Ինչու է Արեւմուտքը պայքարում ապօրինի հարստացման դեմ եւ ինչ է ստանում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից

Ինչու է Արեւմուտքը պայքարում ապօրինի հարստացման դեմ եւ ինչ է ստանում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից

Բոլոր այն երկրներում, որտեղ Արեւմուտքն իրականացնում է գունավոր հեղաշրջումներ եւ իշխանության բերում իր կողմից վերահսկվող մարիոնետային վարչակարգեր, հաջորդիվ այդ իշխանությունների կողմից ընդունվում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքներ, ստեղծվում են հակակոռուպցիոն դատարաններ, դատախազության եւ իրավապահ տարբեր մարմինների կառուցվածքում ստեղծվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություններ: Հայտարարվում է, որ այդ օրենքներն ու կառույցները նպատակ ունեն պայքարելու կոռուպցիայի դեմ, բացահայտելու նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունները, ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձել եւ վերադարձնել ժողովրդին, կանխել նման հացագործությունների կատարումն ապագայում: 

Հայաստանը բացառություն չէ եւ ընթանում է նույն ճանապարհով. գրեթե ամեն օր հայտարարվում է, որ հարուցվել են ինչ-որ քրեական գործեր, այս կամ այն անձի, ընտանիքի ունեցվածքը հռչակվել է ապօրինի ծագում ունեցող, այդ գործերն ուղարկվել են դատարաններ, կամ էլ առաջարկել են` առանց դատ ու դատաստանի պետությանը զիջել-նվիրել այդ գույքը եւ ազատվել հետապնդումներից: Հասարակության առավել միամիտ, անգրագետ եւ ագահ հատվածը, որ սկզբնապես հավատում էր, թե նոր իշխանությունը հարուստներից խլելու է նրանց ունեցվածքը եւ բաժանելու է իրենց` քյաբաբ առ քյաբաբ, արդեն հուսախաբված է եւ սկսել է հասկանալ, որ եթե ինչ-որ մեկը մյուսից փող, գույք եւ ունեցվածք է խլում, ապա այդ խլածը չի տա ուրիշի, այլ կպահի իրեն: Բայց արդյո՞ք իշխանությունը միայն կապիտալի վերաբաշխման խնդիրն է լուծում:

Ավտորիտար կառավարում ունեցող ցանկացած երկրում նոր իշխանությունը փորձում է լինել երկրի սեփականության եւ ունեցվածքի տերը՝ համարելով, որ միայն հարստության, ֆինանսական ռեսուրսների եւ հոսքերի կենտրոնացումն իշխանության ձեռքում եւ իր վերահսկողության տակ կարող է ապահովագրել իշխանության հարատեւությունը: Հարստությունը վերաբաշխելու ամենալավ ձեւը դրա նախկին տերերին օրենքից դուրս հայտարարելն է, ասելը՝ դուք այդ կարողությունը կուտակել եք ապօրինի եղանակով: Փոխանակ իրավապահ մարմինները եւ դատարաններն ապացուցեն, որ մարդու գույքն ապօրինի է, նրանք ստիպում են, որ սեփականատերն ինքն ապացուցի, որ այդ գույքը ձեռք է բերվել օրինական եկամուտներով: Իշխանությունը գիտի, որ դա անհնար է, քանի որ բիզնեսը շատ դեպքերում գործել եւ շարունակում է գործել հարկային դաշտից դուրս, մարդիկ զբաղվել են գործարարությամբ, բայց շատ դեպքերում առանց պատշաճ փաստաթղթավորման, եւ, վերջապես` այդ գույքի ձեռքբերման ակունքները գնում հասնում են խորհրդային տարիներ, եւ դրանց մասին փաստաթղթեր ուղղակի ֆիզիկապես չեն պահպանվել: Այնպես որ, ցանկացածի ունեցվածքի օրինականությունը կարող է կասկածի տակ դրվել, ցանկացածի ունեցվածքը ենթակա է առգրավման: Օգտագործելով այդ գործիքներն ու լծակները՝ իշխանությունը լուծում է երկրի հարստությունն իր ձեռքում կենտրոնացնելու եւ իր ազդեցության տակ չգտնվող անհատների եւ խմբերի ունեզրկման հարցը: Իշխանությունը միշտ մտահոգություն ունի, որ իր ազդեցությունից դուրս գտնվող, բայց ֆինանսական որոշակի ռեսուրսի տիրապետող մարդիկ այդ ֆինանսները կարող են օգտագործել իր դեմ՝ ֆինանսավորելով իր քաղաքական հակառակորդներին եւ իր դեմ մղվող պայքարը: Իշխանությունը չի կարող թույլ տալ, որ երկրում լինեն ազատ` իր վերահսկողությունից դուրս ֆինանսներ, դրա արդյունքում կարող են ստեղծվել իր վերահսկողությունից դուրս քաղաքական ուժեր եւ ինֆորմացիոն-քարոզչական ռեսուրսներ:

Եթե իշխանության շահագրգռվածությունը հարուստներին ունեզրկելու եւ սեփական հարստությունը բազմապատկելու մեջ հասկանալի եւ բացատրելի է, ապա ի՞նչ շահագրգռվածություն ունեն իշխանության արեւմտյան տերերը: Դժվար է ենթադրել, որ նրանք բաժին են ստանում հարստության վերաբաշխումից: Բայց դա առաջին հայացքից է միայն անհավանական թվում: Ճիշտ է, այսպես կոչված, ապօրինի ծագում ունեցող գույքը դրա տերերից խլելով, Փաշինյանը դրանից բաժին չի հանում արեւմտյան երկրների կամ միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներին, սակայն նրանք այդ պրոցեսի անմիջական շահառուներն են:

Արեւմուտքում պատրանքներ չունեն, որ իրենց կողմից իշխանության բերված անձինք բյուրեղյա ազնվության ու մաքրության տեր են եւ երբեք իրենց թույլ չեն տա ձեռքը մտցնել պետական բյուջե ու յուրացնել հանրային ունեցվածքը: Արեւմուտքում շատ ավելի են տեղեկացված, թե ինչ չափերի են հասնում հանրային եւ պետական միջոցների կողոպուտն ու յուրացումն առհասարակ եւ մասնավորապես` Հայաստանում: Բայց նրանց հետաքրքրում է այլ բան, որ այդ գողացված միջոցները մնան ոչ թե տվյալ երկրներում, այլ հոսեն արեւմտյան բանկեր, անշարժ գույքի շուկաներ, ֆոնդային բորսաներ: Իսկ դրա համար պետք է, որ սեփական երկրից թալանված միջոցներն այդ երկրում պահելը դառնա վտանգավոր եւ ռիսկային: Այդ խնդիրն են լուծում արեւմտյան երկրները՝ նման օրենքներ պարտադրելով, հակակոռուպցիոն դատարաններ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություններ ստեղծելով:
Եթե նախկինում պաշտոնյան պետությունից գողացած փողը վերածում էր անշարժ գույքի Հայաստանում՝ այն գրանցելով իր կամ ազգականների անուններով` մի քանի բնակարան, հողամաս, շինություններ ու բիզնես, այսուհետ նա այլեւս նման բան չի անի, որովհետեւ իր աչքի առաջ ունի բազմաթիվ օրինակներ, երբ այդ գույքն ուղղակի առգրավվել է, քանի որ դրա տերը կորցրել է պաշտոնը եւ իշխանության բարեհաճությունը, ինչը ցանկացած պահի կարող է տեղի ունենալ իր հետ: Դրա համար ի՞նչ պետք է անել այդ գումարը` տեղափոխել այլ երկիր, որտեղ այն կլինի ապահով եւ ոչ հասանելի Հայաստանի ցանկացած իշխանության եւ նրա ներկայացուցիչների համար: Իսկ Հայաստանից դուրս փող ներդնելու ամենահարմար տեղն ամերիկյան եւ արեւմտյան բանկերն են, անշարժ գույքը, ֆոնդային բորսաները, որտեղ այդ փողը ոչ միայն չես կորցնի, այլ կավելացնես: 

Հայաստանը, իհարկե, փոքր եւ աղքատ երկիր է, այստեղից փողի արտահոսքը կարող է լինել տարեկան առնվազն մի քանի միլիարդ դոլար: Բայց, նախ, Արեւմուտքն ունի ունիվերսալ մոտեցում իր կողմից վերահսկվող բոլոր երկրների նկատմամբ, անկախ նրանից՝ փոքր են թե մեծ, հարուստ են թե աղքատ, բացի դա՝ տարեկան մի քանի կամ գուցե ավելի միլիարդն էլ փոքր գումար չէ: Ինչպես ասում են ամերիկյան կապիտալիստները՝ մեկ դոլարի արժեքը չիմացողը չի իմանա մեկ միլիոնի արժեքը, իսկ նրանց մոտ հաշվված է ամեն ցենտը, մանավանդ երբ դրանք աղքատ երկրներից հոսում են դեպի հարուստներ՝ ավելի աղքատացնելով աղքատներին եւ հարստացնելով հարուստներին:

Ավետիս Բաբաջանյան