Մի ՔՊ-ական զառանցանքի հետքերով

Մի ՔՊ-ական զառանցանքի հետքերով

Գեւորգ Պապոյան անունով մի պատգամավոր կա՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությունում: Հուսամ՝ ճանաչում եք: Այդ Գեւորգ Պապոյանը Tert.am-ին երեկ տված հարցազրույցում կարգին բացվել ու խոսել է Արցախի վերջին օրերից, «դավաճանություն» եւ «կապիտուլյացիա» հասկացություններից, մատնանշել կոնկրետ դավաճանների ու կապիտուլյանտների անուններ, որոնց մեջ Նիկոլի անունը, բնականաբար, չկար: Մի պահ նույնիսկ ասաց՝ Նիկոլ Փաշինյանս… Լեզվի սայթաքում էր, անշուշտ, ինչպես հարցազրույցն ամբողջությամբ: Այսուհանդերձ, հարցուպատասխանը լրագրողի հետ բավականին հետաքրքիր էր այն առումով, որ տպավորություն թողեց, թե Պապոյանը Փաշինյանից շատ ավելի վարժ է ստախոսության եւ մանիպուլյացիայի արվեստի մեջ: Լսելով Պապոյանին՝ Փաշինյանը կասեր՝ սա պատանին կգերազանցե զիս: Եթե Նիկոլը չի դիտել այդ հարցազրույցը, խորհուրդ կտամ անպայման դիտել:

Թեեւ ինձ խոսք չի հասնում, բայց նույն խորհուրդը կտայի նաեւ ՀՀ երկրորդ նախագահին, ՀՀ երրորդ նախագահին, Արցախի նախագահներին (Արայիկ Հարությունյանից բացի), ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին, ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ բոլոր նրանց, ովքեր ազատագրեցին, 33 տարի պահեցին Արցախը, Արցախի Հանրապետության վերջին օրերին եղան Արցախի ու արցախցու հետ եւ այսօր կա՛մ Ադրբեջանի բանտերում են, կա՛մ, որպես ընդդիմադիր, հալածվում են Հայաստանում՝ ՀՀ իշխանությունների կողմից «նախկիններ» գարշահոտ պիտակով պիտակավորված: Մի արհամարհեք, մի զլացեք, լսեք Պապոյան Գեւորգին, պարոնայք, ես վստահ եմ, որ դուք, ի դեմս այդ անձի, կտեսնեք ձեր դատավճիռը Նիկոլից շատ ավելի գրագետ, Նիկոլից շատ ավելի խորամանկ հնարքներով կառուցողին: Սրանք որ մի քիչ էլ երկարեն իրենց տեղում, այդ դատավճռի օրն անխուսափելիորեն գալու է, եւ նրանց դատավորը չի վարանելու վճիռ կայացնել այդ նույն Գեւորգ Պապոյանի «մեղադրանքների» ու ձեւակերպումների լույսի ներքո:

Ավելի պարզ արտահայտվեմ․ այն, ինչ Փաշինյանն ասել ու ասում է ճղճղոցով՝ կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ, Արցախը հանձնողն էլ, Պապոյանն ասաց շատ հանգիստ, վարժ, ընտիր բառապաշարով եւ դեմքի մի արտահայտությամբ, որ համեմատելի էր միայն ծրագրավորված սարքի «դեմքի» արտահայտության հետ: Փաշինյանը կապիտուլյանտ չէ: Փաշինյանը փրկիչ է՝ փրկել է Հայաստանը, պահել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ապահովություն է բերել հայ ժողովրդին, այդ թվում՝ նաեւ 100 հազարից ավելի արցախցիներին: Դե իսկ Արցախի Հանրապետության 30 տարիների պատմությունը հայաստանցիների կրած զրկանքների պատմությունն է… Արցախում շատ ավելի լավ էին ապրում, քան Հայաստանում, հայաստանցիների հաշվին էին պահում Արցախը, մենք որդիներ ենք տվել Արցախին: Բայց դուք այդ նախկիններին տեսեք, ձեռքերն էին շփում ու մտածում, որ կկարողանան օգտագործել Արցախի անկման պահն ու Հայաստանում կգան իշխանության: Շնորհավորում էին Շահրամանյանին, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Հայաստանի անվտանգությանը սպառնացող տողի տակ ստորագրություն է դրել:

2021թ. հունիսին, ընտրություններից առաջ, պատգամավորության թեկնածուներից մեկին հարցրի՝ մասնակցելով ընտրություններին՝ գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ բեռի տակ եք մտնում: Լրջացավ՝ ի՞նչ բեռ: Ասացի՝ ընտրողը ձեզ ձայն է տալու կապիտուլյանտին ս․․․ անելու համար, կկարողանա՞ք: Չհամաձայնեց: Թե բա՝ ընտրողը մեզ ձայն է տալու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար: Ոչ, բարեկամս, ասացի, սա այդ դեպքը չէ: Սա լինելու է ձեր վերջին ընտրությունը, եթե հանկարծ իշխանափոխություն տեղի չունենա: Դուք, եթե չհաղթեք, որպես ընդդիմություն, կարողանալո՞ւ եք կապիտուլյանտին ս․․․ անել: Նա՝ մենք կլինենք իսկական, քաղաքական պինդ ընդդիմություն ու ամեն ինչ կանենք… Հաջողություն մաղթեցի զրուցակցիս: Նա հիմա պատգամավոր է, եւ ես, որպես նրան ձայն տված ընտրող, ներքուստ հանգիստ եմ, որովհետեւ դեռ 2021թ. հունիսին հասցրի նախազգուշացնել՝ կա՛մ մենք կապիտուլյանտին ս․․․ կանենք, կա՛մ նա՝ մեզ:

Եվ, ահա, Գեւորգ Պապոյանն իր հարցազրույցով փակագծեր է բացում: Այն ամենի համար, ինչ 2020-ից հետո տեղի է ունեցել Հայաստանում, մեղավորներ են պետք: Դատախազությունն ու դատարանները բերված են թիվ մեկ պատրաստության՝ «կապիտուլյանտներին», «հողատուներին», «Արցախը հանձնողներին», «ՀՀ-ում իշխանությունը զավթելու փորձ անողներին» դեպի անազատության վայրեր սիկտիր անելու համար: Դե, իսկ բուն կինոն կսկսվի Սյունիքը կամ «միջանցքը» տալուց հետո: Դրան էլ, ինչպես հասկանում եք, երկար ժամանակ չի մնացել: