Արարատի նկարը քո պատից հանեցիր, բայց ժողովրդի միջից չես կարող հանել

Արարատի նկարը քո պատից հանեցիր, բայց ժողովրդի միջից չես կարող հանել

Արարատի պատկերն ու խորհուրդը մերժող իշխանություններին ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը նախ պատասխանում է որպես քաղաքացի, հետո նոր՝ որպես նկարիչ, ով Արարատի պատկերով մեկ տասնյակից ավելի կտավներ ունի։ «Ու այստեղ բնավ կարեւոր չէ՝ ես Արարատը նկարե՞լ եմ թե՞ չէ, հարցը նրանում է, որ Արարատն իմ մեջ է, ու ես իրեն չեմ ուզում եւ չեմ կարող հանել։ Արարատը որ պետության տարածքում էլ գտնվի, մեզ համար ոչ մի նշանակություն չունի, Արարատ լեռը մեր էությունն է։ Ես էլ միշտ մտածել եմ, որ Հայաստանում չպետք է լինեն այդքան շատ կուսակցություններ, այլ ընդամենը լինի մեկը՝ «Արարատ» կուսակցություն։ Բացի այդ սիմվոլիզմից, խորհրդից, որ այդ սարն ունի մեզ համար, Արարատը ժողովրդի հոգու մեջ այնպես է մտել, որ նրան որեւէ կերպ հանել չի կարելի, ու այդ քայլն անընդունելի է, իսկ ով մտածում է դրա մասին, ես խնդրում ու պահանջում եմ՝ մտքից հանի, քանի որ ժողովրդի միջից չես կարող Արարատի պատկերը հանել, դա արդեն մեր արյան մեջ է ու շատ վաղուց՝ դարեր ի վեր։ Ավելին՝ աշխարհն էլ մեզ Արարատով է ճանաչում, ուրեմն ինչո՞ւ ենք մենք հիմա նաեւ աշխարհին հակառակ գնում»։

«Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն ծայրահեղ դրսեւորումներ է ստանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից բիբլիական Արարատի մերժումը պետական քաղաքականություն է դարձել։ Նա վերջին շրջանում իր հյուրերին ընդունում է մի սրահում, որի պատին Արագածի հսկայական նկարն է: Ավելին՝ օրեր առաջ էլ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 185 հազար դրամ է հատկացրել՝ Արագածի նկարը ձեռք բերելու համար։

«Ես օրեր առաջ տեսա, որ վարչապետն արդեն Արագածի ֆոնին է խորհրդակցություններ, ընդունելություններ իրականացնում։ Ի սեր Աստծո, Արագածի ֆոտոն էլ կպցրեք, Արագածն էլ է մեր սարը, մենք Արագածի ջրերով ենք սնվում, բայց Արարատն ու Արագածը տարբեր բաներ են եւ տարբեր խորհուրդներ ունեն մեզ համար, ասենք՝ քո պատից հանեցիր Արարատի նկարը, բայց ժողովրդի միջից չես կարող հանել, որովհետեւ այն մեր արյան մեջ է։ Չի կարելի նման բան մինչեւ անգամ մտածել, հետո ի՞նչ, որ ռուսներն այն տվեցին թուրքերին, տարածքն են տվել, բայց Արարատի հոգին, սերը չեն տվել, դա մերն է։ Ինչ ղեկավար էլ գա ու գնա, Արարատին չպետք է ձեռք տան։ Անգամ թուրքերը գիտեն, որ դա մերն է, վերջերս մի հաղորդում էի լսում, մի թուրք կին էր խոսում, ասում էր՝ Ղարսը, Սարիղամիշը, Արարատը, Անին, միեւնույն է, հայկական են։ Արարատի հայկական լինելը չպետք է կասկածի տակ դրվի, անկախ նրանից՝ այսօր ով է ուժեղ՝ թո՞ւրքը, ռո՞ւսը, թե՞ Ամերիկան։ Հա, մենք էլ ենք ասում՝ այսօր Արարատը ձեր տարածքում է, բայց հետո՞ ինչ, հարյուր տարի հետո էլ կարող է Պարսկաստանի տարածքում լինի, հետո՞ ինչ, դրանով ինքը չի դադարելու հայերինն ու հայկական լինելուց։ Ձեռքներդ հեռու Արարատից, մեկ է, դուք ժամանակավոր եք, որովհետեւ այս աշխարհի երեսին ո՛չ մոնղոլ թաթարները, ո՛չ էլ անգամ Մակեդոնացին հավերժ չէին»,- ասում է գեղանկարիչն ու ընդգծում, որ Արարատի խորհուրդը մեր գենետիկ, պատմական ու մշակութային հիշողության մեջ է, որը չես կարող փոխել կամ մոռացության տալ։

