Մարտի 1-ը նախորդ քաղաքական հանցագործությունների հետեւանքն է
1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը Hraparak.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն 2008թ․ մարտի 1-ին տապալել է սահմանադրական կարգը (ինչի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով), այլեւ 1998 եւ 2003 թվականներին իշխանության է եկել ՀՀ նախագահի ընտրությունները կեղծելու միջոցով։
«Կեղծվել են ընտրությունները, եւ ոչ ոք չի կարող ժխտել, որ դրանք կատարվել են «վերեւից» իջեցված հրահանգներով։ Դա՛ է խնդիրը, սահմանադրական կարգն ա՛յդ ժամանակ է տապալվել։ Ընտրական օրենսգիրքը հիմքերի հիմքն է, դրա խախտումը ամենամեծ հանցագործություններից է։ Սահմանադրության մեջ նշված է․
«Հայաստանի իշխանությունները ձեւավորվում են ընտրությունների միջոցով»։ Նրանք դա խախտել են։ Մարտի 1-ը տեղի ունեցավ նախորդ հանցագործությունների պատճառով, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց։ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է քաղաքական պաշտոն, նրա գործած հանցագործություններն, ըստ էության, քաղաքական են։ Պետք է դնել քաղաքական խնդիր։ Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի գործած նախորդ քաղաքական հանցագործությունների հետեւանքն է»,- կարծում է Արամ Մայիլյանը։
Կարծիքներ