Հայոց նավը փոթորկի մեջ․․․

Հայոց նավը փոթորկի մեջ․․․

Շատ քաղաքագետներ են գրում, որ ժողովուրդը հիվանդ է, հարկավոր է բուժել։ Ուզում եմ հասկանալ՝ իրենք իրենց այդ ժողովրդի մաս համարու՞մ են։ Առո՞ղջ են իրենք ու ինչպե՞ ս է ստացվել, որ իրենք առողջ են մնացել։ Ու նաև մի բան՝ այդ ժողովրդի մեջ իշխանությունը մտնու՞մ է։ Եթե,  այո, թող բուժումը սկսեն այդ կետից։ Եթե ժողովրդին կառավարող, պետությունն անսասան պահող գլուխը «հիվանդ է» (փոխաբերական իմաստով եմ գործածում` ),  ի՞նչ վիճակում կհայտնվի ժողովուրդը՝ տարերային, հեղհեղուկ, երերուն, խոստումների խաբվող,ոգևորվող, հիասթափվող։ Գետն ընկած տաշեղի պես անընդհատ կլողա այս կամ այն ուղղությամբ։ 

Ժողովուրդն իմաստուն է, երբ նավավարը նավը վարում է ճիշտ ուղղությամբ, բայց երբ ուղղությունը փոխում է, ժողովուրդն ընկնում է այն վիճակի մեջ, ինչ վիճակում հիմա է։ Նավի մեջ  մի մասը գոռում է՝ սխալ եք գնում, մյուս մասը լռում է, իսկ այն մասը, որ անտեղյակ է ճանապարհից ասում է՝ թողեք գնա, ճիշտ է գնում։ Այս խառնաշփոթը տեսնել ու ասել, որ ժողովուրդը հիվանդ է, որ ամեն մեկը մի բան է ասում, ինչքանո՞վ է տեղին։ Ափին ընդունենք, որ կանգնած է ընդդիմությունը և գոռում է՝ մի վախեցեք, նավավարը «դավաճան է» , մենք ձեզ կփրկենք։ Ասում ու կանգնում է հեռու, ասում ու ոգևորում է ժողովրդին։ Ամենավճռական պահին, երբ նավը հատում է երկրի սահմանն ու օտար ափ մտնում, լռում է։ Ամենավճռական պահին, երբ նավը շրջվում է, քար լռություն է պահում ու քննադատում նավը օտար ափ տանող նավի անձնակազմին։ Սարսափելին այն է, որ և՛ դրսից, և՛ ներսից են խաբում ժողովրդին։ Դրսից, օտար ափից սպիտակ դրոշ են թափահարում և նավը կանչում են «խաղաղության հանգրվանի»։ Ներսից՝ նավի անձնակազմն ասում է,  որ ձեր փրկությունն այդ դրոշն է, և նավը տանում է այդ ուղղությամբ։ Նավում գտնվողները ի՞նչ կանեն, ի՞նչ գոռգոռոց կդնեն․․․
Ու գրում են, թե պետք է բուժել ժողովրդին, որովհետև վտանգը չեն զգում, որովհետև ոտքի չեն կանգնում, որովհետև խաբված են․․․ ԸՆդամենը պետք էր նավավարին փոխել և ձեր ասած «հիվանդ պալատը» կհանդարտվեր ։ Խուճապի մեջ գտնվող մարդուն պետք էր ոչ թե փախչել, այլ՝ կանգնել, կռվել սովորեցնել։  Իսկ մենք հինգ տարի թշնամու առաջ խուճապահար փախչում ենք։ Դա՛ է «հանուն ոչնչի կռվող» մեր ժողովրդին սովորեցրել իրեն ժողովրդի գլուխ համարող անձը, նավավարը։ 

․․․Ու ժողովու՞րն է հիվանդ։ Տեղի- անտեղի իրեն գերագույն նավավար հռչակածն ասում է, որ ինքը ժողովուրդն է։ Այսինքն ստացվում է, որ ինքը չի իր անմիտ քաղաքականությամբ Արցախն ու Հայաստանը կանգնեցրել անդնդի եզրին, այլ ժողովուրդն է կանգնեցրել։ 

Նման կեղծ, մարդուն սպանող «դիագնոզներից է հիվանդացել» ժողովուրդը ու հոգեպես ընկճվել այնքան, որ էլ թռչելու հնարավորությունը, թևերը կորցրել է։ Որ էլ ոչ մի վտանգ կամ զոհաբերություն հանձն չի առնում՝ հայրենիքը փրկելու համար։ Որովհետև հայրենիք , փրկողներին, հերոսներին նվաստացնում, ստորացնում, ձերբակալում են և՛ ներսից, և՛ դրսից։ Որովհետև հայրենիքի փրկության համար զոհվելը քարոզվում է որպես հանուն ոչնչի զոհվել։