Վարչապետի անհանդուրժողականությունը վարակիչ է

Վարչապետի անհանդուրժողականությունը վարակիչ է

Երբ երկրի վարչապետը անհանդուրժողականություն է դրսևորում մամուլի հանդեպ, նման վատ օրինակը շատ վարակիչ է լինում։ Եվ ահա անհանդուրժողականության, ատելության և տգիտության ալիքը երկար սպասել չտվեց․ այսօր համացանցում մի փոքր ձեռնարկատեր կոչ է արել «չելենջ» սկսել մի շարք կայքերին «dislike» անելու նպատակով։

Շատ հետաքրքիր է, որ այս անհատը մեզ մեղադրում է ոչ թե սուտ կամ, այսպես կոչված, ֆեյք լրատվութան մեջ, այլ նրանում, որ մենք բացասական, վատ լուրեր ենք տարածում, որ ժողովրդի մեջ հիասթափություն առաջացնենք։ Քանի որ այս պարոնի էջը փակ է, և չի երևում քանի ընկեր և հետևորդ ունի, եկեք պատկերացնենք մաքսիմում թվեր։ Օրինակ՝ 5000 ընկեր և 10000 հետևորդ (որը քիչ հավանական է)։

Հիմա հասարակ մաթեմատիկա ենք անում։  Մեր էջը, ամենաքիչ հաշվարկով, 40.000-50.000 այցելու է ունենում, մնացած բոյկոտվող կայքերի էջերը կարծում եմ՝ ոչ պակաս։ Հետևաբար 11 հալածվող կայքերի օրական դիտորդների թիվը, կարծում եմ, դժվար չէ հաշվել։ Հիմա պատկերացրեք մենք մեզ թույլ տանք այս գործարարի արտադրանքը մերժելու կոչեր անենք։ Հասկանու՞մ եք, թե ինչ կսպասվի այս «քաղաքական կամք» դրսևորած գործարարին։ Կարծում եմ՝ նրա բիզնեսը երկար կյանք չի ունենա։ Գործարարի անունը հատուկ չենք նշում, որ հակագովազդ չդիտվի։ Ի տարբերություն մեզ հալածողների, մենք թիրախներ չենք մատնանշում։

Ուզում եմ նաև վարչապետին հուշել, պարո՛ն վարչապետ, եթե նման գրառումներ ֆեյսբուքում չանեք, ստիպված էլ չեք լինի միջազգային հարթակներում անհարմար հարցերի պատասխանել՝ մամուլի ազատութան հետ կապված, որի վառ օրինակն էր Դավոսի՝ օրերս տեղի ունեցած Ձեր խոսքը։