Սևանա լիճն իդեալական մաքուր է` վիզուալ

Սևանա լիճն իդեալական մաքուր է` վիզուալ

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կատարել հետևալ գրառումը. «Սևանա լիճն իդեալական մաքուր է»: 
Հրաշալի է, որ Սևանա լիճը վարչապետի խորհրդականի աչքով իդեալական մաքուր է, բայց այդպե՞ս է արդյոք, և գիտնականները նո՞ւյնպես կիսում են մոտեցումը, թե Սևանն իդեալական մաքուր է։

Այս մասին «Հրապարակը» հարցրեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանին։ Վերջինս իր հերթին հարցրեց․ «Դուք մի հատ պետք է էդ խորհրդականին հարցնեք՝ ինչի՞ հիման վրա է, ունի՞ ինչ-որ հետազոտությունների արդյունքներ, թե՞ ուղղակի՝ վիզուալ»։

Նրա խոսքով՝  մասնագիտական մոտեցում չէ նման «ախտորոշումները» վիզուալ անելը։ «Հիմա Ավինյանին-բանին, չգիտեմ՝ ինչ գծով է խորհրդական ինքը, բայց վիզուալ չի կարելի, որովհետև կա, գոյություն ունի կենտրոն, որն ուսումնասիրում է, որը ոչ թե վիզուալ է նայում, այլ ողջ ուսումնասիրությունների արդյունքում է»։

Ինչևէ, գիտնականը չի հերքում՝ այո, վիզուալ ջուրը մաքրված է, բայց այդ ջրիմուռները նստած են Սևանի լճի հատակին։ Շուտով կսկսվի փտման շրջան, իսկ մյուս տարի հունիսին ջրիմուռները կրկին կծաղկեն։

«Հա, ծաղկումը վերջացավ։ Բայց չէ՞ որ էդ ջրիմուռը նստած է հատակին, չգնաց կորավ, մյուս տարի էդ ֆոսֆորն ու մյուս օրգանական նյութերը մասնակցելու են մյուս ծաղկմանը։ Եթե մենք հենց հիմա միջոցառումներ չձեռնարկենք էն ուղղությամբ, որի մասին ասել եմ, նույն բանն է լինելու մյուս տարի։ Կամ՝ ավելի մեծ ծաղկում»,-ասաց Բարդուղ Գաբրիելյանը։ Քայլեր անելու դեպքում, մինչդեռ, իրավիճակը կամաց-կամաց կարելի է շտկել։ Նա ասում է, որ նույն բանն ասել են նաև անցած տարի, երբ ծաղկումը եղել էր։ Ասել են, որ եթե քայլեր չձեռնարկվեն, էլի է լինելու, «բայց ոչ ոք բանի տեղ չի դրել»։

«Առաջարկներ ենք արել, որ Ճապոնիայից բերված փոշիներ կան, որ կարող են նստացնեն, կլանեն էդ ջրիմուռները։ Ոչ ոք բանի տեղի չի դնում, անընդհատ ասում են՝ ներկայացրեք պրոյեկտներ, ներկայացնում ենք, մնում են սեղանին»։

Ինչ վերաբերում է տոքսինների առկայությանը, ապա գիտնականն  ասում է, որ պարզ է, որ հիմա այդ տոքսինները գոյություն չունեն, որովհետև տոքսիններ արտադրում է կենդանի կապտականաչ ջրիմուռը, ոչ թե մահանալուց ջրի հատակն իջնելուց հետո ջրիմուռի մնացորդները, մենք ասում ենք՝ պտի ափերը մաքրվեն, մնում է սեղաններին։ Էդ ընենց չի, որ իրենք չգիտեն, կամ իրենց համար անակնկալ է»։

Հիդրոէկոլոգիայի կենտրոնի ղեկավարն ասաց, որ  բնապահպանության նախարարությունը Սևանի այս վիճակի պայմաններում կենտրոնին պետպատվեր իջեցրած չի եղել, հետո փոշմանել են, որոշել են օգոստոսի կեսին մրցույթ հայտարարել։ Բարդուղ Գաբրիելյանն ասում է, որ անիմաստ է տարվա 8-րդ ամսին ուսումնասիրություն անցկացնելու մրցույթ հայտարարելը։