Խեղկատակների դար

Խեղկատակների դար

Պետության դեգրադացիան հենց այսպես է լինում` ծաղրածուներն ու ավանտյուրիստները հայտնվում են բարձր պաշտոններին, եւ ադեկվատությունը սկսում է հեռանալ երկրից: Մեկն ասում է` եկեք մահապատիժը վերականգնենք, որովհետեւ լրտեսներն ու դավաճանները վխտում են մեր երկրում: Ու ոչ ոք նրան չի ասում` ձեր ասած դավաճանն ու մեր ասած դավաճանը տարբեր բաներ են: Մենք գլոբալ եւ քաղաքական իմաստ ենք դնում այդ բառի մեջ, դուք մի զորամասի մի շարքային շոռաչքի եք դավաճան անվանում, որը ֆեյսբուքյան մի թեթեւաբարո կնոջ նկարից ու շողոմ խոսքերից գայթակղվել է եւ զորամասի մասին մի քանի տվյալ է փոխանցել նրան: Սա` դեռ լավագույն դեպքում: Վատագույնն էլ կա` դավաճանության հոդվածներ դնեն Սեյրան Օհանյանի ու Արթուր Վանեցյանի վրա եւ որպես Շուշին հանձնողների գնդակահարեն:

Լավ, մտածում ես` այս մի անհեթեթ առաջարկը հեռացող դատախազն է անում, մի քանի օրից իր տեղը կզիջի նորանշանակին, որը, հուսանք` ավելի ադեկվատ կլինի, եւ հարցը կփակվի, իսկ ի՞նչ անենք բուհերն Աշտարակ տեղափոխելու առաջարկի հեղինակի հետ, որի հեռանալու լուրին, երեւի, դեռ երկար ենք սպասելու, ուստիեւ նման առաջարկներ էլ դեռ երկար ենք լսելու: Գոնե եթե բավարարվեն միայն խելագար առաջարկներ հնչեցնելով: Կարծում եմ` բոլոր քննադատող-ծաղրողների ինադու, կարող է նաեւ սկսեն իրականացնել այդ անհեթեթություները: Թուրքը եկել՝ Վեդիում երգում-պարում, իր պետության դրոշն է բարձրացնում, մենք ազգովի քննարկում ենք պետական բուհերն Արագածոտնի մարզ տեղափոխելու, բոլոր բուհերը 8 մեծ բուհի կազմում միավորելու հարցը եւ դա ներկայացնում ենք որպես բուհերի բովանդակությունը փոխելուն ուղղված հեղափոխական առաջարկ: Իսկ ի՞նչ է լինելու պետական բուհերի շենքերի հետ, որոնք Երեւանի լավագույն շենքերն են: