Նոր խմորումներ «Սեքյուրիթի Դրիմ»-ում  

Նոր խմորումներ «Սեքյուրիթի Դրիմ»-ում  

«Սեքյուրիթի Դրիմ»  ընկերությունն այսօր ընդդեմ նախկին տնօրենի հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ձեռք է բերել մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ քրեական օրենսգրքի 38-257-րդ հոդվածի 1-ին,  324-րդ հոդվածի 2-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասոերով։

«Մինչդեռ վերջինս լրատվամիջոցները հեղեղել էր ստահոդ և կեղծ տեղեկություններով Ընկերությունում ենթադրյալ կատարված ապօրինությունների մասին, որոնք, ինչպես փաստվեց, զուտ նպատակ են հետապնդել շեղել իրավապահ մարմինների ուշադրությունը, ճնշում գործադրել ընկերության հիմնադիրների վրա և փորձել վարկաբեկել վերջիններիս և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործարար համբավը՝  դրանց արդյունքում թյուրիմացության մեջ գցելով ընկերության մի շարք աշխատակիցների»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ընկերության աշխատակիցները մարտ ամսին իրականացված բողոքի ակցիաների ժամանակ կանգնել էին իրենց տնօրենի կողքը և հայտարարում էին, թե նա ընդդիմացել է ընկերության սեփականատերեր Զաքարյանի պահանջին՝ կամ կրճատել բոլոր աշխատակիցներին կամ մի մասին ազատել աշխատանքից, մյուսների աշխատավարձերը թողնել նույնը։

Այն ժամանակ ընկերության սեփականատերերը դուրս էին գալիս լրագրողների առաջ և պաշտոնապես հայտարարում, թե նման բան չկա, ոչ ոք չի կրճատվելու։ Սակայն 2 օր առաջ հայտնի դարձավ, որ ընկերության 20 աշխատակից աշխատանքից ազատվել է։

Զաքարյանների պատճառաբանությունը՝ նրանց՝ աշխատանքի չներկայանալն է, սակայն մյուս կողմը հակառակն է պնդում։ Ի դեպ, ևս 5 աշխատակից էլ օրեր առաջ հեռացվել է՝ ընկերության ամենաակտիվ ցուցարարներից։
Ինչ վերաբերվում է Արամ Ղլեչյանին, ապա վերջինս, հիշեցնենք, Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք էր տվել՝ պնդելով, որ «Սեքյուրիթի դրիմի» սեփականատերերը ամսական 43 միլիոն դրամի պետական միջոցներ է յուրացրել, որոնք նախատեսված էին լուսացույցների սպասարկումն իրականացնելու համար։