Ռոբերտ Քոչարյանի հետ նման բովանդակությամբ խոսակցություն չի եղել

Ռոբերտ Քոչարյանի հետ նման բովանդակությամբ խոսակցություն չի եղել

Իշխանական կայքերը երեկ գրեցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր թիմակիցների հետ և հայտարարել է, որ անհաջողության դեպքում սա ընդդիմության վերջին հանրահավաքն է լինելու, որին ինքը կմասնակցի: Իշխանական medianews կայքը, որը համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Տարոն Չախոյանը, երեկ գրել էր. «Այս օրերին ընդդիմադիրները ջանք չեն խնայում, որպեսզի հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն Քոչարյանի թիմակիցները տարբեր կերպ հասկացնել են տվել, որ ամենաշատը հենց նրա պատճառով է, որ քաղաքացիները խուսափում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Նրանք տարբեր պատճառներ են բերել` ամենաբարձր հակավարկանիշից մինչև վատ եղանակ, որպեսզի համոզեն Քոչարյանին հրաժարվել հանրահավաքին մասնակցելուց։ Սակայն Քոչարյանն անդրդվելի է գտնվել», - գրել է կայքը։

Մենք հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է նախագահ Քոչարյանը հանդիպել թիմակիցներին, եղե՞լ է արդյոք նման քննարկում, խոստացե՞լ է, որ սա իր վերջին հանրահավաքն է լինելու՝ եթե անհաջողության մատնվեն։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մամուլի հետ աշխատանքները կոորդինացնող Ագնեսա Խամոյանից:

Խամոյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում իր թիմակիցների հետ, սակայն նման բովանդակությամբ որևէ հանդիպում և քննարկում տեղի չի ունեցել. «Անգամ այդ հրապարակումներին ծանոթ չեմ: Բնական է, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդիպում է իր թիմակիցների հետ, սակայն նման բովանդակությամբ հանդիպում տեղի չի ունեցել», - ասաց Ագնեսա Խամոյանը:
Մենք նաև հետաքրքրվեցինք, իսկ գուցե եղե՞լ է նման խոստում նախագահ Քոչարյանի կողմից, գուցե այլ ֆորմատով, այլ միջավայրում, Խամոյանն ասաց. «Ես պերֆեկտ թիվիի մակարդակի կայքերին չեմ մեկնաբանում: Ծանոթ էլ չեմ, թե ինչ են գրել: Նախագահ Քոչարյանը վաղը մասնակցելու է հանրահավաքին: Քոչարյանի հետ նման բովանդակությամբ խոսակցություն տեղի չի ունեցել»: