Ի՞նչ է թաքնված չինական կապույտ ավտոբուսների հակառակ կողմում

Ի՞նչ է թաքնված չինական կապույտ ավտոբուսների հակառակ կողմում

Վարորդ, Երեւանի բնակիչ Իշխան Գրիգորյանը դիմել է մեզ` բարձրաձայնելով բազմաթիվ խախտումների մասին, որոնք կատարվում են «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ում։ Ըստ նրա՝ նոր չինական Jhong Tong ավտոբուսների վարորդների իրավունքները կոպտորեն խախտվում են, իսկ նրանք, ովքեր համարձակվում են բարձրաձայնել այդ խախտումների մասին, անմիջապես ազատվում են աշխատանքից։ Նա աշխատանքի է ընդունվել անցյալ տարվա մայիսին, բայց ամիսուկես աշխատելուց հետո ստացել է պայմանագրային աշխատավարձի մի մասը միայն։ «Պայմանավորվել էինք ամիսը 350 հազար դրամ, բայց ինձ տվեցին ընդամենը 270, այն էլ՝ կես ամիս ուշացումով։ Բացի այդ, մեզ ասում էին, որ եթե ուղեւորը մանր չունի, վճարումն ընդունենք, մանրենք, ինչը չի թույլատրվում։ Օրենքով պետք է աշխատենք օրական 12 ժամ, բայց մեզ աշխատեցնում էին 20-22 ժամ։ Ամիսը 10 հազար էին պահանջում, որ մուծենք ղեկավարությանը, ու դեռ մեր հաշվին էլ պետք է  լվանայինք ավտոբուսները»,- պատմում է Իշխան Գրիգորյանը։ Երբ նա հիմնարկի դիսպետչերին է մոտեցել եւ տհաճ հարցեր ուղղել, իրեն կանչել են ու ազատել աշխատանքից՝ ասելով, որ 40 հազար դրամ է յուրացրել։ «Դա չի կարող լինել։ Ավտոբուսներում տեսախցիկներ կան, ամեն ինչ հաշված է, ես ոչինչ չեմ յուրացրել, պարտաճանաչ կատարել եմ բոլոր պայմանավորվածությունները»,- ասում է վարորդը։ 
Նա դիմել է Աշխատանքի տեսչություն։ «Տեսչությունից հրավիրել են տնօրենին, հարցրել են՝ դուք զգուշացրե՞լ եք, որ իրեն ազատում եք 40 հազարի համար, իրավապահներին հայտնե՞լ եք։ Տնօրենն ասել է՝ ոչ։ Ինձ խոստացան վերականգնել, բայց չվերականգնեցին։ Հիմնարկում տնօրեն փոխվեց, էս նոր տնօրենի մոտ էլ գնացի, ասաց՝ կվերականգնեմ, բայց չվերականգնեց»,- գանգատվում է վարորդը։ Նա պահանջում է, որ իրեն կրկին ընդունեն աշխատանքի։ 

Մենք դիմեցինք քաղաքապետարան՝ խնդրանքով, որ պարզաբանեն իրավիճակը։

Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ Իշխան Գրիգորյանին աշխատանքից ազատելու պատճառն այլ է եղել՝ մարդկանց հետ բարեհամբույր չի խոսել, մեքենան՝ մարդկանցով լի, կանգնեցրել է խանութի մոտ, իր տան մոտ կանգնել է, կնոջն ասել է՝ «արի, վեշերը վերցրու», այլ վարորդների հետ կոնֆլիկտներ է ունեցել։ «Անգամ 2-3 ամիս իր իրավաբանի հետ եկել է «Ավտոբուս» ՓԲԸ, եւ նրանց վիդեոկադրեր են տրամադրել, թե ինչպես է շփվում քաղաքացիների հետ»,- ասում է Երեւանի քաղաքապետարանի խոսնակը։ Նա վստահեցնում է, որ տեսել է այդ տեսանյութերը, որոնք հրապարակման ենթակա չեն։ Հարցին, թե ինչ է անում Իշխանն այդ տեսանյութերում, պատասխանեց․ «Ասում է՝ հլը արի ստեղ, էս դռնով արի, իջի, դուք անհասկացո՞ղ եք»։ 

Փաստորեն, «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ից չեն հերքում, որ վարորդին 350 հազարի փոխարեն 270 հազար են վճարել, որ գումարը տվել են 15 օր ուշացումով, որ աշխատեցրել են 20-22 ժամ՝ 12 ժամի փոխարեն, եւ աշխատանքից ազատել են ոչ թե Աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով, այլ ինչ-որ տեսանյութերի հիման վրա, որոնք «հրապարակման ենթակա չեն»: Եվ անգամ եթե ազատելն օրինական է եղել, կամ դրա օրինականությունը կարող է քննությունը պարզել, ապա աշխատավարձը պայմանագրով նախատեսվածից պակաս վճարելը ոչնչով հիմնավորված չէ: