Ձեւակերպումները կան, քայլերը չկան 

Ձեւակերպումները կան, քայլերը չկան 

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշիչի ձեւավորման եւ հաստատման կարգի մասին» նախագիծը, որի վերաբերյալ թիրախ խմբերի հետ պարբերաբար անցկացվում են առցանց հանդիպումներ:

«Չափորոշիչի նախագիծն առաջարկում է առարկայացանկի ձեւավորման սկզբունքների փոփոխություն եւ, մասնավորապես, հնարավորություն է տալիս, որ դպրոցներն առավելագույն ժամաքանակի շրջանակում, ըստ տոկոսային միջակայքերի, այն համամասնությամբ ձեւավորեն ուսումնական պլանը, որը հարմար կգտնեն: Սակայն միաժամանակ ապահովել ենք, որ բոլոր բնագավառները ներկայացված լինեն, եւ պետական բաղադրիչի շրջանակում սահմանելով 4 պարտադիր առարկաներ՝ երաշխավորել ենք դրանց անհրաժեշտ ծավալով ուսուցումը դպրոցում: Հայոց լեզուն եւ հայ գրականությունը, ինչպես նաեւ հայոց պատմությունն այդ առարկաների ցանկում են: Ըստ չափորոշիչում տրված հաշվարկի մեխանիզմի՝ հայոց լեզվի ժամերը ոչ միայն չեն կրճատվում, այլեւ, ընդհակառակը, գործող չափորոշիչի համեմատ ավելանում են»,-նախօրեին նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ եթե գործող չափորոշիչով տարրական դպրոցում մայրենի լեզվի համար հատկացված դասաժամերը 650 են, ապա նոր չափորոշիչով դրանք տարեկան հասնելու են մինչեւ 718 ժամի, գործող չափորոշիչով միջին դպրոցում դրանք 850 են, նոր չափորոշիչով՝ 893, ավագ դպրոցում 500 են, նորով՝ 571։ Այսինքն, ըստ չափորոշիչում տրված հաշվարկի մեխանիզմի՝ հայոց լեզվի ժամերը ոչ միայն չեն կրճատվում, այլեւ, գործող չափորոշիչի համեմատ, ավելանում են։ 

Չափորոշիչի նախագծով առաջարկվող փոփոխությունների շրջանակում արվելու է նաեւ ծրագրի էական բեռնաթափում՝ ըստ աստիճանների նվազագույն ժամաքանակների մասով, որի շնորհիվ առաջարկվում է երկրորդ եւ չորրորդ դասարանում եւս երկուական շաբաթ հավելյալ արձակուրդի հնարավորություն ուսումնական տարվա ընթացքում։ Ինչպես նաեւ հրաժարվել անբավարար գնահատականից, դրա փոխարեն սովորողների հետ աշխատել տարվա ընթացքում։ Բացի ուսումնական պլանի պետական պարտադիր եւ դպրոցական բաղադրիչներից, առաջարկվում է անհատական բաղադրիչը, որի շրջանակում սովորողի հանդեպ անհատականացված մոտեցման հնարավորություն է ստեղծվում։ Իսկ ավագ դպրոցում առաջարկվում է հոսքային ուսուցումից հրաժարվել՝ ի նպաստ անհատականացված դասացուցակի, որը կկազմվի պարտադիր առարկաների համադրությամբ։

Չափորոշիչը նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում, հետեւաբար, նախարարությունն ունի ընդամենը մի քանի տարի՝ այն փորձարկելու եւ անհրաժեշտ լրամշակումներ կատարելու համար։ Չնայած Ժաննա Անդրեասյանի հավաստմանը, որ այս ժամանակահատվածն օգտագործելու են ուսուցիչների վերապատրաստման եւ անհրաժեշտ ուսումնական նյութերի պատրաստման համար, այդուհանդերձ, ուսուցիչների համար դեռ շատ հարցեր մնում են անորոշ եւ չպարզաբանված։ Նրանք դեռ չեն պատկերացնում, թե ինչ ասել է՝ ուսուցչին կտրվեն ստեղծագործելու եւ ազատությունների որոշակի հնարավորություններ։

«Ուսուցիչը, անգամ գործող չափորոշիչով, եթե ստեղծագործ չլինի, սայլը տեղից չի շարժվի, որովհետեւ դասագրքերի մեջ թեմաները քիչ են, 1-2 վարժություն, այսինքն՝ այդ 45 րոպեի ընթացքում քո ստեղծագործ միտքն է կարեւոր։ Այսինքն՝ այնպես չէր, որ ուսուցիչը ստեղծագործ չէր եւ նոր պիտի դառնա»,-նշում է ուսուցիչներից մեկը։

Շատերի կարծիքով, այս նախագիծը տեղայնացված չէ մեր երկրի համար եւ ոչ մի կերպ չի անդրադառնում մեր ազգային մտածելակերպի առանձնահատկություններին․ «Այնպիսի տպավորություն է, որ ուրիշ երկրի նախագիծը բերել են եւ «Հայաստան» բառն ավելացնելով՝ փորձում են դարձնել մերը։ Քննարկման ժամանակ քահանաներից մեկն ասաց, որ անգամ «քրիստոնեություն» բառը չկա չափորոշիչում։ Շատ ընդհանուր է ամեն ինչ, եւ նույն նախագիծը կարող է լինել նաեւ Բելառուսում։ Այսինքն՝ սա ինչ-որ տեղից վերցված ծրագիր է, որի մեջ դեռ ամբողջովին չեն տեղայնացրել մերը, բայց արդեն հրապարակում են որպես չափորոշիչի նախագիծ, որը պետք է հաստատվի»։

Մանկավարժական հանրության համար անհասկանալի է նաեւ, թե, դիցուք, բնագիտականի ինտեգրված դասագիրքն ինչ ձեւ է լինելու, ովքեր են դասավանդելու, հատկապես որ այս դեպքում աշխարհագրությունը, կենսաբանությունը, ֆիզիկան ու քիմիան անցնելու են մի առարկայի շրջանակում, ինչը մի շարք խնդիրներ է ի հայտ բերում՝ վերապատրաստումից մինչեւ կրճատվող ուսուցիչների հարցը։ «Սա նման է նրան, որ հին բազմոցին նոր ծածկոց գցես եւ թաքցնես հին խնդիրները»,- նկատեց ուսուցիչներից մեկն ու հավելեց, որ այդ առարկաները որքան իրար մոտ, այնքան էլ տարբեր են, եւ դժվար կլինի ուսուցիչներին վերապատրաստել բոլոր առարկաների գծով։ 

«Չափորոշիչի նախագծի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է դպրոցից պահանջները ձեւակերպել ոչ թե գիտելիքային իմացության, այլ վերառարկայական կարողունակությունների՝ կոմպետենցիաների տեսքով»։ Թե ինչ է նշանակում փոխնախարարի այս ձեւակերպումը, ապա․ «Շեշտը դնում են ոչ թե գիտելիքի, այլ կարողությունների վրա»։ Սա մեկ այլ ուսուցչի բնորոշմամբ՝ լավ է․ «Այսինքն՝ այդ գիտելիքները պետք է բերեն կարողության, հմտության, ոչ թե մնան սոսկ գիտելիք։ Սա լավ մոտեցում է, բայց թե ոնց պետք է մենք հասնենք դրան եւ ինչ պետք է անենք, դեռ պարզ չէ, այսինքն՝ ձեւակերպումները կան, քայլերը չկան»։ 

Նախագծում մատնանշված հմտությունների մեծ մասը տեխնոլոգիաների հետ կապված հարցեր են, որոնք հատկապես 50-ն անց մանկավարժները դժվարանում են եւ դժվարանալու են կիրառել։ 

Նոր չափորոշիչների դեպքում արդեն աշակերտն է որոշելու, թե որ առարկայից քանի ժամ անցնի։ Ուսուցիչների կարծիքով՝ դա լավ է, եթե գիտակից աշակերտի հետ գործ ունեն։ «Մի քիչ գերագնահատել եւ մեծ նշանակություն ենք տվել աշակերտին»։

Մեկ այլ խնդիր՝ կապված ինտեգրված առարկաների հետ, որը կարող է ռիսկային լինել տնօրենների սուբյեկտիվ ընտրության պատճառով․ «Ենթադրենք, տնօրենն իր ձեռքի տակ ունի 30 ժամ, հիմա կարող է սուբյեկտիվ մոտեցում լինի, եւ բանասեր տնօրենը որոշի լեզվի ժամերին հատկացնել այդ ավել ժամերը, բնագետը՝ բնագիտական առարկաներին, եւ այդպես շարունակ։ Ու նշանակություն չունի տնօրենի բացատրությունը, որովհետեւ ցանկացած հարցի վերաբերյալ կարելի է հիմնավոր բացատրություն գրել եւ ներկայացնել։ Դա ավելի շատ տնօրենների համար թակարդ է, ոչ թե ազատություն, որովհետեւ յուրաքանչյուրն ակնկալելու է, որ իր դասաժամերի քանակն ավելացվի»։

Ինչ վերաբերում է հայոց լեզվի դասաժամերին, ապա ուսուցիչները վստահ են, որ միայն բարձրացված դժգոհության արդյունքում հայոց լեզվի ժամերը պահպանվեցին եւ դեռ մի բան էլ ավելացվեցին։