Անդրադառնալով մյուս խորհրդանիշների՝ զինանշանի, օրհներգի, Սահմանադրության փոփոխությանը, Փ․ Միրզոյանը նկատում է, որ հիմա դրա ժամանակը չէ․ «Ի՞նչ է նշանակում սահմանադրություն փոխել, ով գալիս է, իր խելքին սահմանադրություն է փոխում․ ի՞նչ իրավունքով, մեկի ցանկությամբ չի կարող փոխվել մի ողջ պետության սահմանադրություն, այդպես չի լինում, սահմանադրությունը ձեզ համար խաղալիք չէ։ Ու այդպես է ամեն ոլորտում, ամեն ինչ ուզում են փոխել, այդ թվում՝ կոչումները, բայց եթե դրանք ուզում ես հանել, առաջարկի, թե տեղն ինչ ես ուզում դնել, ինչ ես առաջարկում, որովհետեւ եթե մենք պետություն ենք, ապա ցանկացած դեպքում որեւիցե կոչում պետք է ունենանք։ Ինձ թվում է՝ այս թեմաները, որ առաջ են քաշում, հետո ավելի շատ շոուների են վերածվում։ Կամ՝ բոլորին հարկելու այդ մոլուցքը, այնպիսի տպավորություն է, որ պետությունը միայն հարկահավաքի դերում է եւ որեւէ ձեւով ժողովրդի մասին չի մտածում։ Ես չեմ հիշում մի օրենք այս 30 տարվա մեջ, որ ընդունվել է ի շահ ժողովրդի։ Եթե դուք նման օրենք գիտեք՝ ասեք»։

Փ․ Միրզոյանը ցավով արձանագրում է, որ նորանկախ Հայաստանի 30-ից ավելի տարիների ընթացքում մենք չկարողացանք դառնալ այնպիսի պետություն, որը վայել է հայ ժողովրդին․ «Չի կարելի 3 լարի վրա խաղալ, պետք է ճիշտ ճանապարհ ընտրել, որով ընթանան մեր երկիրն ու ժողովուրդը, հակառակ դեպքում ոչ մի տեղ չես հասնի, ավելին՝ երկիրը կհասցնես կործանման։ Ու ցավն այն է, որ ժողովրդի համար էլ կարծես ամեն ինչ միեւնույն է, դա է ինձ ջղայնացնում։ Ես այսօր ավելի շատ տեսնում եմ ոչ թե ժողովրդի, այլ ամբոխի, իսկ որպեսզի ամբոխը ոտքի կանգնի ու դառնա ժողովուրդ, պետք է իդեոլոգիա լինի, ծրագիր, բայց համատարած անորոշություն է։ Տարբեր թեւերի է բաժանված ժողովուրդը, այդպես ժողովուրդ չի լինում»։  

Փ․ Միրզոյանը նաեւ ստեղծագործական ակտիվ ընթացքի մեջ է, մայիսին նախատեսված է նկարչի գծանկարների ցուցահանդեսը Լեհաստանում, իսկ հոկտեմբերին՝ գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն Օրենբուրգում, որի պետական թանգարանի տնօրինությունն օրերս ժամանել էր Հայաստան, որպեսզի անձնապես ընտրեր, թե ինչ աշխատանքներ են ցուցադրվելու Օրենբուրգում։ Տարեվերջին էլ Հայաստանի նկարիչների միությունում գեղանկարչի 75-ամյակի կապակցությամբ կբացվի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես։