«Հրապարակ». Պետք է օրենք մշակել ու սեփականաշնորհված հողերը հետ վերցնել

«Հրապարակ». Պետք է օրենք մշակել ու սեփականաշնորհված հողերը հետ վերցնել

Երեկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստում մի խումբ ճարտարապետների, ինժեներների, շինարարների մասնակցությամբ քննարկվել է Երեւանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցը։ Հրավիրյալները, իսկ նրանք տարիքն առած, ոլորտի փորձառու մասնագետներ են, օգնելու են քաղաքապետարանին, առաջարկներ են ներկայացնելու, որոնք, ինչպես վստահեցնում են, կներառվեն հատակագծի տեխնիկական առաջադրանքում։ «Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտել է օր առաջ նոր գլխավոր հատակագիծ ունենալու կարեւորությունը, ինչը թույլ կտա առավել հիմնարար կերպով կանոնակարգել մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Հետաքրքիր է, որ սա այն նույն Ղուլարյանն է, որի հետ փոխկապակցված, նրա ընտանիքի անդամներին պատկանող կազմակերպությունը Կոմայգու մեջ ահռելի սրճարան է սարքում եւ ավերում 90 տարեկան այգին։ Ինչպե՞ս կարող է նման անձը մտահոգված լինել «մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրներով»:

Եվ, ուրեմն, ի՞նչը կամ ո՞վ է ստիպում նրան մտահոգվել։ Լուրեր են պտտվում, որ նոր հատակագիծ ունենալու ցանկությունը կապ ունի կառավարական համակարգը տարբեր տարածքներով «ցրելու»՝ վարչապետի գաղափարի հետ։ Այդ նախագծով՝ նախարարությունները ոչ թե մեկ շենքի մեջ են լինելու, ինչպես հիմա է, այլ բաշխվելու են քաղաքով մեկ՝ ապակենտրոնացնելով կառավարական շենքերը։ Սա, ըստ մեզ հասած տեղեկությունների, բացատրվելու է անվտանգության նկատառումներով։ Այժմ դրա համար հողամասեր են ընտրում։ Մայրաքաղաքում կառուցվելու են նոր շենքեր։ Թե որտեղ՝ դեռ հայտնի չէ, բայց վարչապետի այս միտքը նոր գլխավոր հատակագիծ է պահանջելու, քանի որ դրա իրագործումը կախված է հողհատկացումների, տրանսպորտային ուղիների վերափոխման, այլ բաղադրիչների հետ։ Ի՞նչ սպասենք այս նոր նախաձեռնությունից, արդյո՞ք քաղաքը վերջնականապես չի ավերվի։ Թեմայի շուրջ խոսել ենք ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ, որը մասնակցել է Ղուլարյանի հրավիրած խորհրդակցությանը եւ տարբեր հասարակական խորհուրդների անդամ է։ 

- Դուք լսե՞լ եք, որ գլխավոր հատակագիծը մշակվում է հենց այս գաղափարն իրականացնելու համար։ 

- Լսել եմ, բայց սա պաշտոնապես հաստատված չէ։ Կարեւորն այն է, որ գլխավոր հատակագիծը ժամկետ ունի, որից հետո այն դառնում է անկիրառելի։ Հիմա ներկայիս հատակագիծը, որքան հիշում եմ, արվել է 2000-ականների սկզբին, դրա ժամկետն անցել է, նորն է պետք։

- Նոր հատակագիծը չի՞ ենթադրում հեղափոխական փոփոխություններ մայրաքաղաքում։ 

- Հեղափոխական՝ չէ։ Բայց, օրինակ, տրանսպորտային խնդիրը պրոբլեմային է։ Փողոցները լայնացնել չի լինի, նեղացնել չի լինի, ի՞նչ անել։ Սա հարցերից մեկն է։ Կամ՝ կանաչ տարածքները, որոնց մի մասը սեփականացվել է, շենքեր ու հողամասեր են կառուցվել դրանց վրա, անօրինական գործեր են արվել, եւ հիմա ի՞նչ անել․ սա էլ է հատակագծի խնդիր։ Սա էլ պետք է նայվի։ Մայթերը կտրելու, ապօրինի մանսարդների խնդիրը, աղավաղումների հարցերը, կանաչ տարածքների վրա կառուցված օբյեկտների՝ ռեստորանների ու սրճարանների, որոնք սեփականաշնորհված են, որտեղ վարձակալությամբ էին տրված հողերը, եւ արգելված էր սեփականաշնորհումը՝ այս հարցերը նաեւ քաղաքապետարանի քննարկումների ժամանակ ենք բարձրացնում։ Ի՞նչ անել դրանց հետ։ Պետք է օրենք մշակել ու հետ վերցնել։ Կարծում եմ՝ սրանք բոլորը գլխավոր հատակագծի խնդիրներ են։ 

- Ո՞րն է եղել Ձեր առաջարկն այդ նիստի ժամանակ, ասված է, որ ձեզնից առաջարկներ են ուզում, չէ՞։ 

