Հոմոսովետիկուս

Հոմոսովետիկուս

Իհարկե, իդեալական երկրներում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ, հասուն եւ գիտակից հասարակություն, արդարադատության կուռ եւ արդար համակարգ կան, զավակները հոր արարքների համար պատասխան չեն տալիս։ Եվ հասարակությունն էլ հասկանում է, որ հայրը որդու համար պատասխանատու չէ, որդին՝ հոր համար։ Բայց նման իդեալական երկրներ բնության մեջ չկան, իսկ հետսովետական տարածքում առհասարակ դա ուտոպիայի ոլորտից է։ Հենց դրա շնորհիվ է, որ դժբախտության մեջ հայտնված հոր պատճառով ամբողջ ընտանիքը, ինչպես ասում են, ջուրն է մաղվում, եւ հասարակությունը ոչ միայն հանցագործին է մեղադրում, այլեւ նրա ողջ ցեղին։ Հիշում եք, չէ՞, Պեմզաշենի դաժան սպանությունից հետո ամբողջ համայնքը հարձակվել էր սպանության մեջ կասկածվողների տների վրա, եւ եթե ոստիկանները չպաշտպանեին, նրանց ոչնչացրած կլինեին։ Այդ ընտանիքները հեռացան գյուղից։ Թեեւ Հայաստանի նման փոքր երկրում ո՞ւր պետք է փախչեն։

Ուստի շատ բնական է, որ երկիրը պատերազմի տարած իշխանավորների ընտանիքներն էլ պաշտպանված չեն կարող լինել, ինչպես պեմզաշենցի մարդասպանների ընտանիքները պաշտպանված չէին։ Մյուս կողմից՝ արդյո՞ք այս իշխանությունը պահպանում է այն կարմիր գծերը, որ որդին հոր համար պատասխանատու չէ, եւ հոր հանցանքը չի կարող տարածվել զավակների վրա։ Շատ լավ հիշում ենք, թե ինչպես էին Հրայր Թովմասյանի դեռատի աղջիկներին տանում-բերում ԱԱԾ, տարեց հորը՝ նույնպես։ Իսկ Սաշիկ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ մեղադրանքները փաստաբանները բացատրում էին բացառապես նրանց հայրերի նկատմամբ իշխանությունների ունեցած վրեժի զգացումով։ Որդիներին հոր արարքների համար պատժելու լավագույն միջոց է նաեւ ապօրինի գույքի բռնագրավման օրենքը։