«Չալաղաջասերը»

«Չալաղաջասերը»

«Սահմաններին լարվածությունից խուսափելու միակ միջոցը սահմանազատման գործընթաց սկսելն է: Չնայած Ադրբեջանի նախաձեռնած կառուցողական բանակցություններին՝ նույնը չենք նկատում հակառակ կողմից»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Ինչպիսի՜ խաղաղասիրական նախաձեռնություն՝ կասեն արեւմտյան վերլուծաբաններն ու իշխանավորները՝ կարդալով այս նախադասությունը:

 Ինչպիսի՜ աղա տղա է մեր Ջեյհունը՝ կարձագանքեն թյուրքախոս վերլուծաբաններն ու իշխանավորները: Խաղաղ դարաշրջանի մեկնարկի ճարտարապետ Փաշինյան Նիկոլն էլ, ի պատասխան վերոնշյալ հայտարարության, կասի, որ իրենք շարունակում են դրական ազդակներ ստանալ Ադրբեջանից: Կասի նույնիսկ այն ժամանակ, երբ հերթական խնդիրները ծագեն սահմանային դիրքերում: Իսկ 2018-ի ապրիլից գլուխը կախ «Մայր Հայաստանը» միայն կլռի՝ խայտառակ պատերազմում զոհված, գերեվարված ու հաշմված իր զավակների ցավը սրտում: 

Բայց խնդիրն այն է, որ Ջեյհունի հայտարարությունը ո՛չ դրական ազդակ է, ո՛չ «աղա տղու» խոսք եւ ո՛չ էլ խաղաղասիրական նախաձեռնություն: Դա հերթական սպառնալիքն է՝ ուղղված ոչ թե իրենց գործակալին, այլ Հայաստանի Հանրապետությանը: Սպառնալիք, որովհետեւ սահմանային լարվածությունն ինքն իրեն չի ծագում: Այն կյանքի է կոչվում հենց ադրբեջանական կողմի կողմից: Իսկ դա էլ կատարվում է, որպեսզի Հայաստանը ստիպված լինի սահմանազատման գործընթաց սկսել ադրբեջանական պայմաններով: Իսկ դրանք ենթադրում են առայժմ մի բան՝ սահմանների փոխադարձ ճանաչում, ինչը նշանակում է հրաժարում Արցախից: Հաջորդը, բնականաբար, կլինի «զանգեզուրյան միջանցքը», իսկ հետագայում դրա շնորհիվ նաեւ «Արեւմտյան Զանգեզուրը»: Եվ այդ ամենը՝ կրկին Հայաստանից հեթական զիջումը ստանալու միջոցով, ինչը կդիտարկվի որպես սահմանային լարվածությունից խուսափելու միակ միջոց:

Իսկ ի՞նչ է արվում մեր երկրում՝ դրանից խուսափելու համար: Բացարձակ ոչինչ: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը միայն Թուրքիայից ու Ադրբեջանից դրական ազդակների է սպասում, չնայած դրանց փոխարեն կամ դրանց հետ միասին նաեւ սահմանային լարվածություն է ստանում ու սպառնալիքներ Իլհամի կամ Ջեյհունի կողմից: Ուզում էի պատկերացնել նախկինների օրոք նման սպառնալիքներ հղելու երեւույթն ու չկարողացա: Ի դեպ, այն նախկինների, որոնց մեղադրում էինք ապօրինությունների մեջ, ու այդ թվում՝ տողերիս հեղինակը: Բայց այսօր ոչ թե ընդամենը ապօրինություն է կատարվում, այլ հայրենիք ենք կորցնում: Եվ դա տեղի է ունենում մեր աչքերի առաջ: 

Եվ մենք, որպես գրագետ, գիտակից ու հայրենասեր հավաքականություն, դեռեւս ի վիճակի չենք դրա դեմն առնելու: Իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով, ըստ սեփական խոստովանության, հպարտ էր մեր պարտությամբ, անընդհատ գտնվում է խոսքային մարտերի գործընթացում:  Սակայն դրանք մղվում են ոչ թե ընդդեմ Իլհամի կամ Ջեյհունի, այլ ընդդեմ սեփական երկրի ընդդիմության: Եվ ժամանակ առ ժամանակ դա լրացնում է «չալաղաջային» թեմայով: Չգիտեմ, թե ինչու հենց «չալաղաջային», բայց կարող եմ ենթադրել:

Ենթադրել, որ վերջինիս մտքերը չալաղաջ ուտելուց այն կողմ չեն անցնում: Եվ այդ պատճառով են դրանք անընդհատ բարձրաձայնվում: Եվ որեւէ կապ չունի, թե ով է չալաղաջ ուտողը. ընդդիմությո՞ւնը Բաղրամյան պողոտայում, թե՞ ինքը Մաշտոցի պողոտայում կամ մայրաքաղաքի այլ մասերում, էլ չեմ խոսում Ենոքավան գյուղի մասին: Ես, օրինակ, ավելի քան մեկ տարի ընդդեմ Նիկոլի եւ նրա ուսապարկերի հոդվածներ եմ գրում «Հրապարակում»: Բայց այդ ընթացքում երբեւէ հիշատակած չկամ չալաղաջ ըմբոշխնելու երեւույթը, թեեւ առիթ ունեի. իր իշխանությունը ինքը սկսեց հենց դրանով ու շարունակեց այն մերթընդմերթ: Իմ ուղեղում ուղղակի երբեք «չալաղաջային» մտքեր չեն ծագում, որպեսզի ես դրանք անընդհատ հիշատակեի: Երեւի նաեւ դրանում է իմ ու ինձ նման գիտակից մարդկանց տարբերությունը «չալաղաջասեր» անձից: