Կինոն ապրում է դժվարին ժամանակներ, կառավարությունը ինչ-որ լուծումներ պետք է գտնի

Կինոն ապրում է դժվարին ժամանակներ, կառավարությունը ինչ-որ լուծումներ պետք է գտնի

Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինի տաղանդներ» (Berlinale Talents) ծրագրում ներգրավված և մի շարք միջազգային հեղինակավոր կինափառատոններում իր «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերի համար տարբեր մրցանակների արժանացած երիտասարդ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայումս աշխատում է իր նոր՝ «Վերածնվածը» (Revival) կամ «Կալեյդոսկոպ» (Kaleidoscope) կինոնախագծի վրա։ «Հրապարակի» հարցազրույցը Ջիվան Ավետիսյանի հետ։

-Բոլոր հնարավոր մրցանակներին արժանացել ես։

- Ուրախությամբ կարող եմ ասել, որ «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը», ֆիլմերն, այո, ունեցել են մեծ հաջողություններ, տարածվել են աշխարհով մեկ․ թե՛ կինոփառատոնների մասնակցությամբ, թե՛ տարբեր ցուցադրություններով։ Բայց իհարկե, դեռ կան շատ փառատոններ և մրցանակներ, որոնց փափագում եմ, որ ֆիլմերը մասնակցություն ունենան և արժանանան։ Դրա համար էլ, մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի դա իրականություն դարձնենք նաև մեր հաջորդ ֆիլմերով։ 

-Ջիվա՛ն, կորոնավիրուսային աշխարհում ֆիլմարտադրության ժամանակավոր դադար է. չեղարկված են ամենահեղինակավոր կինփառատոնները, ի՞նչ ընթացքի մեջ են ֆիլմերի ստեղծման քո աշխատանքները։ 

- Այո, հիմա դժվարացել է ժամանակը։ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայկական պրեմիերան կայացել էր հոկտեմբերի 17-ին՝ Երևանում։ Որից հետո մենք աշխատում էինք ֆիլմը Միացյալ Նահանգներում տարածելու պլանավորման ուղղությամբ։ Ես մեկնել էի Լոս Անջելես մարտի 6-ին և պետք է այնտեղ մնայի 2 ամիս՝ մինչև ապրիլի վերջը, քանի որ այդ ընթացքում պլանավորված էր «Դրախտի դարպասը» ֆիլմի ամերիկյան դիստրիբյուցիան։ Մարտի 21-ին պետք է կայանար  ֆիլմի ամերիկյան պրեմիերան՝ Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում, մոտ 1500 հոգանոց հանդիսատեսով, ներառյալ ֆիլմի համապրոդյուսերները՝ Լիտվայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Իտալիայից, միջազգային դերասանական կազմը, մի քանի տասնյակ օտարազգի կինոոլրտի ներկայացուցիչներ թե՛ Hollywood -ից, թե տարբեր երկրներից։ Պրեմիերային պետք է հաջորդեին ցուցադրությունները ԱՄՆ-ի մի շարք քաղաղներում, այդ թվում՝  Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Չիկագոյում և այլուր, իսկ մայիսին արդեն պլանավորել էինք եվրոպական ցուցադրությունները՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բուլղարիայում։ Բայց կյանքն անկանխատեսելի անակնկալներ է մատուցում․ ընդամենը մի քանի օրվա մեջ բոլոր պլանավորումները չեղարկվում են, հետաձգվում, միջազգային սահմանները փակվում են․․․ և իմ գնալուց մեկ շաբաթ հետո ես հազիվ կարողանում եմ թռիչքի տոմս գտնել և վերադառնալ Հայաստան, փառք Աստծո՝ բարեհաջող (ժպտում է)։ Վերադարձա ամեն ինչ զրոյից սկսելու։ Եվ հիմա դարձյալ աշխատում ենք  «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունների ուղղությամբ, որոնք պլանավորում ենք աշնանը, հույսով, որ  մինչև աշուն ամեն ինչ կկարգավորվի։ Մենք էլ, ինչպես բոլորը, փորձում եմ ելքեր գտնել, որպեսզի մեր նախագծերը  կորոնավիրուսից հետո կյանք ունենան։ 
Ապրիլի 17-ին՝ ՀՀ ազգային կինոկենտրոնի կազմակերպած ընդհանուր zoom-զրույցի ժամանակ իմացա, որ կան կոլեգաներ, որոնք ֆիլմերի նկարահանումների փուլում են եղել և ստիպված՝ դադարեցրել են։ Ես մտահոգ եմ իմ կոլեգաների համար, քանի որ շատ ավելի բարդ դրության մեջ են հայտնվել նրանք՝ ընդհատելով ֆիլմի նկարահանումները,  մենք դեռ ավարտին ենք հասցրել մեր երրորդ ֆիլմը, իսկ չորրոդ՝ «Վերածնվածը» («Կալեդոսկոպ») կինոնախագծի զարգացման առումով այս պահին չենք տուժում, ժամանակային լուծումը կա․ ակտիվ աշխատում ենք ես, ֆիլմի սցենարիստը և ֆիլմի երկխոսությունները գրողը, յուրաքանչյուրս՝ մեր տնից։ 
Չափազանց բարդ է։ Կինեմատոգրաֆի համար իրապես դժվար ժամանակներ են աշխարհում, և պետք է ոչ միայն Հայաստանը, այլ առհասարակ ողջ մարդկությունը կարողանա դիմադրել, հաղթահարել կյանքի այս ոչ դյուրին էտապը և յուրաքանչյուր երկրի կառավարության, ներառյալ՝ ՀՀ կառավորության կողմից հարմար ելք գտնվի կինեմատրագրաֆի գոյատևման համար։  Քանի որ տուժում ենք ե ֆինանսապես, թե ժամանակային առումով և կինոնախագծերը կարող են հետընթաց ապրել։ 

-Ի՞նչ եք ակնկալում պետությունից։

-«Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծման համար մենք ունեցանք ՀՀ ազգային կինոկենրոնի աջակցությունը, որի համար շնորհակալ եմ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հովանու  ներքո, կինոկենտրոնի տնօրինության ամիսների բազմաչարչար աշխատանքի, սրտացավության արդյունքում մենք այս տարի Բեռլինի կինոշուկայում  ունեցանք հայկական տաղավար, որը մեծ ձեռքբերում է, քանի որ մենք՝ որպես երկիր, կարողացանք ներկայացված լինել  կինոյի այդ մեծ օվիկանոսում։ Եվ կարող եմ միայն իմ խորին շնորհակալությունը հայտնել այս կարևոր իրադարձության իրականացման համար։

-«Վերածնվածը»(«Կալեյդոսլոպ»)-ում և՞ս Արցախյան թեման է։

- Ֆիլմում ներկայացված են 4 զուգահեռ պատմություններ, որոնք, ըստ էության միմյանցից տարբեր են, տարբեր են նաև հերոսների ճակատագրերը։ Արցախի հետ, որոնք,  կարծես թե կապ չունեն։ Բայց ֆիլմի ընթացքում պատմությունն այնպես է զարգանում, որ անկախ նրանից, թե որքան մոտ կամ հեռու են գտնվում հերոսները, էական չէ, խորն Արևելքում թե  եվրոպական որևէ երկրում, աղետն իր ազդեցությունն է թողնում նրանց վրա, այն վնասում է նրանց։ Ինչպես կորոնավիրուսը։ Քանի որ երկիր մոլորակը մի ամբողջական մարմին է, օրգանիզմ։ Չի կարող օրինակ, Սիրիայում կամ Արցախում պատերազմ լինել և որևէ կերպ չանդրադառնա քեզ վրա։ Ֆիլմի կառուցվածքն այնպիսին է, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդիկ հանկարծ իրար փոխկապակցվում են ինչ-որ թելերով։ Ու յուրաքանչյուրն իր  դրամայով՝ մի լուծման է հանգում։ Իսկ դրա պատճառը մոտ 30 տարի առաջ հայկական լեռնաշխարհում սկսված պատերազմն է։

-Մեկ անգամ «Դրախտի դարպասը» ֆիլմից պրեմիերայից առաջ ասել էիր, որ քեզ համար դրախտն Արցախն է։ Կուզենայի՞ր հիմա կորոնավիրուսի կարանտինն անցկացնել այնտեղ։

- Էական չէ՝ ֆիզիկապես որտեղ եմ գտնվում, ես Արցախում եմ միշտ։ Հոգեպես, մտովի ես գիտեմ, թե որ «խմորից» եմ․ դա այն ջրից է, որը հոսում է Քիրսից, այն հողից, որը Մռովի ստորոտին է, այն «Դրախտի դարպաս»-ի ժայռի ծերպի ծաղիկի բույրից, այն բարձր սարին ծվարող արծվի թռիչքից։ Ես սիրում եմ Արցախը ու կարևոր չէ, թե որտեղ եմ աշխատում։  Հիմա ես Երանում եմ, խստորեն հետևում եմ պարետի ցուցումներին, շաբաթական տնից դուրս եմ գալիս 2 անգամ, միայն ես, այն էլ՝ սնունդի համար (ժպտում է)։ Աշխատում եմ օրական մոտ՝ 18-20 ժամ, քնում՝ մոտ 4 ժամ։

- Այս ընթացքում այլ ռեժիսորների ի՞նչ ֆիլմեր ես նայել։

- Հերթով նայում եմ «Օսկար» մրցանակաբաշխության ու Կաննի կինոփառատոնի՝ վերջին 5 տարիների մրցանակակիր ֆիլմերը։ Փորձում եմ նայել ֆիլմեր, որոնք ինչ-որ չափով բաց եմ թողել աշխատանքի, զբաղվածության արդյունքում։