Խոշոր գործարարները Ռիտա Սարգսյանին փոխարինել են Աննա Հակոբյանով

Խոշոր գործարարները Ռիտա Սարգսյանին փոխարինել են Աննա Հակոբյանով

Երեկ վաղ առավոտից կայքերում շրջանառվում, իսկ սոցցանցերում էլ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած City of Smile հիմնադրամի նվիրատուների ցանկը։ Այն իսկական ֆուրոր էր առաջացրել համացանցում։ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ գլխավորած հիմնադրամին գումարներ են փոխանցել այնպիսի անհատներ ու կազմակերպություններ, որոնք նախկինում Սերժ Սարգսյանի ռեժիմի ակտիվ մասնակիցներն էին, եւ Փաշինյանի պայքարը ժամանակին նաեւ նրանց ու նրանց չվճարած հարկերի, մոնպոլիաների դեմ էր։ 

Այս խոշոր գործարարներն ու նրանց ընկերությունները մինչեւ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը իրենց միլիոններն ակտիվորեն փոխանցում էին Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի գլխավորած «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որն օգնում է օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: Այսօր Ռիտա Սարգսյանի հիմնադրամը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ, քանզի վերոնշյալ անձինք եւ կազմակերպությունները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան՝ իրենց ընկերություններով ու հիմնադրամներով, «Գրանդ տոբակո», «Մեգաթոյ», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Եվրոստան ույուտ», «Կարաս գրուպ», «ՄԱՊ», Երեւանի կոնյակի գործարան, «Տաշիր» բարեգործական հիմնադրամ, ՀՀ-ում գործող գրեթե բոլոր բանկերն ու էլի բազմաթիվ հայտնի եւ անհայտ անուններ, արդեն նախընտրում են բարեգործություն անել ոչ թե նախկին նախագահի տիկնոջ, այլ ներկա վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի միջոցով։

Հարց՝ արդյոք «Նվիրիր կյանքն» այլեւս շահառու չունի՞, արդյոք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք օնկոլոգիական եւ այլ նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաներ այլեւս չկա՞ն, թե՞ նրանք բարեգործության կարիք չունեն։ Կամ գուցե նրանց օգնելու «մոնոպոլիան» այսուհետ պատկանում է երկրի նոր ղեկավարի տիկնո՞ջը։ Իրավիճակի նման կտրուկ փոփոխության պատճառների մասին ամենալավը կիմանան իրենք՝ նվիրատուները, որոնք կա՛մ լռում են, կա՛մ անտրամաբանական բացատրություններ տալիս, թե ինչու էին առաջ Սերժ Սարգսյանի տիկնոջ հիմնադրամին աջակցում, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի։ 

«Նվիրիր կյանք» հիմնադրամի հաշվետվությունից պարզեցինք, որ 2009 թվականից մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 29-ը (մինչեւ այդ օրն է հրապարակված ցանկը) հիմնադրամին փոխանցվել է ընդհանուր 1 մլրդ 296 միլիոն 586 հազար 665 դրամ։ 2018 թվականի 11 ամիսներին փոխանցված գումարը չնչին տոկոս է կազմում, քանզի անցյալ տարի, որն իշխանափոխության տարի էր, նվիրատուները կտրուկ նվազել են, նվիրաբերած միջոցները՝ նույնպես։ Հայտնի անունները արտերկրյա եւս շատ քիչ կան, հիմնական նվիրատուներն անհատներ են։ Նվիրատվությունների նվազագույն շեմը սկսվում է 2 հազար դրամից, մեծ թիվ են կազմում 5, 10, 20 հազարական դրամ փոխանցածները։ Մեկական միլիոն դրամ փոխանցել են նախկին նախարար Հարություն Քուշկյանին պատկանող հիվանդանոցները՝ «Նաիրի» եւ «Էրեբունի» ԲԿ-ները։ Ամենաշատ գումար փոխանցել է «Արագիլ» բարեգործական հիմնադրամը՝ 24 մլն 250 հազար դրամ, եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈՒԵՖԱ-ի կողմից՝ 28 մլն 375 հազար 500 դրամ։ Մնացածը սրանց համեմատ մի քանի հազարական դրամներ են՝ անհատ անունների կողմից։ 

«Նվիրի կյանք» հիմնադրամից մեզ ասացին, որ հիմնադրամն այս պահին կանգնած է գումար հայթայթելու խնդրի առաջ։ Նախկինում, երբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ էր Ռիտա Սարգսյանը, իսկ երկրի նախագահն էլ նրա ամուսինն էր, հիմնադրամն ամեն տարի նամակներ էր գրում տարբեր անհատների, գործարարների, կազմակերպությունների, ներկայացնում իրենց ծրագրերն ու նպատակները եւ խնդրում ֆինանսական աջակցություն ցուցաբերել իրենց։ Այս տարի էլ են գրել, բայց դեռեւս որեւէ արձագանք չկա՝ ո՛չ մերժել են, ո՛չ հաստատել, ուղղակի լռել են։  

«Դիմում էինք խնդրանքով, որ էսպիսի խնդիր կա, նույնիսկ միջոցառում էր լինում, հավաքվում էին էդ գործարար մարդիկ, ծանոթանում էին էս ամեն ինչի հետ՝ գործունություն եւ այլն, եւ այո՝ օգնություն լինում էր եւ լինում էր այնքան, որ մենք մեր գործունեությունը շարունակում էինք։ Մենք փորձեցինք նորից դիմել նրանց Նոր տարուց հետո՝ ընդամենը մեկ ամիս առաջ, չնայած մենք սպասումներ դեռ ունենք, բայց օգնությունն արդեն չնչին է։ Հիմա էլ որ նայեք, մենք անհատ մարդկանցից օգնություն, թեկուզ 5 հազար դրամով՝ էլի կա»,- ասացին մեզ «Նվիրիր կյանք» հիմնադրամից։ Մեր զրուցակիցն ասաց, որ այդ նույն Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, բանկերը, հանքերն ու մյուս խոշոր ընկերությունները նախկինում օգնել են նաեւ իրենց։ Բայց նաեւ եղել են անհատներ, որոնք օգնել են առանց իրենց դիմելու։

Աննա Հակոբյանը գլխավորում է նաեւ «Իմ քայլը» հիմնադրամը, որի նվիրատուների ցանկը, սակայն, չեն հրապարակում, գաղտնի են պահում, թեպետ ակնհայտ է, որ նույն անձինք ու կազմակերպությունները կլինեն նաեւ այստեղ։ Իսկ City of smile կամ հայերեն թարգմանությամբ՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նվիրատուների ցանկն էլ սոցցանց էր սպրդել օգտատերերից մեկի կողմից։ Ի դեպ, այս ցանկում, բացի հայտնի խոշոր գործարարների ու ընկերությունների անուններից, նաեւ մի քանի ուշագրավ անուններ էլ կան, օրինակ՝ Պուշկինի անվան դպրոցը 400 հազար դրամ է փոխանցել, այսինքն՝ պետական դպրոցն այնքան հարուստ է, այնքան խնդիր չունի լուծելու, որ պատրաստ է  ինքը բարեգործություն անել, կամ, օրինակ, «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամ՝ 50 հազար դրամ։ Մի հիմնադրամ, որն ինքը նվիրատվությունների կարիք ունի, պարզվում է՝ ուրիշ հիմնադրամի է բարեգործություն անում։ Ի դեպ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ինքն էր սեպտեմբերի 15-ին «ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ արել՝ իրենց զարդեղենի ու թանկարժեք իրերի մի մասը նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամին»:   
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի նվիրատուների ցանկում կան նաեւ այնպիսի անուններ, որտեղ այս ամիսներին իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացրել, չարաշահումներ հայտնաբերել։ Հենց այս ստուգումներից հետո կամ ընթացքում էլ նրանք հանկարծ որոշել են գումար փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին։ 

Կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունը քողարկված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ չպետք է իրականացնի։ Սրանով նա արժեզրկում է մաքուր եւ ազնիվ իշխանության իր համբավը եւ ըստ էության խրախուսում մութ գործարքներն ու հետին մտքով իրականացվող բարեգործությունը։