Ինչու Գարեգին Նժդեհին չի կարելի համեմատել Ռոման Շուխեւիչի կամ Ստեփան Բանդերայի հետ

Ինչու Գարեգին Նժդեհին չի կարելի համեմատել Ռոման Շուխեւիչի կամ Ստեփան Բանդերայի հետ

Վերջին մի քանի օրերին ռուսական մամուլը եւ փորձագիտական շրջանակները կրկին սկսել են ակտիվորեն քննարկել Գարեգին Նժդեհի կերպարը՝ նրան համեմատելով ուկրաինացի ազգայնականներ Ռոման Շուխեւիչի եւ Ստեփան Բանդերայի հետ: Այս համեմատություններն արվում են, որպեսզի ռուսական լսարանին հասկանալի դառնա, թե ով է Գարեգին Նժդեհը։ Որ ինչպես ուկրաինական ազգայնականները, նա եւս ակտիվորեն համագործակցել է գերմանական իշխանությունների հետ՝ պատերազմելով սովետական իշխանությունների եւ Կարմիր բանակի դեմ: Մինչդեռ քիչ թե շատ տեղեկացված մարդու համար պարզ է, որ Գարեգին Նժդեհի եւ ուկրաինական ազգայնականների կազմակերպության ՈՒԱԿ ղեկավարների միջեւ տարբերությունը, այդ թվում եւ՝ ռուսական հասարակության տեսակետից, էական է: 

Միայն այն պատճառով, որ Գարեգին Նժդեհը եղել է հայ ազգայնական գաղափարախոսության` Ցեղակրոնի հիմնադիրն ու գաղափարախոսը եւ համագործակցել է հիտլերյան Գերմանիայի իշխանության ներկայացուցիչների հետ, ամենեւին չի նշանակում, որ նրան կարելի է համեմատել կամ նույնականացնել ուկրաինացի ազգայնականների հետ: Քանի որ այս հարցն անիմաստորեն շահարկվում է սկսած 2016թ. մայիսի 28-ից, երբ Երեւանում բացվեց Գարեգին Նժդեհի արձանը, եւ դեռ շարունակվելու է շահարկվել, հարկ ենք համարում անդրադառնալ մի քանի կարեւոր հանգամանքների, որոնք ցույց են տալիս, թե որքան սխալ են ռուսական մամուլի եւ փորձագետների համեմատություններն ու մեղադրանքները, որոնք հաճախ սնվում են ադրբեջանական իշխանությունների քարոզչական եւ ֆինանսական աղբյուրներից:

Ամենակարեւոր եւ էական տարբերությունն այն է, որ Գարեգին Նժդեհին հայ հասարակությունը չի հերոսացրել Խորհրդային Միության դեմ պատերազմելու համար: Գարեգին Նժդեհը հերոսացել է հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու, այդ պայքարի ընթացքում թուրքական եւ ադրբեջանական բանակների դեմ տարած փայլուն հաղթանակների համար: Գարեգին Նժդեհը ռազմական գործչի իր կարիերան սկսել է  Բալկանյան պատերազմում՝ մասնակցելով Օսմանյան կայսրության դեմ Բուլղարիայի ազատագրական պատերազմին, արժանանալով բուլղարական կառավարության պետական պարգեւների: Այնուհետեւ Գարեգին Նժդեհը՝ որպես Ռուսական կայսրության բանակի սպա, մասնակցել է Առաջին համաշխարհայինի Կովկասյան ռազմաճակատի մարտերին: Սա ցույց է տալիս, որ Նժդեհը չի եղել հակառուս, նրան հետաքրքրել է իր հայրենիքի եւ ազգի ապագան, եւ նա օգտագործել է ցանկացած հնարավորություն՝ Հայաստանը թուրքական տիրապետությունից ազատագրելու համար:

Գարեգին Նժդեհը Հայաստանի սովետականացումից հետո՝ 1921թ. հեռանալով արտասահման եւ բնակվելով տարբեր երկրներում, Հայաստանի տարածքում չի նախաձեռնել եւ կազմակերպել հակասովետական քարոզչություն եւ պայքար: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա գործունեությունը սահմանափակվել է հայ ռազմագերիների հետ կապված աշխատանքով: Ցեղակրոնի գաղափարախոսությունը եւս ստեղծվել է ոչ թե Խորհրդային Հայաստանի հայության, այլ սփյուռքում ապրող հայերին օտար միջավայրում հայ պահելու եւ հայրենասիրության ոգով դաստիարակելու համար:

Մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ Նժդեհը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զենք չի բարձրացրել Կարմիր բանակի եւ նրա զինվորների վրա: Նրան մեղադրում են մի քանի տասնյակ դիվերսանտներ հավաքագրելու մեջ, սակայն այդ մեղադրանքներն այդպես էլ որեւէ կերպ չեն ապացուցվել: 1944թ. սովետական զորքերի՝ Բուլղարիա մուտք գործելուց հետո նա կարող էր տեղափոխվել Արեւմուտք, Սովետական Միության կողմից չվերահսկվող տարածք, սակայն գերադասել է կամավոր հանձնվել՝ հույս ունենալով, որ Սովետական Միությունը կարող է պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, եւ այդ պատերազմում ինքը կարող է օգտակար լինել: Նա նույնիսկ նամակ է գրել Բուլղարիայում սովետական զորքերի հրամանատար Ֆյոդոր Տոլբուխինին՝ առաջարկելով իր ծառայությունները Թուրքիայի դեմ պատերազմի դեպքում: 

Ի վերջո, Գարեգին Նժդեհին ուղղված հիմնական մեղադրանքն ամենեւին կապված չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միության կամ նրա շահերի դեմ գործած ինչ-որ գործունեության հետ: Նրան մեղադրել են 1921թ. Տաթեւում Կարմիր բանակի 400 զինվորների գնդակահարելու մեջ: Նժդեհն այդ մեղադրանքներին պատասխանել է, որ իր պայքարն ուղղված է եղել Կարմիր բանակի համազգեստ հագած ադրբեջանցիների դեմ:

Ինչ վերաբերում է Ստեփան Բանդերային եւ Ռոման Շուխեւիչին, ապա նրանք ուկրաինացի ազգայնականների եւ ուկրաինացի ժողովրդի մի զգալի մասի համար ազգային հերոսներ են հենց հակասովետական պայքարի համար: Շուխեւիչը զենքը ձեռքին պայքարել է խորհրդային բանակի դեմ՝ ինչպես 1941-45 թվականներին, այնպես էլ պատերազմի ավարտից հետո, կազմակերպելով տասնյակ հազարավոր ուկրաինացի ազգայնականների պայքարն Ուկրաինայի սովետական օկուպացիայի դեմ: Շուխեւիչը սպանվել է  1950թ.՝ սովետական հատուկ ծառայությունների կողմից, զինված դիմադրություն ցույց տալով եւ սպանելով խորհրդային հատուկ ծառայության սպայի: Ստեփան Բանդերան հակասովետական պայքարը շարունակել է էմիգրացիայում եւ 1959թ. սպանվել է խորհրդային հատուկ ծառայությունների կողմից:

Ինչպես կարելի է եզրակացնել վերոնշյալից, Գարեգին Նժդեհը ոչ միայն չի եղել հակառուս կամ հակասովետական գործիչ, այլեւ նրա պայքարի հիմնական թիրախը եղել է Թուրքիան: Լինելով Ռուսական կայսրության բանակի սպա, համագործակցելով ֆաշիստական Գերմանիայի կամ համագործակցության փորձեր անելով Խորհրդային Միության հետ՝ նա հետապնդել է միայն մեկ նպատակ. հնարավորինս մեծացնել Հայաստանի տարածքները, թուրքական եւ ադրբեջանական օկուպացիայից ազատագրել իր հայրենիքը: Սյունիքի հարցում նրան դա հաջողվել է, ինչի համար Ադրբեջանի իշխանություններն անգամ 100 տարի անց չեն կարողանում մոռանալ նրան եւ շարունակում են պայքարը նրա դեմ, եւ ինչի համար նա եղել եւ շարունակելու է մնալ որպես հայ ազգի մեծագույն զավակ եւ ընդօրինակման արժանի հերոս:

Ավետիս Բաբաջանյան