- Իմ առաջարկն այն է եղել, որ քաղաքաշինական հարցերը լուծում են ոչ թե գենպլանով, այլ գլխավոր հատակագծի կանոնակարգով։ Պետք է լինի օրենք, որ հաստատված գլխավոր հատակագիծը փոփոխման ենթակա չէ։ Հակառակ դեպքում ամիսը մեկ կարող են փոփոխություններ անել, եւ այդ դեպքում գլխավոր հատակագիծը ոչ մեկին պետք չէ։ Կան հարցեր՝ օրինակ, Երեւանում բնակելի շինարարություն լինի՞, թե՞ ոչ, արդյունաբերական ձեռնարկություններ սարքե՞լ, թե՞ ոչ․ սրանք բոլորը գլխավոր հատակագծի հարցեր են։ Ինձ հետաքրքիր է օրենսդրական խնդիրը, ինձ պետք չէ, թե փողոցը պետք է լայնացնեն, թե նեղացնեն, դրանով մասնագետները թող զբաղվեն։ Ինձ պետք է, որ գլխավոր հատակագիծն ընդունվելուց հետո չփչանա, որ դա ընդունվի որպես սրբություն։ Դրան մասնակցում են բոլոր նախարարությունները՝ ՊՆ-ից սկսած։ Ու երբ որ բոլոր մակարդակներում մշակում վերջացնում ես, հաստատում ես, մեկ էլ պարզվում է, որ էսինչ հարցն է ծագել, պիտի փոխենք։ Դա արդեն չեղավ գենպլան։ 

- Մամուլը գրել է, որ Քաղշինկոմիտեի նախագահ Ղուլարյանին փոխկապակցված անձանց պատկանող կազմակերպությունն ահռելի սրճարան է կառուցել Կոմայգում։ Ինչպե՞ս կարող է այգին ավերողը հիմա այդպիսի հարցեր լուծել, հատակագիծ մշակել եւ այլն։ 

- Հանրային տարածք է այգին, այո, իրավունք չկա, որ նման օբյեկտ այնտեղ լինի։ Բոլոր դեպքերում, այդ կարգի տարածքներում չի կարելի կապիտալ շինարարություն անել։ Դրանք պետք է լինեն թեթեւ, ժամանակավոր կառույցներ, որոնք չունեն դուռ-պատուհան եւ աշխատում են միայն ամռանը։ 

- Խորհրդի կազմում է նաեւ Լեւոն Վարդանյանը, որը բնապահպանության նախկին նախարար, լուսահոգի Գեւորգ Վարդանյանի եղբայրն է։ Վերջին տարիներին նա է քաղաքում քաղաքաշինական որոշումներ կայացնում, «Հին Երեւան» ձախողված ծրագրի հեղինակն է։ Ասում են՝ իր եղբոր աղջկա՝ ավագանու ՔՊ-ական անդամ Նուարդ Վարդանյանի միջոցով մասնակցում է բոլոր քաղաքաշինական ծրագրերին։ Հակասություն չե՞ք տեսնում այստեղ։ Դուք «Հին Երեւանի» հակառակորդներից եք, եթե ճիշտ եմ հիշում։ Այս մարդիկ կարո՞ղ են լավ բան անել Երեւանում։ 

- Վերջերս «Հին Երեւանի» շուրջ քննարկում էր։ Էլի քննադատեցինք, բացատրեցինք, բայց նա չի ընդունում դա։ Երեւի կարծում է, թե մենք նախանձում ենք իրենց։ Ես էլ եմ բարձրաձայնել, որ այդ նախագիծը հին Երեւանի աղբակույտ է, ոչ թե «Հին Երեւան»։ Հիմա մենք ինչ խոսում ենք՝ էլի թղթի վրա է։ Օրենքն ասում է, որ գենպլանի խախտում չի կարելի։ Իսկ մյուս օրենքն էլ ընդունում է, որ եթե փոփոխության կարիք կա, պետք է նորից հաստատվի, ու փոփոխությունը մտցվի գենպլանի մեջ։ Ստացվեց՝ ամիսը մեկ կարող ենք հատակագիծ փոխել, այսինքն՝ ֆիքսենք ապօրինությունները։ Հասկանում եք, հակասական օրենքներ կան, պետք է օրենսդրական դաշտը կանոնակարգել։ Բոլոր զարգացած երկրներում դա արված է շատ գեղեցիկ ձեւով։ Պետք է ծանոթանալ ու կիրառել մեզ մոտ։ 

- Դուք մեր բարդ ժամանակներում, երբ ամեն ինչ կիսատ-պռատ է իրագործվում, լավատե՞ս եք, որ լավ գլխավոր հատակագիծ կունենանք։ 

- Ոչ։ Ես լավատեսություն չունեմ, քանի օրենքը քաղաքաշինությունում չի աշխատում, ամենաթողություն է այդ ոլորտում։ Ինձ ասում են՝ ճիշտ ես ասում, բայց դա բարդ հարց է, դա առանձին քննարկման հարց է, իսկ ես հասկանում եմ, որ վարչարարները մտահոգված չեն։