Հայէկոնոմբանկը լավություն է արել ու կրակն ընկել

Հայէկոնոմբանկը լավություն է արել ու կրակն ընկել

Հայէկոնոմբանկը» լավություն է արել ու կրակն ընկել իր լավության ձեռքը։ Եվ սելը ճռռալու փոխարեն հիմա սելվորն է ճռռում։ Խոսքն Ալավերդու պատկերասրահին հատկացված տարածքի մասին է, որը 1999 թվականից պատկանում է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին։ Այս տարածքը, որը նախկինում եղել է Ալավերդու քաղառինը, եւ որի մի մասում այժմ բանկի Ալավերդու մասնաճյուղն է գործում, 1999 թվականին դատարանի որոշմամբ ճանաչվել է Հայէկոնոմբանկի սեփականությունը։ Ալավերդու քաղառն այդ տարիներին ավելի քան 20 մլն դրամի վարկային պարտավորություն է ունեցել Հայէկոնոմբանկին, բայց վարկը չի կարողացել մարել, սկսվել է դատական պրոցես, 1997 թվականին Ալավերդու քաղառը ճանաչվել է սնանկ, եւ 1999 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ բանկի հանդեպ պարտապանի պարտքի համապատասխան մասի դիմաց բանկին է հանձնվել նաեւ Կախոյան փողոցում գտնվող թիվ 18 խանութի անշարժ գույքը, որի հիման վրա էլ տրվել է սեփականության վկայական Հայէկոնոմբանկին։ Այդ տարածքի մի մասն այնուհետեւ դարձել է բանկի Թումանյանի մասնաճյուղը։ Իսկ մյուս մասը բանկը՝ որպես լավություն, օժանդակության կարգով անհատույց օգտագործման է տվել Ալավերդու

պատկերասրահին։ Մոտ 20 տարի առանց որեւէ վարձավճարի, լրիվ անհատույց այդ տարածքն օգտագործվել է պատկերասրահի կողմից։ Բայց 2016 թվականին Հայէկոնոմբանկը որոշել է իր սեփականությունը հանդիսացող տարածքն օտարել՝ վաճառելով Դավիթ Հարությունյան անուն-ազգանունով մի քաղաքացու։ Վերջինս էլ երկու տարի է՝ փորձում է դե յուրե իրեն պատկանող տարածքը դե ֆակտո հետ ստանալ, բայց չի կարողանում։ Բանկի տնօրինությյան խոսքով՝ Ալավերդու պատկերասրահը երկու տարի է՝ շահարկում է իրենց անունն ու փորձում շանտաժով պահել մի տարածք, որը 1999 թվականից օրենքի ուժով պատկանել է իրենց, իսկ 2016-ից էլ օտարվել է։

«Հետք» էլեկտրոնային պարբերականում այս թեմայով հոդվածների շարք է հրապարակվել, որտեղ ներկայացված է, թե Հայէկոնոմբանկը տարիներ շարունակ փորձում է յուրացնել Ալավերդու պատկերասրահի տարածքը։ Բանկից էլ պնդում են, որ դա իրենց տարածքն է, եւ հոդվածում միակողմանի է ներկայացված իրականությունը՝ առանց լսելու իրենց տեսակետը եւ առանց հաշվի առնելու, որ դեռ 1999 թվականից այդ տարածքն օրենքի ուժով անցել է իրենց տնօրինմանը Ալավերդու քաղառի պարտքերի դիմաց։ Հայէկոնոմբանկում կարծում են, որ Ալավերդու մշակութասերները մամուլի միջոցով փորձում են շահարկել իրենց անունը, շանտաժ անել, որպեսզի ամեն գնով այդ տարածքը մնա իրենց՝ չգնահատելով 20 տարի անվարձահատույց բանկի տարածքը տնօրինելու փաստը։ Բացի այդ, այսօր այդ տարածքը դե յուրե պատկանում է լրիվ այլ անձի, որն ընդամենը ուզում է իրեն պատկանող սեփականությունը տնօրինել ըստ ցանկության, բայց պատկերասրահի տնօրինությունը, որ, հավանաբար, նաեւ առեւտրային նպատակներով է այն օգտագործում՝ վաճառելով նկարներ եւ ստանալով եկամուտ, ոչ մի կերպ չի ցանկանում իրեն չպատկանող տարածքից հրաժարվել։

«Հետքի»՝ 2018 թվականի դեկտեմբերի 23-ի հոդվածում նշված է, որ պատկերասրահի շենքը փրկելու համար ռեժիսոր Հրաչյա Պապինյանն առաջարկել է ալավերդցիների ստորագրությամբ դիմում ուղարկել կառավարություն՝ «1997թ. մարտի 14-ի N 51 որոշմամբ Ալավերդի համայնքի սեփականության գույք հանդիսացող պատկերասրահի շենքից Հայէկոնոմբանկի մասնաճյուղը հանելու եւ այլ տարածք հատկացնելու համար»։ Ալավերդցիներն այստեղ հղում են անում ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի N 51 որոշմանը, որով Ալավերդու համայնքին են պատկանում քաղաքի մի շարք շենք-շինություններ։

Հայէկոնոմբանկի իրավաբան Վրեժ Ջհանգիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա մոտ 200 էջանոց որոշում է, որով մի շարք անշարժ գույքեր համարվել են համայնքի սեփականությունը։ «Բայց էդ գույքերի ցանկում ո՛չ հասցե կա գրված, ո՛չ բնութագիր կա։ Կառավարության որոշման մեջ գրված է՝ «պատկերասրահ»։ Խոսքն արդյոք էդ պատկերասրահի՞ մասին է, թե՞ ոչ՝ չենք կարող ասել։ Ավելի նույնականացուցիչներ չկան, որ հասկանանք՝ այդ նույն գույքի մասի՞ն է խոսքը, թե՞ ոչ։ Ըստ երեւույթին՝ այդ որոշման մեջ նշված «պատկերասրահն» այլ գույք է, չգիտեմ, որովհետեւ չի կարող մի գույք հանձնվել համայնքին ի սեփականություն, եթե այն այդտեղ գրավ է դրված, կամ ուրիշի իրավունքների մասին նշում կա»,- ասաց Ջհանգիրյանը։

Նա, ամեն դեպքում, շեշտեց, որ այդ տարածքը պարտքի դիմաց դատարանի որոշմամբ անցել է բանկին, եւ դա 1999 թվականից պատկանում է իրենց, ուստի զարմանալի է, թե ինչն են հիմա վիճարկում։