Ո՞վ դատի կտա բանսարկուին

Ո՞վ դատի կտա բանսարկուին

Ռուսաստանցի ռազմական հարցերով փորձագետ Ալեքսանդր Փերինջիեւն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ «գլխավորելով Վերմախտի «Հայկական լեգեոնը» Գարեգին Նժդեհն սպանել է 20 000 խորհրդային քաղաքացիների, գերազանցապես խաղաղ մարդկանց»: Իրողություն է, որ ԱՊՀ երկրների Աշխաբադի գագաթաժողովի ելույթից հետո Իլհամ Ալիեւը վարձահրավիրել է ռուս եւ ադրբեջանցի մի խումբ պատմաբանների եւ քաղտեխնոլոգների, որոնք անընդմեջ թեժ են պահում Նժդեհի «ֆաշիստական կոլաբորացիոնիստ լինելու» թեման: Ակնհայտորեն խնդիր է դրված հասնել հայ-ռուսական հարաբերություններում լարվածության, ինչն Ադրբեջանին հնարավորություն կընձեռի Մոսկվայում առաջ մղել ԼՂ կարգավորման սեփական տեսլականը: Մենք, ցավոք, բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին:

Հակառակ պարագայում ակադեմիական գիտական հաստատությունները, որոնց ղեկավարները կառավարությունից հավելյալ գումար պահանջելիս մանավանդ այսօր չեն խորշում ոչնչից, ռուսաստանյան մամուլում հանդես կգային փաստարկված գոնե մեկ հոդվածով կամ կարձագանքեին Նժդեհի հասցեին նենգամիտ ցեխարձակումներին մամուլի ասուլիսով կամ, ինչու ոչ՝ միջազգային գիտաժողով հրավիրելով: Լռում են նաեւ պատկան մարմինները, հատկապես՝ ԱԱԾ-ն, որի արխիվներում պետք է որ պահվելիս լինի Նժդեհի ամբողջական գործը: Իսկ եթե այն ժամանակին տեղափոխվել է Մոսկվա, ապա հնարավոր չէ՞ միջպետական կամ միջգերատեսչական համաձայնությունների շրջանակում այն ետ պահանջել,  թվայնացնել եւ հասանելի դարձնել խնդրով մտահոգ բոլորին: Մինչ այդ, սակայն, հարկ ենք համարում մեջբերել Նժդեհի գործով մեղադրական եզրակացությունից որոշ հատվածներ՝ հղելով ՊԱԿ-ի պաշտոնաթող գնդապետ Վաչե Հովսեփյանի «Нжде и КГБ» գրքին, որը համացանցում պարզ որոնումով հասանելի է: Եւ այսպես. «Մեղադրական եզրակացություն թիվ 11278 քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանի՝ նախատեսված ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի 58-4 58-11 58-6 –ի 1-ին մաս հոդվածներով. Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը, հանդիսանալով «Դաշնակցություն» կուսակցության ղեկավարներից մեկը եւ դաշնակցական բանակի գեներալ, 1918թ. դաշնակցական կառավարության կողմից ուղարկվել է Զանգեզուր՝ կազմավորելու ազգայնական զինվորական ստորաբաժանումներ: Հանդիսանալով զինված ուժերի հրամանատար, իսկ 1921թ. նաեւ Զանգեզուրում դաշնակցական կառավարության վարչապետ, մարտեր է մղել խորհրդային բանակի դեմ: Նրա հրամանով գնդակահարվել են մի շարք կոմունիստներ եւ կարմիրբանակայիններ եւ նետվել Տաթեւի ժայռից: Մեղադրյալ Գ. Ե. Տեր-Հարությունյանը, հանդիսացել է 1921թ. փետրվար ամսին Հայաստանում դաշնակցական ավանտյուրայի գլխավոր կազմակերպիչներից մեկը»: Սրանով ավարտվում է 1918-21թ.թ. գործունեության համար Նժդեհին ներկայացված մեղադրանքը: Ինչ վերաբերում է «ֆաշիստների հետ համագործակցությանը եւ կոլաբորացիոնիզմին»՝ ապա կարդում ենք. «Մեղադրյալ Գ. Ե. Տեր-Հարությունյանը, հանդիսանալով Խորհրդային Միության անհաշտ թշնամի, 1941թ. իր մերձավոր ծանոթ, գերմանական գործակալ Սեմյոն Իվանավիչ Բուրեւի միջոցով կապ է հաստատել Բալկաններում գերմանական հետախուզական եւ հակահետախուզական մարմինների ղեկավար Օտտո Վագների հետ՝ «դոկտոր Դելիուս» մականունով, որի հանձնարարությամբ մեկնել է Բուխարեստ, Վիենա, Պլովդիվ, Սլիվեն, Շումեն քաղաքները՝ ընտրելու եւ գերմանացիներին ներկայացնելու անձանց՝ Խորհրդային Միության դեմ նրանց օգտագործելու նպատակով: Հետագայում մեղադրյալ Գ. Ե. Տեր-Հարությունյանը 1942թ. աշնանը գերմանական հետախույզ մայոր Դրումի հանձնարարությամբ մեկնել է Բեռլին: Իր օգնական Հայկ Ասատրյանի («Սմերշի» մարմինների կողմից ձերբակալված) միջոցով հավաքագրել է Բուլղարիայում ապրող 30 հայ մարդկանց, ուղարկել Բեռլին, որտեղ նրանք Հոխեն-բինդե գյուղում սովորել են հետախույզ- դիվերսանտների դպրոցում եւ հետագայում տեղափոխվել են Ղրիմ՝ Խորհրդային Հայաստան նրանց տեղափոխելու եւ լրտեսական ու դիվերսիոն աշխատանքի եւ Հայաստանի սահմաններին գերմանական զորքերի մոտենալու դեպքում ապստամբություն կազմակերպելու նպատակով: 1943թ. Գ. Ե. Տեր-Հարությունյանը մեկնել է Ղրիմ, հանդես եկել վերոնշյալ հետախույզ-դիվերսանտների առջեւ՝ կոչ անելով կատարել գերմանացիների հանձնարարությունները: Մեղադրյալ Գ. Ե. Տեր-Հարությունյանը 1942թ. մտել է գերմանական արեւելյան գրավյալ մարզերի նախարարության ստեղծած եւ Խորհրդային Միության դեմ պայքարում գերմանացիներին աջակցելու  եւ Հայաստանում Գերմանիայի հովանու ներքո բուրժուա-ազգայնական կառավարություն ստեղծելուն կոչված՝ «Հայկական ազգային խորհրդի» կազմի մեջ: Ոչ մի խոսք այն մասին, որ Նժդեհը եղել է Վերմախտի «Հայկական լեգեոնի» հրամանատարը եւ մասնակցել է Ղրիմի խաղաղ բնակչության ջարդերին՝ ինչպես ադրբեջանական քարոզչության խոսնակ Փերինջիեւն է ասում: Ընդսմին, մեղադրանքը կառուցված է «Սմերշի» կողմից ձերբակալված, ըստ երեւույթին՝ հատուկ հավաքագրված մի քանի անձանց «խոստովանական ցուցմունքներից» եւ ապացուցողական հիմք բացարձակապես չունի: Նախորդ հրապարակումներից մեկում ընդգծել ենք, որ Նժդեհի դեմ ցուցմունք տված Դեւեջյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել, նրա  քրեական գործը կարճվել է, իսկ ինքը՝ ստացել Ռումինիա արտագաղթելու իրավունք, որտեղից էլ անցել է Արգենտինա: Ի՞նչ ճակատագրի են արժանացել մյուսները՝ բաց աղբյուրներից պարզել չհաջողվեց: Փաստը մնում է փաստ. անգամ խորհրդային պատժիչ մարմինները Նժդեհին խաղաղ մարդկանց սպանության կամ Վերմախտի «Հայկական լեգեոնի» շարքերում ԽՍՀՄ դեմ զինված պայքար մղելու մեղադրանք չեն ներկայացրել: Մինչդեռ ռուսաստանցի ռազմական փորձագետը Նժդեհի ապօրինի դատավարությունից ավելի քան 70 տարի անց նրան մեղադրում է խորհրդային 20 000 խաղաղ մարդկանց ոչնչացնելու մեջ:

Այս նողկալի նենգամտությանն ո՞վ պիտի պաշտոնապես արձագանքի, ո՞վ դատի կտա Փերինիջիեւին եւ կպարտադրի, որ նա հրապարակավ հերքի ասածն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ խոնարհվելով Նժդեհի արձանի առջեւ: Սա ազգային պատվի եւ արժանապատվության հարց է: