Փաշինյանն արձագանքել է Ալիևին. որ հարցերում համաձայնության չեն գալիս

 Փաշինյանն արձագանքել է Ալիևին. որ հարցերում համաձայնության չեն գալիս

Գավառ քաղաքում ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջապես անդրադարձավ Ալիևի հայտարարություններին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը «հին ադրբեջանական քաղաք» է, և որ այն Հայաստանին «հանձնելը» պատմական հանցագործություն է։ Վերջինս այլ բնակավայրեր ևս ադրբեջանական էր համարել ու ևս մեկ անգամ խոսել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ստանալու մասին։

Փաշինյանն այսօր Գավառում հայտարարեց, որ Ադրբեջանից վերջին շրջանում հնչող հայտարարությունները համարում է լրջագույն հարված խաղաղության գործընթացին։ Այս հայտարարության մեջ առնվազն զարմանք է պատճառում ոչ թե Ալիևի ռազմատենչ ու ֆաշիստական հայատյացությամբ հարուստ հռետորաբանությունը, այլ խաղաղության գործընթաց ձևակերպումը։ Ուզում եմ պարզապես հասկանալ, թե ո՞ր խաղաղության գործընթացի մասին է խոսում Փաշինյանը՝ Արցախում ցեղասպանության ու հայաթափման, ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթմա՞ն, նոր պատերազմներով սպառնալո՞ւ, ՀՀ մայրքաղաքը բռնազավթելու մասի՞ն խոսող Ալիևի հետ խաղաղության գործընթացի՞․․․

Ինչևէ, քանի դեռ կարդալու և վերլուծելու ունակ մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում, Փաշինյանը շարունակում է իր հետևորդներին ու իրենց աստվածացնողների բանակին «սնել» քաղաքական կառավարման գործող տեխնոլոգիաներով։ Այսօր նա բավականին վրդովված խոսում էր Ադրբեջանի վերջին շրջանի հռետորիկայի մասին, այնինչ Ալիևը նորություն չի ասել վերջին ասուլիսի ժամանակ։ 2020 թվականից հետո Ալիևի խոսույթը ոչ միայն ծայրաստիճան նացիստական երանգ է ստացել, այլ Փաշինյանի զիջողականության ֆոնին Ալիևի արյունոտ ախորժակը միայն աճել է։
Եվ այսպես, ինչ էր ուզում ասել Փաշինյանը այսօր։ Նա ասում է, որ պատրաստ է տրամադրել Զանգեզուրյան միջանցքը Ադրբեջանին ոչ միայն ճանապարհի, այլև երկաթուղու տեսքով, սակայն պնդում է, որ ոչ մի փաստաթղթում նշում չկա այն մասին, որ ռուսական զորքերը պետք է հսկեն միջանցքը, այլ հայկականը։ Վերջինս հայտարարում է, որ պատրաստ է Իրանի տրանզիտ միջանցքի նման միջանցք տրամադրել ու դրա հետ բացարձակապես խնդիր չունի։ Փաշինյանը վստահաբար միջանցք տալու հետ խնդիր չունի, սակայն այդ խնդիրները կունենանք մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդն ու պետականությունն ընդհանուր առմամբ։ Ես այսպես, ինչի մասին է «համեստաբար» լռում Փաշինյանը։

Հերթական անգամ վստահեցնելով Ալիևին, որ ինքը տալու է միջանցքը, իսկ այդ երաշխիքը ամենայն հավանականությամբ Փաշինյանն արդեն տվել է, այլապես թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները միջանցքի վերջնական պատրաստ լինելու մասով հստակ ժամկետներ՝ 2029 թվական պարզապես չէին նշի։ Փաշինյանը մոռանում է ասել, որ ադրբեջանցիները չեն ընդունի որևէ ՀՀ զինծառայողի կամ ուժայինի կամ ոստիկանի ներկայություն այսպես կոչված միջանցքում, նրանք թույլ չեն տա որևէ հայ աշխատակցի ստուգել իրենց մեքենան կամ էլ բեռները։ Այդ մասին ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարարել է։ Եվ ինչ եք կարծում, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած ու Ալիևի ցեղասպանական գործողությունները  էթնիկ զտում չի եղել հայտարարությամբ սրբագրած Փաշինյանը չի՞ գնա հերթական զիջման ու չի՞ համաձայնի, որ միջանցքում, այնուամենայնիվ, հսկողություն իրականացնի մի այլ երրորդ ուժ, որը որոշակիորեն ընդունելի կլինի երկու կողմերի համար՝ օրինակ ռուսական կողմը, որը ընդունելի կլինի ադրբեջանցիների ու հայերի համար, կամ էլ թուրքական ներկայությունը, որը դեմ է հայկական շահին, բայց Փաշինյանը դրա հետ խնդիր չունի՝ դրա վառ ապացույցը Էրդողանի երդմնակալության արարողությանը Փաշինյանի ներկայությունն էր։ Կամ էլ Ալիևը կգնա մի պրիմիտիվ քայլի․ փոքրիկ բախում կհրահրի այսպես կոչված միջանցքի տարածքում ու կմտցնի զորքեր՝ իր քաղաքացիների անվտանգ ու հանգիստ երթևեկությունը միջանցքի երկայնքով ապահովելու համար։

Փաշինյանին սրբագրելու համար Ալիևը կարող է նաև լոկալ մարտեր հրահրել, որպեսզի հետո Փաշինյանն ասի, որ ադրբեջանցիները հարձակվեցին, զինվորները չկարողացան պահել դիրքերը ու այսքան մարդ փրկելու համար ստիպված է ստորագրել էքստերիտորիալ միջանցքի պայմանագիրը։

Ի դեպ, Փաշինյանը այս հայտարարության ժամանակ հերթական անգամ արձանագրեց նաև այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հրաժարվում է՝ դա պատճառաբանելով նոյեմբերի եռակողմ հայտարարության երկու կողմերի կողմից դրա անգործակցությամբ։ 

Իրեն հատուկ ոճով Փաշինյանը պարգև խոստացավ ցանկացած մեկին, ով Զանգեզուրի միջանցք տերմինաբանությամբ արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում, մոռանալով, որ Կրեմլում պայմանագրեր կարդալու ունակություն շատերն ունեն, իսկ այ Հայաստանում մարդկանց մոլորեցնելն այնքան էլ դժվար չէ՝ չափազանց հուզական ենք։

Ամենավերջին թարմ օրինակներից մեկը, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արցախում էթնիկ զտում չի եղել։ Ու դա բավական էր, որ հանրության մի զանգված անարգանքի սյունին խաչեր Զախարովային, մոռանալով, որ այդ մասին առաջինը հայտարարել է հենց ինքը՝ Փաշինյանը, իսկ մեր հանրության հիշողությունը կարճ է՝ փաստորեն չեն հիշում նման ճակատագրական հայտարարությունները։ Իսկ ինչու ռուսական կողմը պիտի ընդունի, որ այնտեղ էթնիկ զտում է եղել, դրանով փաստելով, որ իրենք էլ են հանցակից դարձել այդ ցեղասպանական գործողություններին՝ իրենց անգործությամբ, երբ ցեղասպանված ժողովրդի պետության ղեկավարն է մաքրագործում այդ ցեղասպանության հեղինակ Ալիևին։

Վերադառնալով միջանցք տերմինին,պարտադիր չէ միջանցքը ունենա հենց միջանցք անունը, այն կարող է լինել տրանզիտ միջանցք, ուղղակի ճանապարհ, սակայն իրականում ունենալ միջանցքի բովանդակություն։
Այսօր Փաշինյանը շեշտը դրեց նաև քարտեզներով դելիմիտացիան իրականացնելու վրա․ ոչ թե սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը նոր քարտեզ գծի, այլ Սովետական Միության կործանման ժամանակ եղած սահմաններով վերականգնվի։ Նա նաև նշեց, որ պետք է օկուպացված տարածքներ չլինեն, սակայն խոսեց նաև անկլավների մասին։ Ամենայն հավանականությամբ ամեն ինչ ծրագրվածով չի գնացել ու Փաշինյանը որոշակի հետքայլ է որոշել անել կամ էլ այդպիսի հուշում է ստացել։ Փաստացի, նա Ալիևին հորդորում է իրավական հիմքերով քարտեզը վերակենդանացնել և նոր միայն պայմանավորվածություններ ունենալ։

Հ․Գ․ Անդրադառնալով ադրբեջանցիների անվտանգ տեղաշարժին, Փաշինյանը տարօրինակ համեմատություն տարավ ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղաշարժի ու ադրբեջանցիների միջև՝ փաստացի ադրբեջանցիներին հավասարեցնելով ՀՀ քաղաքացիների հետ։ 
Բավականին զարմացնող էր նաև բանակի գոյությամբ ՀՀ պետականության գոյությունը պայմանավորելու մասին Փաշինյանի հայտարարությունը։ Վերջինս զարմացած հարցադրում արեց, արդյոք Ալիևն ակնարկում է, որ ՀՀ-ն չպետք է բանակ ունենա, բայց չէ որ այդպիսով կասկածի տակ է դրվում ՀՀ-ի գոյությունը։ Փաշինյանը սեփական հայտարարություններն արագ մոռանալու հակում ունի, ինքը չէ՞ր արդյոք, որ ասում էր՝ ուժեղ բանակը լավ զինված բանակը չէ և երկրի անվտանգությունը բանակով չէ, որ պետք է պայմանավորել։ Չլինի՞, թե Արցախը տանք, անկլավները տանք, միջանցքը տանք հանգիստ ապրելու բանաձևը իրենց ծրագրածով չի գնացել, ու արդյունքում իրենք չեն ստանա այն, ինչ պետք է ստանային։ Միգուցե սա է Փաշինյանի հանկարծակի «արթնացման» պատճառը, որ հանկարծ սկսեց հասկանալ բանակի դերն ու հայոց պետականության գոյության հարցում բանակի կարևորությունը։