Նիկոլ Փաշինյանի որոշումն ինքնանպատակ չէ

Նիկոլ Փաշինյանի որոշումն ինքնանպատակ չէ

Հայաստանի երրորդ հանրապետությունում քիչ չեն եղել դեպքերը, երբ տարբեր գերատեսչություններ միավորվել են, հետո՝ առանձնացել, հետո նորից միավորվել, ստեղծվել են նոր նախարարություններ, օրինակ՝ Սփյուռքի նախարարությունը։ Միշտ չէ, որ այդ միավորում-անջատումների մասին տվյալ պահին գործող կառավարությունը տվել է համոզիչ բացատրություն։ Օրերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է որոշ նախարարություններ միավորվեն, եւ մենք առաջիկայում չենք ունենա 18 նախարարություն։

Հասկանալի է, որ դա ամենեւին էլ պոպուլյար որոշում չէ, հատկապես՝ նախընտրական շրջանում։ Նկատի ունենանք, որ բազմաթիվ հանրային ծառայողների այս որոշման հետեւանքով սպառնում է անորոշ ժամկետով գործազրկության հեռանկարը։ Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ կա կառավարության արդյունավետության բարձրացման խնդիր, եւ այդ որոշումն ինքնանպատակ չէ։

«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ասելուց դա է նկատի ունեցել։ Շատ գործառույթներ կրկնվում են, որոշ նախարարություններ կատարում են նույն պարտականությունները։ Եվ երկրորդը՝ կարելի է շատ պարտականություններ տալ մասնավորին։ Այդ ամենից ելնելով էլ հարց է առաջանում՝ կարի՞ք կա պահել այս կամ այն նախարարությունը կամ գերատեսչությունը։ Դրանից ելնելով էլ՝ պետք է տեղի ունենա կառուցվածքի փոփոխություն, տեղի ունենա որոշ գերատեսչությունների կրճատում, չի բացառվում, որ ավելանան որոշ գերատեսչություններ։ Նպատակը չպետք է լինի՝ կրճատել նախարարությունները, եւ՝ վերջ։ Պարզ է, որ այսօր 18 նախարարությունների առկայությունը խանգարում է արդյունավետ կառավարմանը»,- ասաց տնտեսագետը։

Մեր հարցին, թե որ նախարարությունները պետք է կրճատվեն, Վահագն Խաչատրյանն արձագանքեց․ «Ես երբեւիցե այդ մասին չեմ մտածել։ Բոլոր պետական պարտականություններից կամ գործառույթներից ելնելով՝ ուղղակի այդ նախարարությունների անհրաժեշտությունները սահմանել»։