Ռուսաստանի եւ Հայաստանի թշնամության նոր ճակատ

Ռուսաստանի եւ Հայաստանի թշնամության նոր ճակատ

«Եկեք ընդհանրապես ռուսական գործոնի մասին չխոսենք: Լավրովները եւ մյուսները թող գնան իրենց «լավրովի լիստերը» չորացնեն: Ռուսաստանը չպետք է խառնվի մեր գործերին, եւ մարիազախարովաների ու լավրովների պես մարդիկ թող գնան Ռուսաստանի խնդիրներով զբաղվեն, նրանք վաղուց այստեղից հեռացել են»,- ասում է Փաշինյանի գաղափարակից, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ում կարծիքով՝ վերջին 300 տարիների ընթացքում Ռուսաստանը հայ ժողովրդի նկատմամբ միայն թշնամություն է արել: Հետո էլ զարմանում են, թե ինչու Ռուսաստանի ԱԳՆ-ն ագրեման` համաձայնություն չի տալիս իր երկրում Հայաստանի նոր դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի նշանակմանը: Հայաստանն ավելի ճիշտ կանի, եթե Արսենյանի թեկնածության վերջնական մերժման դեպքում դեսպանի թեկնածու առաջադրի հենց Հակոբ Ասլանյանին: 

Հայաստանը եւ Ռուսաստանը դիվանագիտական դիմակայության մեջ են հայտնվել. Ռուսաստանը չի համաձայնում, որ Հայաստանը Ռուսաստանում դեսպան նշանակի ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին: Արսենյանը հավաստիացնում է, որ ոչ մի խնդիր էլ չկա, եւ իր նշանակումը կլինի, բայց այն, որ նրա նշանակման հարցը դարձել է հանրային քննարկման առարկա, արդեն ցույց է տալիս, որ դաշնակից եւ բարեկամ համարվող երկրների միջեւ խնդիր կա: Ընդհանրապես, դեսպանների նշանակման կամ թեկնածուների համաձայնեցման հարցը լուծվում է ոչ թե պաշտոնական դիմումների կամ ագրեմանների միջոցով՝ դրանք խնդրի ձեւական կողմն են, այլ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ոչ պաշտոնական բանակցություններով: Բայց Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջեւ այլեւս չկա ներքին խոսակցություն, եւ շփումները կրում են բացառապես պաշտոնական բնույթ: Հայաստանն ուզում է Ռուսաստան դեսպան ուղարկել իր արեւմտամետ հայացքներով հայտնի Գուրգեն Արսենյանին, Ռուսաստանը մերժում է նրա թեկնածությունը:

Դիվանագիտական դիմակայությունը կարող է վերածվել դիվանագիտական սկանդալի: Հայաստանը կարող է, չսպասելով Գուրգեն Արսենյանի՝ դեսպանի պաշտոնում նշանակման համաձայնությանը, հետ կանչել գործող դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Նրան նոր դեսպանով փոխարինելն առնվազն անհասկանալի է, քանի որ նա այդ պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարին եւ նույնիսկ երկու տարի էլ չի հասցրել պաշտոնավարել` դեսպանները սովորաբար պաշտոնավարում են գոնե 3 տարի: Վաղարշակ Հարությունյանին փոխարինելը մի բացատրություն կարող է ունենալ. Հարությունյանը չի կատարում պաշտոնական Երեւանի հրահանգները, օրինակ, Մոսկվայում հանդես չի գալիս հակառուսական հայտարարություններով: Պատկերացրեք Վաղարշակ Հարությունյանի փոխարեն դեսպանի պաշտոնում Հակոբ Ասլանյանին, ով Մոսկվայում հարցազրույց կտար եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին խորհուրդ կտար «լավրովի լիստ» չորացնել կամ Ռուսաստանին կհռչակեր Հայաստանի հարյուրամյակների թշնամի: Ասլանյանն այս հայտարարություններն անում է Փաշինյանի սրտով ու հրահանգով, Փաշինյանը ՔՊ վարչությունում ձեւավորում է հակառուսական տրամադրություններ եւ ուղղորդում՝ նման հայտարարություններ անել: Վաղարշակ Հարությունյանը երեւի նրանցից տարբերվում է՝ ավելի ողջախոհ է եւ հրաժարվում է նման բովանդակության հարցազրույցներ տալուց եւ դրա համար արժանանում է իշխանության անվստահությանը, նրա պաշտոնավարումը համարվում է ոչ նպատակահարմար, եւ իշխանությունը որոշում է փոխարինել նրան նոր դեսպանով: Համենայնդեպս, նման փորձ է արվում: Եթե պաշտոնական Երեւանն առանց նոր դեսպանի ագրեմանի հետ կանչի գործող դեսպանին, ապա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը միանգամից կիջնի: 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, չնայած նրա աշխատանքից էլ կան դժգոհություններ, հակառակը՝ երկարակյաց դեսպաններից է: Նա այդ պաշտոնում նշանակվել է 2018 թվականի ապրիլի սկզբին եւ պաշտոնավարում է արդեն վեցերորդ տարին: Եթե Ռուսաստանը որոշի փոխարինել Կոպիրկինին եւ նրա փոխարեն նոր դեսպանի թեկնածու առաջարկի Հայաստանին, փոխադարձության սկզբունքով Հայաստանն էլ իր համաձայնությունը չի տա Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությանը: Այսպիսով Հայաստանը Ռուսաստանում դեսպան չի ունենա, Ռուսաստանը՝ Հայաստանում: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կարող է իջնել, եւ դեսպաների փոխարեն երկրները կարող են ներկայացված լինել դեսպանորդների կամ նույնիսկ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, սա ամենացածր մակարդակն է: Գործերի ժամանակավոր հավատարմատար կարող է նշանակվել դեսպանատան ցանկացած աշխատակից, նույնիսկ այնպիսի մեկը, ով չունի դիվանագիտական աստիճան, դրա համար ընդունող երկրի համաձայնություն` ագրեման, անհրաժեշտ չէ: 

Նման վիճակը միանգամայն տրամաբանական կլինի, կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվող թշնամական հարաբերությունների զարգացման տրամաբանական շարունակությունը: Օրինակ, Լիտվան եւ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցրին 2022 թվականին, Էստոնիայի եւ Լատվիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցվեց 2023 թվականի սկզբին, երբ Ռուսաստանը հետ կանչեց Էստոնիայում իր դեսպանին, ինչին հետեւեց Էստոնիայի արձագանքը, իսկ Լատվիան մերձբալթյան համերաշխության շրջանակներում հետ կանչեց Մոսկվայում իր դեսպանին:

Մենք չենք պնդում, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կարող է իջեցվել առաջիկա օրերին, բայց հարաբերությունների զարգացման կամ հետընթացի ներկա տեմպերը ցույց են տալիս, որ դրան առանձնապես շատ ժամանակ չի մնացել: Պետք է ընդամենը, որ Հայաստանի իշխանությունը շարունակի պահպանել հակառուսական քարոզչության ներկա մակարդակը, իսկ Ռուսաստանը դրան պատասխանի: Եթե Փաշինյանի իշխանությունը համարում է, որ հարաբերությունների 300 տարիների ընթացքում Ռուսաստանը Հայաստանի եւ Հայաստան պետության նկատմամբ ոչ թե բարեկամ է եղել, այլ՝ թշնամի, ապա ինչո՞ւ պետք է թշնամու հետ ինչ-որ հարաբերություններ պահպանել: Օրինակ, Վրաստանն արդեն 15 տարի խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ կարծես թե առանձնապես բան էլ չի փոխվել Վրաստանի կյանքում. Հայաստանի իշխանությունը, հաստատ, այսպես է մտածում:

Ավետիս Բաբաջանյան