Նաիրիտցիները շաբաթօրյակ արեցին գործարանի տարածքից դուրս, ներս նրանց չեն թողնում (լուսանկարներ)

Նաիրիտցիները շաբաթօրյակ արեցին գործարանի տարածքից դուրս, ներս նրանց չեն թողնում (լուսանկարներ)

«Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակիցների մուտքը գործարան արգելված է: Սակայն նրանք չեն հուսահատվում: Կիրակի օրը վերջիններս «շաբաթօրյակ» էին կազմակերպել գործարանի մուտքի մոտ: Հարակից տարածքն էին մաքրում: Սա ցուցադրական ակցիա էր: «Ժողովուրդը, թողած իր հանգստյան օրը, եկել էր գործարանի մուտքի մոտ ու դրսի հատվածը մաքրում էր,- ներկայացնում է «Նաիրիտի» համակարգող խմբի ղեկավար, գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։- Ուզում ենք ասել, որ մենք կանք, առաջվա պես ուզում ենք, որ «Նաիրիտն» աշխատի, պատրաստ ենք ամեն ինչ անել հարազատ գործարանի համար»: 

Նաիրիտցիներին ոգևորել է վերջին շրջանում նրանց արձանագրած փոքրիկ հաջողությունը: Մոտ մեկ ամիս առաջ համակարգող խմբին հաջողվել է ՀՀ կառավարության հետ փաստաթուղթ ստորագրել, որում գրված է, որ գործարանը չի վաճառվելու մաս-մաս: «Գործարանը պետք է վաճառվի և աշխատեցվի միայն ամբողջությամբ: Երկրորդը․ ըստ կոլեկտիվի հետ ստորագրած համաձայնագրի, եթե որևէ մեկը ցանկություն հայտնի գնել «Նաիրիտը», ապա նա բիզնես-ծրագիրը պետք է համաձայնեցնի համակարգող խմբի հետ»,- ասում է Կարեն Իսրայելյանը: