Վանոն ոչ թե պիտի վերադառնա, արդեն պիտի վաղուց ստեղ լիներ

Վանոն ոչ թե պիտի վերադառնա, արդեն պիտի վաղուց ստեղ լիներ
Վանո Սիրադեղյան

Տարբեր առիթներով սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում բարձրացվում է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու հարցը։

Հեղափոխությունից հետո, հենց առաջին օրերին նման կոչեր հնչեցին, առաջիններից մեկը խոսեց ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը։ Ապա «օդում լուրեր» շրջանառվեցին, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանից մոտ 500 կիլոմետր  հեռավորության վրա է, որ նրա հարազատները նախաձեռնել են նրան Հայաստան վերադարձնելու հարցն ու անգամ փաստաբան վարձել։ Բայց խնդիրն այն է, որ գրեթե 20 տարի տարագրության մեջ գտնվող Սիրադեղյանն առողջական ու հոգեբանական այնպիսի վիճակում չէ, որ գա եւ մինչեւ գործի վերանայումն ընկած ժամանակն անցկացնի կալանավայրում։

Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, մեզ հետ զրույցում 3 անգամ ասաց․ «Չեմ կարող ասել»՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման իրավական գործընթաց նախաձեռնե՞լ են, եւ պարոն Սիրադեղյանն արդյոք ցանկանո՞ւմ է վերադառնալ։ 
Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանն էլ ասաց, որ տեղեկացված չէ՝ իրո՞ք փաստաբան է վարձվել, նման պրոցես կա՞, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք ինքը՝ Արփին, եղբայրը՝ Դավիթը, որ հայրը վերջապես գա, ասաց․ «Իհարկե, ո՞վ չի ցանկանա, որ իր ծնողն իր կողքին լինի։ Իմ կարծիքով՝ նա շատ է ուզում վերադառնալ, սակայն իրողությունները թույլ չեն տալիս»։ Արփին ամփոփեց․ «Հույսեր կապում ենք նոր իշխանությունների արդարադատության հետ։ Հույս ունեմ նաեւ, որ դաժան ժամանակները մնացել են անցյալում»։
Վանո Սիրադեղյանն իր բացակայության 20 տարիներին մշտապես ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ, հետաքրքրական է՝ ինչո՞ւ են Սիրադեղյանի վերադարձի կոչերը հնչում, ձեւակերպվում ոչ թե պաշտոնապես՝ նրա կուսակցության՝ ՀՀՇ-ի եւ ՀՀՇ-ի իրավահաջորդ ՀԱԿ-ի մակարդակով, այլ ընկերների, անհատների։

Այս հարցը ՀԱԿ փոխնախագահին եւ վարչության անդամներին տալ չհաջողվեց, քանի որ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը չպատասխանեցին։ Իսկ ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք բարձրացրել ենք, ես՝ անձամբ, կուսակցության անդամները, կուսակցության վարչության անդամներից ոմանք բարձրացնում են, Արամ Մանուկյանին են հարց տվել, նա է պատասխանել, որ անհրաժեշտ է Վանոյի վերադարձը, բոլորս էլ Ֆեյսբուքով, համացանցով քննարկում ենք, բարձրացնում ենք, մենք ուրիշ ամբիոն չունենք, որ այնտեղ էդ խնդիրը շոշափվի։ Դա լրիվ բավարար է, ես գտնում եմ, որ կուսակցությունը պաշտոնապես նման հարց չի կարող բարձրացնել»։ Աշոտ Մանուկյանը չգիտի՝  մարդիկ եղե՞լ են, որ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցը քննարկել են, բայց որպես ամփոփում ասաց․ «Վանոյի վերադարձը հրամայական է, դա առաջին անհրաժեշտության հրամայական է, Վանոն ոչ թե պիտի վերադառնա, Վանոն արդեն պիտի վաղուց ստեղ լիներ։ Բայց ստեղ չի»։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է 1999-ի փետրվարի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 9 դրվագից։ Մի շարք փաստաբանների, այդ թվում՝ Երվանդ Վարոսյանի մեկնաբանությամբ՝ Վանո Սիրադեղյանը  հանգիստ արդեն կարող էր լինել Հայաստանում, քանի որ նրա նկատմամբ վաղուցվանից կարող էր կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը։ Նշենք, որ թեեւ վաղեմության ժամկետը հաշվվում է հանցագործությունը կատարելու պահից, իսկ հետախուզում հայտարարվելուց այն կասեցվում է (հետախուզումը՝ 2000-ի ապրիլից), սակայն այս դեպքում էլ նախատեսված է ժամկետ, որը լրանալուց հետո անձը, միեւնույն է, ազատվում է պատասխանատվությունից։ Ըստ գործող օրենսգրքի՝ հետախուզման մեջ գտնվող, քննությունից թաքնվող անձանց համար այս ժամկետը 20 տարի է, որը նախկինում եղել է 15 տարի։ Այսինքն, ըստ փաստաբանի, այդ ժամկետը պետք է հաշվվի ոչ թե 20, այլ 15 տարի, քանի որ օրենքի ծանրացնող դրույթները հետադարձ ուժ չեն կարող ունենալ։

Վանո Սիրադեղյանի 70-ամյակին նվիրված «Ձեռքդ ետ տար ցավի վրայից…» ֆիլմի հեղինակ Արայիկ Մանուկյանն էլ ասաց․ «Իհարկե, ես՝ անձամբ, շատ կուզեմ, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: Ավելին, ես կուզեի, որ Վանո Սիրադեղյանը գնացած չլիներ, միշտ լիներ Հայաստանում: Այդպիսով մենք պետականության նկատմամբ այլ վերաբերմունք կունենայինք: Կուզեի, անշուշտ, որ Վանո Սիրադեղյանի «գործն» ամենայն մանրամասներով քննված, ավարտված լիներ, հանրությունն իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստացած լիներ:

Վանո Սիրադեղյանը՝ ինքն անձամբ էլ, վստահ եմ, դա է ուզում, որովհետեւ ինքը վերադարձավ Հայաստան եւ ամենայն բարեխղճությամբ մասնակցում էր դատավարությանը: Բայց ժամանակի իշխանությունը չուզեց, որ նա մասնակցի դատավարությանը, կարծում եմ: Բայց այսօր Վանո Սիրադեղյանի վերադարձի խնդիրը, համոզված եմ, շատ անձնական խնդիր է: Շատ: Գրեթե 20 տարի մարդը Հայաստանում չէ, 20 տարի մարդու կյանքից անցել է, անցած 20 տարին մարդու կյանքը փոխել է, այլ իրավիճակ է ստեղծել մարդու կյանքում, ու որքան էլ մենք ուզենանք, որ նա վերադառնա, այդ խնդիրը նրա ու նրա ընտանիքի որոշման խնդիրն է՝ կարծում եմ, ու մեր խցկվելն այդտեղ բոլորովին անտեղի է:

Ոչ մեկ էդտեղ աչքի ընկնելու խնդիր չպետք է ունենա»։ Մի խնդիր է, ըստ Արայիկ Մանուկյանի, թե պետությունն ու իշխանությունն ինչպես կձեւակերպեն Վանո Սիրադեղյանի «գործի» նկատմամբ իրենց վերաբերմունքը, ինչպես կարտահայտվեն, ինչ որոշումներով կամ քաղաքական կամքով կարտահայտեն իրենց դիրքորոշումը, մեկ այլ խնդիր է Վանո Սիրադեղյանի անձնական ցանկության կամ որոշման հարցը: Ուստի Արայիկ Մանուկյանն ասում է․ «Նրա հստակ ուղերձը՝ իր կյանքին խառնվելու մասով, պետք է որոշիչ լինի: Նույնիսկ եթե իշխանության քաղաքական կամքն առկա է՝ նրան վերադարձնելու»։