Վարդան Պետրոսյան․ «Սասնա ծռերի» նոր ասացողը

Վարդան Պետրոսյան․ «Սասնա ծռերի» նոր ասացողը

Եզակի կամ շատ քիչ դեպքերում է հնարավոր արտիստի մասին ասել, որ նաեւ ազնիվ քաղաքացի է։ Սա բացարձակ ճիշտ դիտարկում է Վարդան Պետրոսյանի մասին, որ միշտ կարողացել է մաքուր արվեստի միջոցով խոսել բարդ քաղաքական խնդիրների ու Հայաստանի կնճռոտ հարցերի մասին։ 

Ովքեր վաղուց են հետեւում Պետրոսյանի դերասանական ճանապարհին, պատկերացնում են, թե որքան խիզախություն էր պետք՝ ստեղծելու խելահեղ ու իսկական արվեստով լի «Վերելք» ներկայացումը։ Այս ներկայացումը լրիվ նոր տեսանկյունից է պատմում Կոմիտասի, նրա վերածնող եւ «մաքրման դեղամիջոց» երաժշտության ու նաեւ ճակատագրի մասին` Հայոց ցեղասպանության համատեքստում։

Արդեն 2023 թվականին Վարդան Պետրոսյանը որոշել է պատմել «Սասնա ծռեր» էպոսը` իր ձեւով ու կերպով, եւ խոսել այսօրվա հասարակական-քաղաքական չափազանց բարդ հարցերի մասին հենց էպոսի միջոցով։ Այս ծանր խնդիրների մի մասի լուծման տարբերակներ ինքը՝ դերասանը, տալիս է։ Իսկ մյուսների պատասխանն էլ առաջարկում է իր հանդիսատեսին` մտորել ու գտնել ներկայացման ավարտից հետո։

Վարդան Պետրոսյանն այսօր եռացող շատ խնդիրների պատասխաններ առաջարկում է գտնել հենց էպոսում։ Դրա համար էլ «գնանք Սասուն» արտահայտությամբ՝ Երեւանի իր հանդիսատեսին հաճախակի տանում է էպոսային իրականություն։ 

Բայց պիտի նկատել, որ էպոսային իրականության ու մեր ժամանակի միջեւ եղած սահմանն անգամ լղոզված է։ Իրար զուգահեռ այս իրականությունները ներկայացման մեջ նաեւ հատվում են ու ունեն շատ նմանություններ՝ իշխողների անխելամիտ քայլերը, վախկոտությունը, ծուլությունը, ու այսպես շարունակ։ Բայց Սասունի (նույն իր՝ Հայաստանի) առաջ կանգնած լիքը խնդիրներ շատ են ծանր, ու պիտի լուծումներ գտնել։ 

Իրավիճակի բարդությունը, որ կա երկրում, ու որը Պետրոսյանը ներկայացնում է հանդիսատեսին, ստիպում է հեռանալ ծանրացած մտքերով։ Ու սա հնարավոր է` անսպասելի է նրանց համար, ովքեր սպասում կամ կարոտել են նրա վառ, կատակերգական ու լուսավոր ներկայացումներին։ Բայց արտիստն այս դեպքում էլ ազնիվ է իրականության ու այն մտքերի հետ, որոնք ուզում է կիսել մարդկանց հետ։ 

Սրան զուգահեռ, Պետրոսյանին հաջողվել է մարդկանց ստիպել ծիծաղել, բայց միաժամանակ պահել չափազանց կարեւոր, համարյա աննկատ մի սահման։ Այսպես, օրինակ` հանդիսատեսը կարող է զգալ արտիստի անհանգստությունը՝ արցախահայության  ճակատագրի հետ կապված, ու ծիծաղել երեւակայական «էթնիկ զտման նախարարության» կատարած հեռախոսազանգից։ Սա արվում է ցավեցնող, բայց չափազանց նուրբ կերպով եւ այս առումով զուգահեռվում է Պետրոսյանի «Վերելք» ներկայացմանը։ 

Ինչպես իր նախկին, այնպես էլ նոր՝ «Օրորոցային պատվիրան» ներկայացման դեպքում արտիստին հաջողվում է իր անսպառ արտիստական խարիզմայի օգնությամբ հանդիսատեսի ուշադրությունը պահել իր ձեռքում, «կառավարել» նրա մտքերի ընթացքն ու առաջարկել մտորել շատ կարեւոր հարցերի շուրջ։ 

Այն գաղափարական խնդիրները, որ քաղաքացի Վարդան Պետրոսյանը ցանկանում է լուծել, անում է՝ որպես արտիստ բազմագույն ու պինդ կերպարներ ստեղծելով։ Մի քանի շտրիխ, ու կարողանում ես ճանաչել իրարից տարբեր, իրար հակադրվող կերպարներին՝ վախվորած ու նվնվացող Վերգոյին, խաբվող Մսրա Մելիքին ու, իհարկե՝ Դավիթին, որ արտատեր պառավի միջոցով սկսում է բացահայտել իր երկրի ունեցած հարստությունները։ 

«Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պետրոսյանը դարձրել է խոնարհում հայ մայրերին, իսկ հայկական ժողովրդական օրորոցայինները գրեթե ողջ ներկայացման ընթացքում հնչում են ու ներկայացմանը հաղորդում յուրահատուկ երանգավորում։

Սրան զուգահեռ, արտիստը ստեղծել է մի հակասական ու պինդ մոր կերպար եւս՝ Իսմիլ Խաթունի։ Նա հաշվենկատ, չարամիտ, բայց պետական մտածողությամբ եւ զարմանալիորեն հետաքրքրական կերպար է։ Մի կողմից՝ այս կինը հակակրանք է առաջացնում, որովհետեւ ի վիճակի է ցանկացած նենգ քայլի, մյուս կողմից էլ՝ հանդիսատեսի աչքի առաջ ձեւավորվում է ուժեղ կնոջ կերպար, որի ցանկությունն իր երկիր Մըսրը կանգուն տեսնելն է։ Ըստ էության, Իսմիլ Խաթունն իր ձեռքում է պահում Մըսրա կայունությունն ու փորձում է ամրացնել իր երկրի հիմքերը։ Մի բան, որ անում են ու պիտի անեն Սասունի (Հայաստանի) մայրերը։ 

Իր այս բազմագույն կերպարների միջոցով Վարդան Պետրոսյանը շատ տարբեր խնդիրների մասին է խոսում, որոնց լուծումն իրոք հեշտ չէ գտնել։ Մի բան, սակայն, երեւի թե պարզ է։ Հանդիսատեսը գնում է առաջին կամ գուցե մեկ անգամ եւս՝ ինքն իրեն խոստանալով, որ Դավիթը չպիտի՛ անցնի Մսրա Մելիքի սրի տակով։

Լիլիթ Երանյան
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