Երեկ ՌԴ-ից հնչող հայտարարությունների ֆոնին լարին ռեկորդային անկում է գրանցել, բայց այսօր ամրապնդվել․փորձագետ

Երեկ  ՌԴ-ից հնչող հայտարարությունների ֆոնին լարին ռեկորդային անկում է գրանցել, բայց այսօր ամրապնդվել․փորձագետ

Սամցխե-Ջավախքի «Մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վրաստանում հունիսի 20-իդ սկսված ցույցերն արդեն իսկ իրենց զգացնել են տալիս այն առումով, որ երկրում իրավիճակ է փոխվել։

Էդուարդն ասում է․«Եվ դա, հիմնականում, տեղի ունեցավ հուլիսի 7-ի երեկոյան երբ ընդդիմադիր «Ռուստավի- 2»  հեռուստաընկերության եթերում հաղորդավար Գեորգի Գաբունիան P.S. ծրագրի եթերում ռուսերեն լեզվով հայոյանքներ հնչեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

Մինչեւ այդ արդեն Վրաստանում ծանր էին տանում այն փաստը, որ հույիսի 8-ից դադարելու էին ավիափոխադրումները ՌԴ-ից դեպի Վրաստան։ Դա արդեն իսկ ազդել էլ երկրի տնտեսության վրա, ինչի պատճառով լարիի փոխարժեքը խիստ նվազել էր»։

Էդուարդ Այվազյանի խոսքով՝ Գեորգի Գաբունիայի սկանդալային հայտարարությունները լուրջ մտահոգության պատճառ են դարձել Վրաստանի իշխանությունների եւ հասարակության մասի մոտ։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը, նախագահը եւ Խորհրդարանի խոսնակը Գաբունիայի սկանդալային հայտարարությունը արդեն իսկ կոշտ քննադատության են ենթարկել և այն անվանել շատ վտանգավոր երկրի ինքնիշխանության համար։

Մանավանդ, որ հաջորդ օրին իսկ պարզ դարձավ, որ ՌԴ պետդուման օրինագիծ է մշակում վրացական գինու եւ հանքային ջրերի ներկրումը Վրաստանից սահմանափակելու, ինչպես նաեւ ֆինանսական փոխադրումների սահմանափակում մտցնելու մասին։

Փորձագետը մեկնաբանում է․«Միայն ֆինանսական փոխանցումների սահմանափակումից Վրաստանը կրելու էր մոտ 170 միլիոն դոլարի վնաս։ Հուլիսի 9-ին ՌԴ-ից հնչող տվյալ հայտարարությունների ֆոնին վրացական լարին կրկին արժեզրկվեց՝ գրանցելով ռեկորդային անկում։

Սակայն անսպասելի եղավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անդրադարձը այս թեմայի, որ նա դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։ Նա դա մեկնաբանեց նրանով, որ Վրաստանի հանրությունը իրեն ճիշտ պահեց տվյալ սկանդալային հայտարարությունից հետո եւ խիստ քննադատեց կատարվածը։

Ու որ հենց վրաց ժողովրդի նկատմամբ նրա հարգանքից ելնելով, նա պատժամիջոցներ չի սահմանի Վրաստանի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը դրական են գնահատել Վրաստանի  վարչապետը եւ նախագահը, ինչպես նաեւ ԱԳՆ-ն։ Ըստ Այվազյանի՝ այս ֆոնի վրա վրացական լարին արդեն այսօր ցուցաբերել է դրական դինամիկա եւ զգալի ամրապնդվել։ 

Դրանից բացի, ռուսական մամուլում արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ հնարավոր է՝ առաջիկայում չեղարկվի ավիաընկերությունների արգելքը դեպի Վրաստան։ 
Սամցխե-Ջավախքի «Մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրենն ամփոփում է․ «Այսպիսով կարելի է փաստել, որ հաղորդավար Գաբունիայի սադրանքը ոչ միայն չստացվեց, այլ այլ ունեցած հակառակ էֆեկտը Վրաստանի հասարակության եւ իշխանությունների ճիշտ պահվածքի շնորհիվ։

Ռուսաստանում էլ կարծես հասկացան, որ այս սադրանքի հետեւում կանգնած էր ոչ թե վրաց ժողովուրդը, այլ Միխեիլ Սահակաշվիլու կուսակցությունը, որը հունիսի 20-ին փորձեց օգտագործել Գավրիլովի Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռում հայտնվելու փաստը երկրում հեղափոխություն իրականացնելու համար»։