Ինչի պետք է ձգտի Հայաստանը ՄԱԿ ԱԽ նիստում

Ինչի պետք է ձգտի Հայաստանը ՄԱԿ ԱԽ նիստում

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության տոնն է՝ ամենասիրելի ու կարեւոր տոներից մեկը պետական-ազգային տոնացույցում, եւ այն այդպիսին է մնում ցանկացած իրադրությունում՝ խաղաղության ժամանակ թե պատերազմի։ Նաեւ բոլորս պետք է հիշենք, որ 2023-ը եթե մեր անկախության եւ Երրորդ հանրապետության 32-րդ տարին է, ապա հայոց պատմության եւ տոմարի 4515-րդ տարին է։ 

Երեւի հայերը միակ ժողովուրդն են այս երկրագնդի վրա, որ հստակ գիտեն իրենց ծննդյան տարեթիվը, դա 2492թ․ օգոստոսի 11-ն է` մեր թվարկությունից առաջ։ Հայոց տոմարի հաշվարկը սկսվում է հենց այդ օրվանից, որը Հայկի եւ Բելի պատերազմում հայոց Հայկ նահապետի կողմից Բելին սպանելու օրն է՝ համաձայն սկզբնապես Խորենացի պատմահոր հաղորդած, իսկ հետագայում այլ աղբյուրներից, այդ թվում` Միջագետքում պեղված սեպագիր արձանագրություններով հաստատված տեղեկությունների։ Սակայն եթե նույնիսկ չլինեին էլ այդ տեղեկությունները, 2492թ․ Նավասարդ ամսվա 1-ը (այսօր գործող օրացույցով՝ օգոստոսի 11-ը)  մեր ազգային տոմարի առաջին օրն է, այդքանով էլ այն հաստատուն պահվում է մեր հիշողության մեջ՝ ապահովագրված որեւէ մոռացությունից։
Եվ, իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը վերջացած թյուրիմացություն չլիներ, Անկախության տոնի շրջանակներում ոչ թե «շուն» հնչող բեմական ինքնանվանումով մեկին (գրվում է Dogg, հնչում է՝ dog) կբերեր` Երեւանում համերգ տալու, դրա վրա վատնելով միլիոնավոր դոլարներ, այլ մեր պատմության 4515-ամյա հոբելյանը կնշեր արժանապատիվ միջոցառումների շարքով, արժեքավոր հյուրերով եւ անհամեմատ համեստ ծախսերով։ Բայց դե, Փաշինյանը այն կարգի թյուրիմացություն է, որ անտեղյակ լինելով թե չգիտակցելով, թե իր երկրի ու ժողովրդի պատմությանն այս երկրագնդի վրա եղած որքան մեծություններ են առնչվել՝ Շումերիայի, Աքքադիայի, Ասորեստանի արքաներից մինչեւ Կյուրոս Մեծ, Ալեքսանդր Մեծ ու Հաննիբալ, Կրասոսից, Պոմպեոսից, Մարկ Անտոնիոսից ու Օկատվիանոսից մինչեւ բյուզանդական կայսրեր, խաչակրաց օրդեններ ու ասպետներ, Մուհամեդ մարգարե ու Սալլահ-էդ-Դին, Բոնապարտից մինչեւ Լլոյդ Ջորջ ու Չերչիլ, որոնց առնչվող ամեն մի մանրուք համարյա մասունք է այս աշխարհում, դեռ հայոց պատմության մեծություններին մի կողմ թողած, Փաշինյանի սիրելի կերպարն ու հերոսը, ինչպես 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթման օրերին հայտարարեց, կյանքը բանտերում անցկացրած մի ինչ-որ սեւամորթ է՝ Նելսոն Մանդելա։ Հայաստանի նման երկրում այդպիսի հերոս ունեցողից այլեւս ինչ մարդկային արժանապատվություն, արժեքների գիտակցություն կամ վայելուչ  գործ սպասես։ 

Այնպես որ, Փաշինյանի նման մեկը հազիվ էլ «շուն» ինքնանվանումով անձի համերգ կազմակերպեր, թեեւ հիմա` սեպտեմբերի 19, 20, 21-ին այնպիսի իրադարձություններ են ծավալվում Արցախում եւ Արցախի շուրջ, որ հազիվ թե որեւէ հայի եւ երեւանցու այդ համերգը հետաքրքրեր, հավանաբար, նաեւ դա էր պատճառը, որ համերգը հետաձգվեց։ 

Ալիեւի եւ Հաջիեւի bla-bla-bla-ներից այն կողմ 

Ամենքս գիտենք, որ սեպտեմբերի 19-ի կեսօրին, մեծ հավանականությամբ` ռուսների հետ համաձայնեցված, Ալիեւի ռեժիմը զինված հարձակում սանձազերծեց Արցախի դեմ։ Դժբախտաբար, այդ հարձակման արդյունքում հայկական կողմից եղան 200-ից ավելի զոհեր եւ 400-ից ավելի վիրավորներ (մինչև սեպտեմբերի 20-ի երեկոյան հայտարարվում էր մոտ 3 տասնկակ և 8 տասնյակ վիրավորի մասին, 20-ի երեկոյան հայտարարվեց 200-ից ավելի զոհեր եւ 400-ից ավելի վիրավորների մասին) ։ Ադրբեջանական կողմի զոհերի եւ վիրավորների թիվն առայժմ չի հայտնվել, բայց որքան էլ լինի՝ նշանակություն չունի։

Հարձակման սանձազերծումից ընդամենը հաշված ժամեր անց, չնայած համաշխարհային առաջնորդների՝ գերազանցապես Նյու Յորքում գտնվելուն եւ ժամային գոտիների տարբերությանը, բացի Ռուսաստանից բոլոր մյուս էական միջազգային դերակատարները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, ՄԹ, ԵՄ եւ այլն, դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները, Բլինքենը եւ Մակրոնը զանգեցին Ալիեւին` պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Ահագնացող ճնշմանն ի տես` Ալիեւը, բնականաբար, հարձակման ինտենսիվությունը թուլացրեց, ինչի մասին խոսում է հանգամանքը, որ զոհերի եւ վիրավորների ինչ թիվ Արցախի իշխանությունների կողմից հայտնվել էր 19-ի երեկոյան, գրեթե նույնը թիվը պահպանվեց գիշերը եւ հաջորդ օրը։ Իսկ սեպտեմբերի 20-ին ասպարեզ իջած Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար հաստատվեց։

Երբ Ալիեւի հանդեպ զանգերն ու ճնշումները սկսվեցին, եւ ամենաէականը՝ սեպտեմբերի 21-ին Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը նշանակվեց, Ալիեւն ինչքան տխմար էլ լինի՝ գիտակցեց, իսկ գուցե իրեն կոպիտ բացատրեցին, որ իր ռեժիմը եւ պետությունը կարող են ճանաչվել ագրեսոր, իսկ Արցախի դեմ իրենց գործողությունները՝ ցեղասպանություն, ինչը հող կստեղծի ցեղասպանության կանխման գործողությունների ներքո Կոսովոյի օրինակով հանուն փրկության Արցախն անջատելու Ադրբեջանից եւ միջազգային պաշտպանության ներքո վերցնելու համար։ Ուրիշ մի սպառնալիք հազիվ թե այնքան ներգործուն լիներ, որ Ալիեւը հրադադարի գնար ինչ-որ եթերային խոստումների դիմաց։
Ալիեւին մնում էր ռեալ մեկ օր ժամանակ` մինչեւ ՄԱԿ ԱԽ նիստը, եւ նա հարձակման ինտենսիվությունը թուլացնելուց հետո դեմքը փրկելու համար սկսեց ճամարտակել, թե հարձակումն ամբողջովին կդադարեցնի, եթե Արցախի զինված ուժերը զինաթափվեն, եւ իշխանությունը ինքնալուծարվի։ Արցախցիները, բնականաբար, կարող էին մեկ օր էլ շարունակել դիմադրել, ոչ էլ հայտարարել, թե կզինաթափվեն, բայց ստեղծված իրադրությունում, ինչպես տեսանք, Մոսկվան միջամտեց եւ ստեղծված իրավիճակից օգտվելով` մի քանի շագանակ հանեց կրակից, ինչի համար Կրեմլին կարելի է շնորհավորել։ 

Ադրբեջանին, հավանաբար, Մոսկվայից բացատրեցին, որ եթե ցեղասպանության մեղադրանքը հաստատվի Ադրբեջանի հանդեպ, ինչին գնում են գործընթացները, ապա ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի հովանու ներքո միջամտություն կարող է լինել Արցախում, ինչն ամենից անցանկալին է Ադրբեջանի համար, հետեւաբար` Բաքվում ճիշտ կվարվեն, եթե Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի գնան, մինչեւ ՄԱԿ-ի նիստը։ Ադրբեջանը հոժարակամ, հաշվարկով, թե ճշման ներքո որոշեց, որ Արցախի իշխանությունների ինքնալուծարման «պահանջը» թողնում է, բավարարվում է նրանով, որ Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման մասին հայտարարվի, եւ այդ զինաթափման իրագործումն ու Արցախում խաղաղապահ առաքելությունը մնան Ռուսաստանին։

Իհարկե, զինաթափումը դատարկախոսություն է, Պաշտպանության բանակի զինաթափման մասին հայտարարվեց, բայց հայտարարությունը դեռ գործողություն չէ, զինված ուժեր ունեն նաեւ Արցախի ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը եւ այլն, այսինքն` զինվորականները ծառայությունը կշարունակեն այլ կառույցներում, իսկ զենք-զինամթերքն էլ հանձնվելու են ռուսներին։ Թե դա որ չափով տեղի կունենա իրականում՝ մեծ հարց է, բայց ինչ զենք էլ ռուսներին հանձնվի, ռուսները հիմար չեն, որ այն ոչնչացնեն կամ երրորդ կողմի հանձնեն, կամ մի այլ տեղ տեղափոխեն, քանի որ խաղաղապահ առաքելության  համար նույն զենքը հենց իրենց է հարկավոր։ 
Եթե իրերին սթափ նայենք, Ադրբեջանը բլա-բլայից այն կողմ ոչ մի շոշափելի արդյունքի էլ չի հասել հրադադարով, պարզապես Ռուսաստանի միջնորդությունը չընդունելը իր համար ավելի վատ հեռանկար էր ստեղծելու, որովհետեւ Արցախի հարցով Արեւմուտքից բացի Ռուսաստանի հետ էլ էր առճակատման մեջ մտնելու։ 

Արցախի իշխանությունների տեսակետից, որքան էլ «զինաթափել» բառն անընդունելի ու անկումային է հնչում, միեւնույն ժամանակ հասկանալի է, քանի որ Պաշտպանության բանակն առանց ՀՀ զինուժի կամ ՌԴ զինուժի օժանդակության Ադրբեջանից պաշտպանվել չի կարող, այնպես որ, ՌԴ  խաղաղապահներին զենք հանձնելը (առայժմ` միայն խոսքերով) անվտանգային վիճակը, մեծ հաշվով, չի վատթարացնում, որ դրան դիմադրեին։ Ընդհակառակը, սպառազինությունը ՌԴ-ի զինվորականներին հանձնելը քայլ է Ռուսաստանի Դաշնությանն արցախցիների անվտանգության երաշխավոր կարգելու եւ մեկընդմիշտ Արցախում հաստատելու ուղղությամբ։ Երեւի Մոսկվայում վերջնականապես համոզվել են, որ  Հարավային Կովկասում ներկայություն ունենալու իրենց միակ միջոցը, երաշխիքն ու խարիսխը Արցախն է եւ արցախահայությունը։ Միայն արցախահայությանը պաշտպանելու համար իրենք կարող են մնալ Հարավային Կովկասում եւ տեսականորեն կարող են մնալ առհավետ՝ ի վերջո վերահսկողության տակ առնելով նաեւ Ադրբեջանը։ Իսկ Հայաստանից ՌԴ-ն, միեւնույն է, հեռանալու է, որովհետեւ Հայաստանի եւ Վրաստանի ապագան ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում են՝ դա վաղ լինի, թե ուշ։ Նման ընթացքը բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ նույնքան էլ Ռուսաստանի շահերից։ 

Վերջին արարը ՄԱԿ ԱԽ-ում

Այժմ ի գիտություն ընդունելով, սակայն մի կողմ թողնելով բոլոր այն զարգացումները, որ եղան սեպտեմբերի 19-20-ին, խիստ էական է, որ սեպտեմբերի 21-ի ՄԱԿ ԱԽ նիստում եւ Հայաստանը, եւ նիստը նախաձեռնած Ֆրանսիան ձգտեն երկու ձեւակերպման հասնել՝ Ադրբեջանը ճանաչվի ագրեսոր պետություն՝ անկախ սեպտեմբերի 20-ի հրադադարի պահպանվել-չպահպանվելուց, որովհետեւ հրադադարն իրերի էությունը չի փոխում, եւ պատկան մարմնին հանձնարարվի` հստակեցնել այն պատժամիջոցներն ու գործադրման մեխանիզմները, որոնք անհապաղ պետք է կիրառվեն Ադրբեջանի դեմ` որեւէ նոր ռազմական ագրեսիայի սպառնալիքի դեպքում, առանց թողնելու, որ այն նյութականանա։ 

Երկրորդ. խիստ էական է, որ անկախ հրադադարից եւ մնացյալ թեմատիկայից, Ադրբեջանը ճանաչվի ցեղասպանություն իրականացնող հանցագործ ռեժիմ եւ պետություն, վերջին շաբաթների միջազգային լսումների ու որակումների ոգով, որպեսզի ճանապարհ հարթվի «անջատում հանուն փրկության» սկզբունքով Արցախի ապագա անկախության համար։ Դա մի մոտեցում է, որին Հայաստանն ամեն գնով պետք է ձգտի հասնել։ Ի դեպ, ռուսներն էլ սեփական շահի գիտակցումից պետք է առավելագույնս աջակցեն։