւոն Բարսեղյանը, Բորիս Նավասարդյանն ու էլի այդ ճամբարից որոշներ: Ի՞նչ գնահատական կտաք իշխանությունների հերթական համադեմոկրատական գաղափարին:

- Նախագիծը դեռեւս հստակ չէ, ուստի այդ մասին հստակ կարծիք չեմ կարող հայտնել, սակայն ինչ վերաբերում է նրան, որ Լեւոն Բարսեղյանը կամ Բորիս Նավասարդյանը ցանկանում են լուրջ տեղ ունենալ ԶԼՄ-ների նկատմամբ պետական քաղաքականության մեջ, կարծում եմ` գաղտնիք չէ: Իհարկե, սրանով փորձելու են ինչ-որ կերպ ազատ խոսքը կառավարել իրենց քմահաճույքով:

- Իսկ եթե սկսեն պատժամիջոցներ կիրառել եւ փորձեն լռեցնել ազատ խոսքը, զրկել հավատարմագրումներից կամ լրագրողի լիցենզավորման կարգ մտցնել: Ինչպե՞ս պայքարեն սրա դեմ լրագրողներն ու լրատվամիջոցները:

- Դեռ այն ժամանակ, երբ «Մեդիա պաշտպանն» ակտիվ էր, ես ասել եմ, որ մեր հիմնական խնդիրն այն է, որ լրատվամիջոցներն ու լրագրողները չեն կարողանում միասնական մոտեցում ցուցաբերել նման դեպքերում: Ցավոք, լրատվամիջոցների բիզնես շահերը շատ հաճախ կտրուկ տարբեր են, շատ հաճախ էլ` հակադիր, եւ այդ պայմաններում չի ստացվում միասնական լինել: Դա շատ է խանգարում:

- Իսկ ինչո՞ւ են իշխանություններն իրենց գերխնդիրը դարձրել ազատ խոսքը սահմանափակելը:

- Իշխանությունները, անկեղծ ասած, վերջին շրջանում սկսել են լրատվամիջոցներին ուշադրություն չդարձնել: Այս իշխանությունները ներկա պահին ունեն երկու կարեւոր հարց` Արցախի հարց, միջանցքի հարց: Այս երկու կարեւոր հարցերը կարողանում են մանիպուլացնել իրենց իսկ փիառ գործիքներով, արդյունքում լրատվամիջոցներին մեծ նշանակություն չեն տալիս, որովհետեւ կարողանում են մի հիմար թեմա ասպարեզ բերել, իսկ հասարակությունը, նաեւ լրատվամիջոցները զբաղվում են հենց դրանցով:

- Բայց եթե նման հայեցակարգ են մշակում, օրենքներ են ուզում ընդունել, փորձում են կառավարել ԶԼՄ-ներին, սա արդյո՞ք չի նշանակում, որ լրագրողական համայնքի դեմ փորձում են պայքարել, ըստ էության, լռեցնելու փորձեր անելով:

- Այո, այսպես ասած, ձեռքի հետ չի խանգարում լրատվամիջոցներին կառավարելը:

- Ինչո՞ւ եք կարծում, որ իշխանությունները սկսել են լրատվամիջոցներին ուշադրություն չդարձնել:

- Որովհետեւ լրատվամիջոցների ազդեցությունը կտրուկ ընկել է: Մեծացել է սոցիալական մեդիայի ազդեցությունը: Ֆեյսբուքի մասին չեմ խոսում: Իշխանությունները կարողանում են մանիպուլացնել անգամ լրատվամիջոցներին:

- Եթե այդպես լիներ, նման քանակի գործեր չէին հարուցվի լրատվամիջոցների դեմ: Առաջներում երբեք այսքան դատական գործեր չեն եղել ԶԼՄ-ների դեմ: Արդյո՞ք այս փաստերը չեն հակասում Ձեր տեսակետներին:

- Դատական գործերի մասին շատ է խոսվել: Կաշկանդելն իշխանության գործիքն է: Իշխանությունների համար խնդիր է անաչառ լրատվամիջոցներին հանդուրժելը: