Ի պատասխան Սեյրան Օհանյանի գրառման

Ի պատասխան Սեյրան Օհանյանի գրառման

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս սոցիալական ցանցում գրառում է կատարել, որտեղ, բացի սեփական անձի գովքն անելուց, մի հետաքրքիր միտք է արտահայտել, ենթադրում եմ՝ չպատկերացնելով անգամ, որ իր այդ մտքի թռիչքը հակադարձ էֆեկտ կունենա հենց իր դեմ: Դիցուք․ «Պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, եւ յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ եւ քրեորեն դատապարտելի է»:

Հիանալի է: Պարոն Օհանյանը մտահոգված է Սահմանադրության հիմնարար դրույթների ոտնահարմամբ, այն էլ՝ այն նույն Սահմանադրության, ըստ որի՝ սահմանված կարգի տապալումն ինքը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ թույլ չի տվել, եւ որի համար այսօր իրեն մեղադրանք է առաջադրվում․ այդպես է, չէ՞, ստացվում:

Պարոն Օհանյանի ասածը, իհարկե, բացարձակ ճշմարտություն է՝ կապված Սահմանադրությունը որպես բարձրագույն իրավական ակտ հանդիսանալու հետ, բայց այս պարագայում նվազագույնը համեստություն ցուցաբերելը եւ լռելը պարոն Օհանյանին չէր խանգարի, մանավանդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նույն Սահմանադրության բացահայտ ոտնահարման գործընթացին ակտիվ մասնակցություն ունենալու համար այսօր նա օրենքի հետ խնդիրներ ունի: Թե որքանով են իրավական տեսանկյունից հիմնավորված մեղադրանքները՝ թողնենք իրավաբաններին եւ իրավագետներին, թե ինչքանով է հիմնավորված ապացույցների եւ փաստերի բազան՝ դա էլ թողնենք փաստաբաններին եւ մեղադրող կողմին: Ինձ ավելի շատ զարմացնում եւ հետաքրքրում է պարոն Օհանյանի ընդունած կեցվածքը սույն հարցի հետ կապված՝ կոնկրետ մարտիմեկյան իրադարձությունների հետ իր «առնչություն չունենալը»:

Տրամաբանական բացատրությունը բացակայում է: Ինչպե՞ս կարող է մարդը, որը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կապ չունենալ իրադարձությունների մի շղթայի հետ, որի ժամանակ զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, դրանց թվում նաեւ սահմանային զորամասերից ինչպես ՊՆ, այնպես եւ ՊԲ ներառյալ, հաստիքային զենքերով զինված եւ մարտական զինամթերքով ապահովված, ռազմական տեխնիկայով եւ մարտական տեխնիկայի ուղեկցությամբ ներխուժել են մայրաքաղաք եւ երկու ամիս մնացել այնտեղ: Եթե նա դրանից անտեղյակ է եղել կամ ի զորու չի եղել որեւէ կերպ միջամտել կամ խոչընդոտել այդ գործընթացին, ուրեմն պարոն Օհանյանն արժանի չի եղել այդ պատասխանատու եւ բարձր պաշտոնին, ավելին՝ նա չպետք է նշանակվեր հետագայում պաշտպանության նախարարի պաշտոնին: Իսկ եթե տեղեկացված է եղել, որեմն թող բարի լինի եւ տղամարդու պես պատասխանատու լինի ժամանակին արված քայլերի համար:
Զուտ իրավական տեսանկյունից պարոն Օհանյանն անմիջականորեն պատասխանատու է ԶՈՒ-ում զորքերի եւ ստորաբաժանումների տեղաշարժի համար, ավելին՝ նման տեղաշարժերը կանոնակարգող եւ համապատասխան հրամաններով ամրագրված գործողությունները հսկող լայնածավալ խմբերը՝ կոնկրետ հաստիքներով, կոչումներով եւ անուն-ազգանուններով, հենց ԳՇ ենթակայության տիրույթում են գործում: Հավելենք՝ զորքերի տեղաշարժը սահմանագոտուց  դեպի մայրաքաղաք՝ մարտական տեխնիկայի ուղեկցությամբ, շարքային միջոցառում չէ: Եթե պարոն Օհանյանի օրոք ՀՀ ՊՆ տեղեկատվական ծառայությունները կարողանում էին մեդիա դաշտին լրատվություն տրամադրել, թե հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում քանի անգամ է խախտել հրադադարի ռեժիմը՝ քանի կրակոց արձակելով, ինչպիսի զինատեսակներից, այդ դեպքում, առավել եւս՝ ռազմական գերատեսչությունում, հստակ պետք է իմանային, թե 650-700 զինված եւ մարտական գործողությունների համար հանդերձանքով ապահովված սպաներ, ենթասպաներ, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներ գնում են մայրաքաղաք:

Դեռ ավելին՝ մարտիմեկյան գործողություններին ներգրավված յուրաքանչյուր զինծառայող հետագայում պարգեւավճար է ստացել՝ 50 հազար ՀՀ դրամի չափով: Թե՞ դրանից էլ է անտեղյակ պարոն նախկին նախարարը:

Կուզենայի նախկին նախարարին հիշեցնել, որ համեստությունը միայն արտաքին կեցվածքը չէ, գնահատականները Ձեր անձին կամ հերոսական գործունեությունը կգնահատվեն գալիք սերունդների կողմից, այնպես որ՝ չարժե հիշեցնել Ձեր կամ Ձեր նման այլ գեներալ-գնդապետների արածները, քանզի կարող ենք հիշեցնել շատ այլ արած-չարածներ: Ձեր խիստ նախազգուշացումներն էլ, ըստ իս, նման են խնդրանքների, այլ ոչ թե մտահոգությունների երկրի անվտանգության կամ ձեռքբերումների մասով: Մի՛ անհանգստացեք, պարոն Օհանյան, ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի, իսկ եթե նույնիսկ փորձեն մոռացության մատնել, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ճանաչում են, գիտեն եւ հիշում են:

Կարեն Մելյան