Խաղաղություն հաստատում են համարժեք հակառակորդները

Խաղաղություն հաստատում են համարժեք հակառակորդները

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում իշխանության ղեկին լինեն ռադիկալ մտածողությամբ ուժեր: Լավագույն ապացույցն Առաջին արցախամարտի հետպատերազմյան տարիներն են: Զինադադարից կարճ ժամանակ անց ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում իշխանության եկան, այսպես կոչված, «պատերազմի» կուսակցությունները, որից հետո միայն հաստատվեց 30-ամյա խաղաղությունը: Բավական էր Հայաստանում Նիկոլի ՔՊ-ի նման մի անհասկանալի լիբերալ ուժ գար իշխանության, եւ խաղաղությունը (թեկուզ՝ հարաբերական) անմիջապես փոխվեց պատերազմի: Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ տեղի ունեցավ 2016թ. ապրիլյան պատերազմը, չէ՞ որ Հայաստանում եւ Ադրբեջանում իշխանության էին ազգային ռադիկալ ուժերը: Այո, Ադրբեջանը հարձակվեց, բայց որքա՞ն տեւեց այդ հարձակումը: Ընդամենը 4 օր, որովհետեւ պատասխան ստացավ եւ ստիպված էր արդեն ինքը խաղաղություն խնդրել:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունները կարող են գործել, եթե երկու երկրներում էլ համարժեք իշխանություններ լինեն: Համարժեք իշխանությունները, հատկապես ռադիկալ ազգային իշխանությունները, շատ լավ գիտեն միմյանց կարմիր գծերն ու աշխատում են դրանք չհատել: Այսօր Ալիեւը հստակ անցկացնում է իր կարմիր գծերը, նույնիսկ աշխարհն է հաշվի նստում դրանց հետ, իսկ որո՞նք են լիբերալ Նիկոլ Փաշինյանի (իմա՝ Հայաստանի) կարմիր գծերը: Պարզվում է՝ այդպիսիք չկան, եւ աշխարհը, զուտ խղճահարությունից դրդված, պետք է հայանպաստ հայտարարություններ կամ քայլեր ձեռնարկի:

Ե՞րբ կբացվի Լաչինի միջանցքը: Երբ Ալիեւը վերադառնա 30-ամյա բանակցային գործընթացին, որի ողջ երկայնքով Լաչինի միջանցքը դիտարկվել է որպես Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան եւ անվտանգ կապի հնարավորություն: Նույնիսկ այդ միջանցքի լայնության հարցն էր դրված՝ մինչեւ 25 կմ: Լաչինի միջանցքը 30 տարի շարունակ գործել է անխափան՝ առանց խաղաղապահների ու ֆլան-ֆստանի, զուտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված ստատուս քվոյի եւ այդ երկրների իշխանությունների համարժեքության շնորհիվ: Եվ, որպեսզի տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո, պետք էր ընդամենը մեկ բան՝ խախտել գաղափարաբանական բալանսը Երեւանի եւ Բաքվի միջեւ: Հասկանանք մի պարզ բան՝ Հեյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւը՝ իր երկրի ու ժողովրդի ֆանատը, երբեք լեզու չի թրջի Նիկոլի՝ գլուխը լիբերալ ապուշություններով լցրած գործչի հետ: Դիմացինիդ պետք նախ հարգես, որ նստես հետը բանակցելու: Ալիեւը եթե մեկին էլ հարգում է, դա Նիկոլը չէ, այլ՝ Պուտինը, Էրդողանը, իսկ որպես ուժային կենտրոն՝ Բայդենը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ալիեւը կիրթ ու կառուցողական է: Դուք Ալիեւի շուրթերից նման գովեստ լսե՞լ եք Նիկոլի հասցեին: Եվ, առհասարակ, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է այդքան թանկ Ալիեւի համար: Թանկ է, որովհետեւ թույլ է, համարժեք ուժ չէ, Ալիեւը Նիկոլից վախենալու ոչինչ չունի: Սեփական երկրի ռազմական ուժը ոչնչացնողից ի՞նչ վախենաս, երկրի տարածքները գլխիկոր հանձնողից ի՞նչ վախենաս, միջազգային բեմերում անընդհատ ստորացողից ու սեփական երկիրը խայտառակողից ի՞նչ վախենաս, վերջապես՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողից ի՞նչ վախենաս: Ալիեւը, եթե իր մեջլիսը չհակառակվի, գուցե հենց Բաքվում դնի Նիկոլի արձանը:

Ուզո՞ւմ ենք, որ Լաչինի միջանցքը բացվի՝ Նիկոլը պետք է հեռանա՝ տեղը զիջելով ազգային ռադիկալ ուժերին: Ուզո՞ւմ ենք, որ Արցախը մնա, Նիկոլը պետք է հեռանա, ուզո՞ւմ ենք հետ բերել Արցախի եւ Հայաստանի սուվերեն տարածքները՝ Նիկոլը պետք է հեռանա, ուզո՞ւմ ենք, որ աշխարհը մեզ հարգի՝ Նիկոլը պետք է հեռանա: Աշխարհի ոչ մի ղեկավար, հավատացեք, այսքան պրոբլեմը չէր թողնի եւ օրերով կորչի, ինչպես Նիկոլը: Թշնամին մտել է մեր տուն, իսկ նա ոչխարից ու կովից է խոսում, խելացի մտքեր արտահայտում կովի կաթնատվության ու ոչխարի օգտակարության մասին, ընկել է Լոռվա փողոցները, որ մի երկու թոշակառուի հետ սիրատոչոր լուսանկարներ ապահովի: Երեւանի ընտրություններ, Դոգի համերգ… Ազգային իշխանության ղեկավարն այդպիսի թիթիզություններ թույլ կտա՞ր իրեն: Ալիեւի օձիքը մեկ վայրկյան անգամ բաց չէր թողնի, կխեղդեր, կպահանջեր զորքը հանել Հայաստանից, Շուշիից, Հադրութից, Քարվաճառից, բացել Բերձորի ճանապարհը եւ նստել նորմալ բանակցությունների: Բայց ի՞նչ արած, մեր ունեցածը Նիկոլն է՝ լղոզված մի լիբերալ՝ առանց արժեհամակարգի ու Ալիեւի հետ համարժեքության որեւէ շանսի:
ՀԳ. Նիկոլ Փաշինյան, հիմա քեզ համոզե՞նք հեռանալ, թե՞ ոնց: Մենք եւս մեկ պատերազմի ուժ ու հավես չունենք այլեւս, մինչդեռ դու տեղով պատերազմի «պառաշոկ» ես, պատերազմ ծնող կինետիկ էներգիա, մահ ու դժբախտություն բերող թուղթուգիր: Գուցե իսկապե՞ս շառդ քաշես, հեռանաս ու ժողովրդին մի ուրիշ տեսակ կրակի մեջ չգցես: Հիմա էլ ասեն՝ հայերն այդ ի՞նչ տեսակ ժողովուրդ են, իրենց վարչապետին լիկվիդացրին: Նիկոլ, Չաուշեսկուի ճակատագիրը մի կիսիր, քո կամքով գնա: