Մանդատից հրաժարվում է, որ գնա թոշակի՞, թե՞ գործադիր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մանդատից հրաժարված Նարինե Թուխիկյանից հետաքրքրվեցինք՝ հետ վերցնելո՞ւ է իր դիմումը, թե՞ կսպասի՝ ժամկետն ավարտվի, ու ավտոմատ զրկվի մանդատից։
«Դեռ ժամանակ ունեմ ես, թող ժամանակը գա, կորոշեմ»,- ասաց նա։ «Այսինքն՝ դա պայմանավորված է ԿԳ նախարարի՝ մշակույթի գծով տեղակալ գնալու հեռանկարո՞վ»։ «Չէ, իմ որոշումն էր էդպես, երևի թոշակի գնալու կապակցությամբ»,- փորձեց կատակել մշակութասեր պատգամավորը։ «Բայց Դուք տակավին երիտասարդ եք․․․»։ «Օ՜, շատ շնորհակալ եմ»,- հաճոյախոսությունից շոյվեց տիկին Թուխիկյանը։
- Բայց ընտրվելուց առաջ էլ գիտեիք, չէ՞, այդ մասին։
- Որ թոշակի՞ պիտի գնամ։
- Չէ, որ երիտասարդ եք։
- Հա՜․․․ էն ժամանակ էլ գիտեի, բայց գաղտնի էի պահում,- շարունակեց կատակի տալ տիկին Թուխիկյանը։
- Իսկ եթե ավելի լո՞ւրջ։
- Եթե ավելի լուրջ, մի քանի օր սպասենք, հա՞։
- Կարող է նորից հե՞տ վերցնեք դիմումը։
- Հա, չի բացառվում։
- Իսկ եթե հետ չվերցնեք դիմումն ու զրկվեք մանդատից, հնարավո՞ր է Ձեզ տեսնենք գործադիրում։
- Չի բացառվում։
- Այսինքն՝ մանդատից հրաժարվելու դիմումը, այնուամենայնիվ, պայմանավորված էր գործադիր գնալու հեռանկարո՞վ։
- Պայմանավորված էր իմ որոշմամբ՝ առայժմ վայր դնելու, մեկ շաբաթ աչքի առջև ունենալու։ Այնպես որ, այս երկու օրը պարզ կլինի․ եթե մինչև շաբաթվա վերջ հետ չվերցրի, ուրեմն չեմ վերցնի, արդեն կկորցնեմ մանդատը։
- Իսկ եթե կորցնեք, հնարավոր է գնաք գործադի՞ր։
- Տեսնենք, չգիտեմ։
- Առաջարկ չե՞ք ստացել։
- Չէ։
Կարծիքներ