Մեզ պետք է ակտիվություն, ոչ թե նախարարություն

Մեզ պետք է ակտիվություն, ոչ թե նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարության լուծարման եւ մշակույթի նախարարությունը կրթության եւ գիտության նախարարության հետ միավորելու կառավարության մտադրության մասին իրազեկված են, իրենց դիրքորոշումներն են հայտնում նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, որոնք հանգամանքների բերումով ավելի շատ են առնչվել այս գերատեչություններին։

Իտալիայում ապրող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը կարծում է, որ անցած տարիներին սփյուռքի համար հենց այդ երկու նախարարություններն են շատ վատ աշխատել։ 

«Ես համամիտ եմ, որ պետք է վերանայվի ամբողջ կառուցվածքը։ Հիմա հարցն այսպես է դրվում՝ կա՛մ վստահում ենք Նիկոլ Փաշինյանին եւ ժամանակ ենք տալիս իր պատկերացրած ձեւով ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Շատ կարճ ժամանակից կերեւա, թե ուր են տանում այդ քայլերը, արդյունավե՞տ էին, թե՞ ոչ։ Եթե տեսնենք, որ արդյունավետ չեն, ապա պետք է նորից սկսել։ Ես, որպես սփյուռքահայ արվեստագետ, ակնածանքով եմ նայում, թե ինչ ավարտ կունենան այդ բարեփոխումները։ Մեր ողջ պետության ընթացքն այսօր հանձնել ենք մի մարդու, որը պատասխանատվություն է ստանձնել։ Եվ մենք գիտենք, թե ումից պետք է պահանջենք։ 10 տարի սփյուռքի նախարար էր Հրանուշ Հակոբյանը, քայքայեց ամեն ինչ։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան վատն անել։ Շատ լավ կլիներ, որ չստեղծվեր այդ նախարարությունը։ Այդպիսի նախարարություն եւ այդպիսի նախարար հաստատ Հայաստանին եւ սփյուռքին անհրաժեշտ չէր։ Հրանուշ Հակոբյանի եւ Մխիթար Հայրապետյանի պես նախարարներ սփյուռքին պետք չեն։ Նույնը վերաբերում է մշակույթի նախարարներին, որոնք աշխատանքի փոխարեն թալանով, անձնական հարստություն դիզելով  են զբաղվել։ Հիմա եկել է այդ պահը, որ նման ձեւով չաշխատեն։ Միգուցե հիմա պահն է կանգ առնելու։ Մեզ պետք է ակտիվություն, ոչ թե նախարարություն։ Ինձ համար կարեւորը արդյունավետությունն է, ոչ թե այն հանգամանքը՝ կա՞ նախարարություն, թե՞ ոչ։ Ես շատ մեծ ուշադրությամբ հետեւում եմ գործընթացներին։ Կա մի ցավալի պահ․ այդ նախարարություններում կան լավ մասնագետներ, եւ նրանց կորուստը ցավալի է։ Ցավալի է, որ այդ մարդիկ պետք է աշխատանք կորցնեն։ Մյուս կողմից՝ ես հասկանում եմ նաեւ Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր կեղեքված է, եւ պետք չէ պահել մի կառույց, որը ոչինչ չի անում։ Առաջիկայում կտեսնենք, թե առանց մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների ինչ արդյունք կունենանք»,- նշեց մեր զրուցակիցը։