«Հանրային ձայն», գոնե մեկ անգամ ձեզ դրսևորեք որպես ընդդիմադիր

«Հանրային ձայն», գոնե մեկ անգամ ձեզ դրսևորեք որպես ընդդիմադիր

ՔՊ-ական իշխանությունը երկու ոտքը մի մաշիկ դրած` ամեն գնով ցանկանում է թանկացնել Երևանում հանրային տրանսպորտի սակագինը:  Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտը թանկացնելու նախագիծ էր ներկայացրել դեռ նախորդ ամիս, այն ներառված էր փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգում: Եթե նախագիծն ընդունվեր, սեպտեմբերի 1-ից քաղաքացիները 100 դրամի փոխարեն ավելի շատ կվճարեին, իսկ թե որքան կլիներ ավելացումը, կախված կլիներ ընտրությունից՝ ի՞նչ տարբերակ կընտրեն՝ մեկանգամյա՞, օրակա՞ն, ամսակա՞ն, թե՞ տարեկան: Եթե քաղաքացին մեկ շաբաթվա համար տոմս ձեռք բերեր, կվճարեր շուրջ 5 հազար դրամ՝ այս փաթեթով տրանսպորտից հնարավոր կլիներ օգտվել 30 անգամ։ Մեկ ամսվա քարտը կարժենար 11 հազար դրամ, բայց անսահմանափակ չէր լինի՝ տրանսպորտից հնարավոր կլիներ օգտվել 60 անգամ։ Այդ նախագծով «90 օր» տարբերակի համար քաղաքացին 25 հազար դրամ պետք է վճարեր՝ այս դեպքում էլ փաթեթը նախատեսված էր 180 անգամ տրանսպորտից օգտվելու համար։ Տարեկան փաթեթն էլ պետք է արժենար 110 հազար դրամ, բայց կրկին սահմանափակ թվով` 1000 անգամ տրանսպորտից օգտվելու համար. այս փաթեթով յուրաքանչյուր փոխադրման արժեքը 110 դրամ կկազմեր: 

Նախագիծն, իհարկե, մեծ քննադատությունների աժանացավ, առաջացնելով հանրության լայն շերտերի դժգոհությունը: Հավանաբար հենց այդ դժգոհությունների շնորհիվ էլ նախագիծը կյանքի չկոչվեց, սակայն մի փոքր պաուզայից հետո Երևանի քաղաքապետարանը կրկին ներկայացրել է տրանսպորտի թանկացման նախագիծը, որը կքննարկվի մարտի 12-ի ավագանու նիստի ժամանակ: Այս անգամ քաղաքապետարանն առաջարկում է` «30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 90 օրվա համար 23 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 365 օրվա համար 88 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»։ 

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եթե քաղաքացիները չօգտվեն վերոնշյալ փաթեթներից, ապա մեկ օր տրանսպորտից օգտվելու համար պետք է վճարեն 900 դրամ: Գրեթե այնքան, որքան տաքսու ծառայությունն արժի:

Մենք փոքրիկ ուսումննասիրություն արեցինք, հասկանալու համար, թե ինչ սակագներ են այլ քաղաքներում: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տարեկան տոմսի տարբերակը հնարավոր է ձեռք բերել 64 հազար դրամին համարժեք կրոնով՝ գրեթե կրկնակի էժան, ի տարբերություն հայ պաշտոնյաների առաջարկի՝ Պրահայում այս փաթեթներն անսահմանափակ են, կարելի է գնել ու օգտվել որքան պետք է։ Ընդ որում, Չեխիայում կենսամակարդակն ու աշխատավարձերը քանիցս բարձր են Հայաստանից: Թբիլիսիում տարեկանը 100 դոլարից էլ պակաս արժե և կրկին անսահմանափակ է` 40 լարիով ՝ 6 հազար դրամով էլ հնարավոր է ամսականը ձեռք բերել։ Երևանում գրեթե երկու անգամ ավելի բարձր գին են առաջարկում։ 

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանը «Հրապարակի» հետ զրույցում իր տարակուսանքն է հայտնում Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող տարբերակների մասին: Արամյանը ծաղրում է. «900 դրամը մի փոքր քիչ է, էդ ի՞նչ փող է որ: Ինձ թվում է` ճիշտ կլիներ գինը սահմանել գոնե 1500»: Ավագանու անդամի կարծիքով` «Հանրային ձայն» անհասկանալի խմբակը գոնե այս անգամ եթե կամքի ուժ ունենա և առաջնորդվի ընդդիմության տեսանկյունից, ապա  ամեն բան իր տեղը կընկնի. «Մեր խմբակցության առաջարկն անփոփոխ է. անկախ ամեն ինչից Երևանում տրանսպորտի սակագինը չպետք է գերազանցի 100 դրամը: Փաթեթային առաջարկներ կարող են բերել միայն ու միայն դրանից հետո: Ինչ փաթեթներ ուզում են թող առաջարկեն` օրական, շաբաթական, տարեկան, բայց մեկ պայմանով` պետք է մեկանգամյա ուղեվարձը մնա 100 դրամ: Այդ դեպքում թող քաղաքացիներն իրենք որոշեն ինչ են ցանկանում անել: Այո, գուցե կան մարդիկ, ովքեր օրվա կտրվածքով ութ անգամ օգտվում են հանրային տրանսպորտից և նրանց կարող են այս փաթեթները ձեռնտու լինել: Մեր վերջնական տեսակետը սա է: Վաղը առավոտյան այս թեմայով տեղի է ունենալու բողոքի ակցիա և մենք քաղաքացիներին անպայման աջակցելու ենք: Ինչ վերաբերում է վաղվա ավագանու նիստին, ապա մեր առաջարկը խմբակցություններին, հատկապես անհասկանալի կողմնորոշում ունեցող «Հանրային ձայնին» հետևյալն է` գոնե այս անգամ հանդես եկեք որպես ընդդիմադիր խմբակցություն: Ի դեպմ նրանց անդամներն այնպիսի հաճախականությամբ են փոխվում, որ չենք հասցնում հասկանալ, քանիսն են այսօր նրանք, ի վերջո: Գոնե մեկ անգամ ձեզ դրսևորեք որպես ընդդիմադիր և կանգնեք երևանցու կողքին: Պետք է տապալել այս նախագծի ընդունումը, բայց թե ինչ կլինի, չենք կարող ասել: Եթե նրանք գրանցվեն քվեարկությանն, ապա ինչպես Ավինյանին դարձրեցին քաղաքապետ, այդպես էլ տրանսպորտն են թանկացնելու: Դրանից հետո էլ նույն «Հանրային ձայնի» շնորհիվ բյուջեն հաստատվեց, կարմիր գծերը թանկացան և այլն: Հորդորս մեր քաղաքացիներին` եթե թանկանա հանրային տրանսպորտը, պետք է բոյկոտել, չվճարելով ոչ մի լումա», - ասաց Արամյանը: