Վանեցյանը եւ հայկական ֆուտբոլը

Վանեցյանը եւ հայկական ֆուտբոլը

Տարեսկզբին ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանը նոր, շրջադարձային փուլերի միջով է անցնելու, լինելու են ֆունդամենտալ, կարեւոր փոփոխություններ ոչ միայն քաղաքական-հասարակական կյանքում, այլ նաեւ հայկական սպորտում, մասնավորապես՝ ֆուտբոլում:

Դեռ ամիսներ առաջ ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին պաշտոնից դուրս պատկերացնելն անգամ հրաշքի պես մի բան էր թվում, իսկ այսօր դա իրականություն է եւ անշրջելի փաստ: ՀՖՖ-ի ներկայիս նախագահը փոխարինեց մի մարդու, ով տարիներ շարունակ ձախողել էր ֆուտբոլային առողջ հանրույթ ստեղծելու եւ կազմակերպելու, հայկական ֆուտբոլի բարվոք ղեկավարման, այդ ֆուտբոլի զարգացման տենդենցներն ապահովելու պատշաճ ղեկավարումը:

Լարված մթնոլորտ, խժդժություններ, կոնֆլիկտներ, ձախողած ազգային առաջնություն, հավաքական, որից հեռացվում էին կարեւորագույն ֆուտբոլիստներ, մանկապատանեկան ֆուտբոլի թերակատարություն, մարզիչներ, որոնք քամու նման գալիս-գնում էին եւ այսպես շարունակ։ Ահա այն հիմնական ժառանգությունը, որ ստացավ Արթուր Վանեցյանը: Չի կարելի ասել, թե Վանեցյանը եկավ ու գործելու է իսպառ ավերակների վրա, բայց նրան բաժին ընկավ գուցե ավելի վատ «ժառանգություն»՝ կայուն փտած, դժգույն մթնոլորտ ունեցող մի համակարգ, որը վաղուց մոռացել էր թարմ, մինչեւ իսկ սուր քամիների, նոր գաղափարների, լավ տրամադրության եւ ամենակարեւորը՝ ապագայի հույսի եւ մեծ նպատակներն իրականացնելու կուռ հավատի մասին:

Եվ եթե այս պահին հայկական ֆուտբոլն իսկապես խորը ճգնաժամի մեջ է, եթե հնարավորություններ գրեթե չկան, որպեսզի իրականացվեն ֆուտբոլասերների բոլոր երազանքները, եթե այս պահին մեր հավաքականը բավանաչափ ներուժ չունի, որպեսզի հաղթահարի իր առջեւ դրված անգամ ոչ բարդ, ոչ էլ մեծ խնդիրները, միեւնույն է՝ մթնոլորտի, տրամադրության փոփոխությունը, ապագայի նկատմամբ հավատի աճեցվող սերմնահատիկը այդ նույն ապագան կերտելու լավագույն ապավենն են լինելու: Վանեցյանն այս առումով դրական եղանակ ստեղծող գործիչ եւ անձ է թվում, ինչն անչափ կարեւոր է նոր փոխհարաբերությունների, ֆուտբոլային հանրույթի առողջացման, օղակների միջեւ կառուցվող երկխոսությունների ձեւավորման համար:

Եվ, իհարկե, ճիշտ կադրային քաղաքականություն, մարդիկ, որոնք իրենց գործի պրոֆեսիոնալներն են, ֆուտբոլի իսկական երկրպագուներ, որոնք տարիներ շարունակ սրտացավորեն հետեւել են հայկական ֆուտբոլում տեղի ունեցող զարգացումներին: Ես, օրինակ, այս պահին աներկբա հավատում եմ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի պրոֆեսիոնալիզմին, նրա գիտելիքներին եւ ֆուտբոլի նկատմամբ նրա անառարկելի նվիրվածությանը։ Նաեւ՝ երկրորդ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, որի վերլուծություններն ու հոդվածները միշտ մեծ հետաքրքությամբ եմ ընթերցել: Այս մարդիկ մեր ֆուտբոլի համար իսկապես կարող են եղանակ ստեղծել, զորակցել Արթուր Վանեցյանին, որպեսզի հայկական ֆուտբոլը վերջապես երկար սպասված վերընթաց ունենա:

Զավեն Մխիթարյան