Փորձագիտական ուղերձ, որ ավելին չէ, քան՝ արջի ծառայությունը

Փորձագիտական ուղերձ, որ ավելին չէ, քան՝ արջի ծառայությունը

Ո՞րն է փորձագիտական հանրության խնդիրը: Կոնկրետ՝ ԼՂ կարգավորման հարցում: Հենվել առկա տեղեկավության վրա եւ կատարել անաչառ վերլուծությու՞ն,  հնարավորինս կանխատեսել հետագա զարգացումնե՞րը, թե՞ սպասարկել քաղաքական շահեր: Ցավոք, անցած քառորդ դարում մենք այդպես էլ չունեցանք մի փորձագետ, ում վերլուծությունները կլինեին հավաստիությանը մոտ, բայց մանավանդ՝ վեր կոնյունկտուրայից: Այդ է, թերեւս, պատճառը, որ նախկին իշխանության հետ ասպարեզից հեռացել են նաեւ  շատ վերլուծաբաններ, իսկ ով դեռեւս ասպարեզում է,  «մեկնաբանություններ» է մատուցում, որոնք համադրելի են Շարմազանովի կամ Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումներին: Նոր իշխանությունը, կարծես, առաջնորդվում է հների տրամաբանությամբ, ինքն էլ սեփական «վերլուծաբանական» թիմն է ստեղծել: Սա էլ ճգնում է հանրությանը ներշնչել, որ Փաշինյանը ԼՂ հարցում «նոր նշաձող է սահմանել» եւ տեղի է ունեցել «իրավիճակի փոփոխություն»: Մնում է ձեւավորել համապատասխան արտաքին միջավայր, եւ Բաքուն ստիպված կլինի եթե ոչ վերջնականապես, ապա առնվազն տեւական ժամանակով ճանաչել ստատուս-քվոն: Հիմք է ընդունվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե «միջազգային իրադրությունը մեզ թույլ չի տալիս պատերազմ սկսել»: Սա ոչ մի տեղ չի տեղավորվում  այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի խնդիրն է ոչ միայն նախապատրաստվել պատերազմի, այլեւ այդ հարցում հնարավորինս ապակողմնորոշել մեզ: Չի կարելի նաեւ բացառել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն արել է ներքաղաքական նկատառումներից ելնելով: Նաեւ՝ իսկ ինչու՞ հավանական չհամարել, որ նրա եւ Իլհամ Ալիեւի միջեւ այդ հարցում կան տարաձայնություններ: Բացատրության տեղ՝ ինչքան ասես, բացի մեկից՝ որ, իբր, Փաշինյանին հաջողվել է «նոր իրավիճակ ստեղծել»: Դա նման է իշխանությանն արջի ծառայություն մատուցելուն: Քանի որ ԼՂ հարցում նոր իրավիճակ ստեղծելու հնարավորություն ոչ Ադրբեջանն ունի, ոչ՝ Հայաստանը:

 Ոչ ոք չի չեղարկել ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների թվով չորս համատեղ հայտարարությունները: Եւ եթե Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, որպես աշխարհաքաղաքական մրցակիցներ, այս պահին չեն համերաշխվում այդ ծրագիրն իրականացնելու հարցում, ապա դրանից ամենեւին էլ չի հետեւում, թե դա տեղի չի ունենա վաղը կամ՝ մյուս օրը:  Եթե միջնորդները նախանձախնդիր են, որ տարածաշրջանը «չպայթի»՝ դրանից չի հետեւում, թե նրանք հակվում են ստատուս-քվոյի լեգիտիմացմանը:

Այս պահին նրանք չգիտեն, չեն եկել համաձայնության, թե ով է լինելու պոստկոնֆլիկտային տարածաշրջանի կուրատորը, ուստի հանգուցալուծումը հետաձգվում է: Մի իրավիճակ, որն, ի դեպ, լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Բաքուն վարում է Հայաստանին, հայկական կողմերին հյուծելու քաղաքականություն: Անցած մեկ տարին բացահայտեց, որ շրջափակման պայմաններում սոցիալ-տնտեսական զարգացման, մանավանդ՝ թռիչքի հնարավորության մասին քաղաքական եւ քաղաքագիտական խոսակցությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Հայաստանը եւ Արցախը կարող են զարգանալ միայն եւ միայն խաղաղության եւ բաց կոմունիկացիաների պայմաններում: Փաշինյանի կառավարությունը պետք է մի «տնային աշխատանք» կատարի՝ «հնարավո՞ր է միջազգայնորեն լեգիտիմացնել ստատուս-քվոն» հարցով: Այստեղ նրան օգնության պիտի գան քաղաքական բոլոր ուժերը եւ «ուղեղային կենտրոնները»՝ Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում: Եթե այդպիսիք կան: Քսան տարում մենք հասել ենք մի «բացառիկ հաջողության»՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձրել ենք տարածաշրջանում հայկական ինքնության լինել-չլինելու երկընտրանք: Այսօր, փաստացի,  կա Հայաստանի լինելիության եւ լիարժեքության հարց, որի լուծման եւս քսանմյա հետաձգումը կարող է բերել անվերադարձնելի կորուստների: Այս պատասխանատվությունը եթե Փաշինյանի կառավարությունը չի գիտակցում, հարկ է նրան ներշնչել հնարավոր բոլոր միջոցներով: Ոչ թե «օվսաննա» ասել չեղած, չամրագրված «հաջողություններին»: Իշխանությունը դրանից կարող է գլխապտույտ ունենալ եւ ճակատագրական սխալ թույլ տալ՝ Ադրբեջանի հետ կենաց-մահվան գոտեմարտի բռնվելով:

Դա կլինի բոլոր երազանքների ողբերգական փլուզում: Եւ ստատուս-քվոն կփոխվի: Բայց արդեն՝ առանց հայկական ինքնության մասնակցության:  Հայաստանի, հայկական կողմի գերխնդիրն է՝ առավելագույնս մասնակից լինել ստատուս-քվոյի փոփոխությանը: Միայն այդ դեպքում է հնարավոր ձեւակերպել ազգային-պետական կոնկրետ շահ, սպասարկել այն եւ ապահովել արժանապատիվ ու տեւական խաղաղություն