Ինչպիսին է իրական Ադրբեջանը

Ինչպիսին է իրական Ադրբեջանը

Ռուսական բլոգոլորտում հայտնի ճանապարհորդ բլոգերներից մեկը ներկայացրել է իր տպավորություններն Ադրբեջան կատարած մի քանի այցերից հետո, փորձել նկարագրել տեղի հասարակության տրամադրությունները, նիստուկացն ու մտայնությունները։ Ներկայացնում ենք նրա հրապարակումը՝ հայերեն թարգմանությամբ։ «Առաջին անգամ ես Վրաստանից մեկնեցի Ադրբեջան եւ եղա այդ երկրի արեւմտյան շրջաններում՝ Բելոքանում, Զաքաթալայում, Գախում, Շաքիում, իսկ երկրորդ անգամ մեկնեցի Բաքու եւ ճանապարհորդեցի այդ երկրի հյուսիսում՝ Ղուբայում եւ Խինալըքում, ապա եւ ուսումնասիրեցի Բաքուն ու երկրի հարավը՝ Լենքորանը, Աստարն ու Լերիքը։

Ընդհանուր առմամբ տպավորություններս դրական են։ Բացառություն թերեւս կարելի է համարել այն, որ Բաքվում երկաթուղային կայարանի մոտ մի ոստիկան սկսեց անհանգստացնել, ասելով, որ կայարանը լուսանկարել չի կարելի։ Եվ մյուսն էլ, երբ չեղյալ հայտարարվեց իր մեկնումը Բաքվից Նախիջեւան եւ հետո մի քանի ամիս պայքարում էի, որ տոմսիս փողը հետ ստանամ։ Դա, սակայն, իմ կարծիքով, սովորական բյուրոկրատիա է որը կարող է լինել ամենուրեք։

Բաքվի կենտրոնը կարելի է համարել ոչ միայն նախկին ԽՍՀՄ, այլ նաեւ աշխարհի գեղեցիկ քաղաքներից մեկը։ Սակայն կրկնում ու ընդգծում եմ՝ միայն կենտրոնը, քանի որ կենտրոնից մի քանի փողոց հեռու արդեն ընկնում եք սովորական ավերակների մեջ՝ փողոցներ առանց ասֆալտի, քայքայված խրուշչյովկաներ, ինքնակամ շինություններ եւ ոչխարներ, հավեր, որոնք քաղաքի ցուցադրական կենտրոնից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա են գտնվում։ Երբեմն ինձ թվում էր, թե այստեղ ավելի վատ է, քան Հնդկաստանում կամ Բանգլադեշում։ Իսկ առհասարակ Հյուսիսային Ադրբեջանի լեռները գեղեցիկ են, իրենց կոլորիտով, ձյունե գագաթներով, հյուրընկալ տեղի բնակչությամբ, թեեւ հարեւան Դաղստանը բնապատկերների առումով շատ ավելի հետաքրքիր կարող է լինել։ Իսկ ինչպիսին են իրենք՝ ադրբեջանցիները»։