«Հրապարակ». Դեղերի հատկացման նոր կարգը մեծ դժգոհություն է առաջացրել

«Հրապարակ». Դեղերի հատկացման նոր կարգը մեծ դժգոհություն է առաջացրել

Մարտի 1-ից մոտ 500 անուն դեղ վաճառվում է էլեկտրոնային դեղատոմսերով, այսինքն՝ էլեկտրոնային եղանակով դուրս գրված դեղատոմսով, որը հասանելի է հիվանդի անձնական էջում: Առողջապահության նախարարությունը հույս ուներ, որ որոշման արդյունքում կնվազեն ինքնաբուժության դեպքերը, բայց չանցած տասն օր՝ արդեն դժգոհությունների մեծ ալիք կա, որը ողողել է սոցցանցերն ու լրահոսը։ 

Հատկապես դժգոհ են մարդիկ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ։ Օրինակ, վահանաձեւ գեղձի խանգարումներ ունեցողները, որոնք մինչեւ կյանքի վերջը յոդ պարունակող l-thyroxine պետք է ընդունեն։ Հայաստանում ամեն երրորդը տառապում է յոդի պակասից։

«Եթե պոլիկլինիկայում արդեն գիտեն, որ տվյալ մարդը զոբ ունի (քրոնիկ հիվանդություն) ու հազար տարի խմելու է դա, ինչո՞ւ են ամեն առնելուց դեղատոմս ուզում»,- հարցնում է IT ոլորտի մասնագետ Վահագն Մոսինյանը։ Առարկությանը, թե շատ երկրներում են դեղերը միայն դեղատոմսով բաց թողնում, ասում է․ «Իմ հանդիպած երկրներից միայն Գերմանիայում ինձ չեն վաճառել առանց դեղատոմսի։ Կիպրոսում եմ ամռանը գնել՝ առանց դեղատոմս։ Մեկ ամիս առաջ Վիեննայում եմ գնել՝ առանց դեղատոմս։ Ես դեմ չեմ այն գաղափարին, որ մարդիկ ինքնաբուժությամբ չզբաղվեն։ Իմ ասածն ուրիշ է։ Օրինակ, ես գրանցված եմ պոլիկլինիկայում, այնտեղից են ինձ այդ դեղը ժամանակին նշանակել եւ եկել վերջնական դոզայի չափին։ Իրենք գիտեն, որ Վահագն Մոսինյանը պետք է ամեն օր 125-150 մլ խմի, մինչեւ կյանքի վերջը։ Ամեն առնելուց դեղատոմս ուզելու իմաստը ո՞րն է հիմա։ Կարելի է, օրինակ, անձնագիրը նայել, որը համակարգի բազային միացված լինի, տեսնեն՝ այդ մարդուն այդ դեղը կարելի՞ է, թե՞ չէ։ Լավ, մի՞թե նման հասարակ լուծումները նախարարությունում ոչ մեկի մտքով չեն անցնում»։ Վահագն Մոսինյանն ասաց նաեւ, որ ներմուծվող դեղը վատն է, որակը փչացրել են, եւ ինքն ամեն անգամ առանց դեղատոմսի այդ դեղամիջոցը բերում է Եվրոպայից։

Մեծ դժգոհություն կա դեքսամետազոն պարունակող դեղորայքի գնորդների մոտ։ Նրանցից մեկն ասում է․ «Որովհետեւ դեքսամետազոնը միակ դեղն է, որը կաթացնելով՝ մարդուն կարելի է փրկել ալերգիկ շոկից: Մենք մեր երեխային դրանով ենք փրկել»։ Հասկանալի է, որ մինչեւ մայրը վազի բժշկի, դեղատոմս դուրս գրի, շատ ուշ կլինի։
Հիշեցնենք․ դեղատոմսով վաճառվում են հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային պրեպարատները, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը եւ միզապրաստոլ պարունակող դեղերը։

Երեւանցի Անդրանիկ Հովհաննիսյանն էլ, նոր կարգի հետ կապված, մի քանի անհարմարություն է նշում։ «Նախ, ոչ բոլոր դեղատներն ունեն համակարգիչ ու ինտերնետ։ Երկրորդ․ մարդը, որը տանը պառկած է ու չի կարողանում դուրս գալ, ստիպված է, օրինակ, հարեւանին խնդրել, որ իր համար դեղ գնի, ու իր անձնագիրն է տալիս նրան, դեղատան աշխատողը ո՞նց է հավատալու, որ իր կողմից է լիազորված, թե՞ նոտարով լիազորագիր պետք է բերի։ Կամ՝ բժիշկն ինչո՞ւ պետք է տեսնի, թե ես ում մոտ եմ գնացել ստուգման, իրենից բացի։ Գուցե ես մի երկրորդ կարծիք եմ ուզել լսել»,- ասում է նա։

Պոլիկլինիկաներում նույնպես որոշակի իրարանցում կա։ Շենգավիթի պոլիկլինիկաներից մեկի թերապեւտ Ա․ Կ․-ն մեզ հետ զրույցում ասաց․ «Հերթերը միշտ էլ կան։ Մեզ մոտ անընդհատ լիքն են մարդիկ, բայց որ ճիշտն ասենք՝ մենք էլ դեռ լավ չենք հասկանում ինչ անել։ Դեղատներ կան, որ տալիս են դեղեր, կան, որ չեն տալիս։ Մեզ կտրուկ չի ասվել, որ միայն ղեղատոմսով աշխատենք։ Էլեկտրոնային համակարգով աշխատում ենք՝ «Արմեդ» ազգային օպերատորով, բայց թերի է ու վատ է աշխատում։ Ամենակարեւոր թերությունը՝ շատ դանդաղ է աշխատում»։

«Օրվա կեսը ծրագիրը չի բացվում, պետք է բժիշկը միայն դրանով զբաղվի, էլի չի հասցնի։ Դեղատոմս պետք է հիվանդի համար գրվի, առանց դրա հնարավոր չէ։ Մեծ ժամանակ է գնում։ Մարդիկ գյուղերից գալիս են առանց հերթագրման, երբ հարմար տրանսպորտային միջոց են գտնում»,- ասում է բժշկուհի Օվսաննա Մ․-ն՝ Սիսիանից։
Պարտադիր դեղատոմսով դեղեր հատկացնելու մասին բժիշկների կարծիքները հիմնականում դրական են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը «Հրապարակին» հայտնեց, որ դրական կարծիք ունի դեղահատկացման նոր կարգի վերաբերյալ։ «Ամեն դեպքում, եթե մինչեւ հիմա ճիշտ չի կազմակերպված եղել դեղերի հատկացումը, նշանակում է՝ պետք է շտկել։ Ամբողջ աշխարհում է ընդունված, որ կան դեղեր, որոնք առանց դեղատոմսի չի կարելի տալ»։ Բայց շատ են դժգոհությունները: «Նշանակություն չունի՝ շատ են դժգոհությունները, թե քիչ։ Եթե կա կարգ, եթե կա մի մոտեցում, որ դեղերի անվերահսկելի օգտագործումը վնասում է հանրային առողջությանը, ոչ թե անհատներին, այլ ամբողջ բնակչությանը, ուրեմն պետք է այդ քայլին գնալ։ Իսկ մնացածը՝ դեղերի ցանկը եւ այլն, հատ-հատ կարելի է քննարկել»,- ասում է Բաբլոյանը։

ՀԳ․ Կրկին հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անպատրաստ մի գործընթաց են սկսում, որը գուցեեւ ընդհանուր առմամբ օգտակար է, բխում է հանրության շահից, բայց այնքան թերի է ու վատ մշակված, որ անտանելի է դարձնում դրան առնչվող մարդկանց կյանքը՝ հերթական անգամ առաջացնելով այս երկրից փախչելու ցանկություն։